• Latest news

Ռուբենի մայրը համաձայն չէ ՊՆ պաշտոնյաների հետ. Գերմանիայում բուժումն իր պտուղներն է տալիս (ֆոտո)

26 հունվարի, 2017  22:43

Անցած տարվա ապրիլին 20-ամյա Ռուբեն Առաքելյանը ողնաշարի շրջանում ծանր վիրավորում էր ստացել, որի հետեւանքով նրա վերջույթները գործնականում անշարժացել էին: Շատ մասնագետներ պնդում էին, որ Ռուբենը ոչ միայն չի կարողանա քայլել, այլ նույնիսկ շարժել ձեռքերը: Սակայն այսօր՝ 9 ամիս անց, Ռուբենը կարողանում է ձախ ձեռքով ինքնուրույն ուտել, օգտվել հեռախոսից եւ տեղաշարժվել հատուկ սայլակով:

2016 թվականի հունիսից Ռուբենը բուժվում է Գերմանիայում՝ Բոննի կլինիկաներից մեկում, եւ այս բուժումը, ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, իր պտուղներն է տալիս՝ օրեցօր տղայի վիճակն ավելի է բարելավվում: Վերականգնողական մասնագետները նրան հատուկ մերսման սեանսներ են կատարում, ակտիվորեն աշխատում են Ռուբենի ձեռքերի եւ ոտքերի հետ, որպեսզի առավելագույնս վերականգնեն դրանց զգայունությունը եւ շարժունակությունը:

Նրա ձախ ձեռքն արդեն միանգամայն շարժունակ է, հետեւաբար այժմ հատուկ ուշադրություն է դարձվում աջ ձեռքին, եւ եթե նախկինում նա այն ընդհանրապես չէր զգում եւ չէր կարողանում շարժել, ապա վերջերս արդեն սկսել է շարժել ուսի մկանները: Ավելին՝ վերջերս Ռուբենը զգացել է ձեռքին ներարկման ցավը, ինչպես նաեւ ջրի ջերմաստիճանը, որով ձեռքը լվացել են՝ այն տաք էր եղել: Գերմանացի մասնագետների խոսքով՝ դրանք լավ նախանշաններ են՝ Ռուբենը երիտասարդ է ու ոգով ուժեղ, եւ նրա օրգանիզմը կշարունակի վերականգնվել, իսկ վերջույթների շարժունակությունը կբարելավվի:

Պաշտպանության նախարարության պաշտոնյաների կարծիքի հետ՝ իբր Գերմանիայում բուժումը ոչ մի հույս չի արդարացրել, համաձայն չեն ո՛չ ինքը Ռուբենը, ո՛չ նրա հարազատները. նրա բուժման մեջ առաջընթացն ակնհայտ է, եւ հազիվ թե դա հնարավոր լինի հերքել: Իհարկե, հայ բժիշկները փրկել են Ռուբենի կյանքը եւ նրա համար շատ բան են արել, սակայն եթե նա Հայաստանում մնար, հայտնի չէ՝ կկարողանար հասնել այն արդյունքներին, որոնց այսօրվա դրությամբ հասել է:

Ե՛վ Ռուբենը, եւ՛ նրա մայրը, իրենց խոսքով, Հայաստանը շատ են սիրում եւ շատ են ցանկանում վերադառնալ: Սակայն ներկայումս Ռուբենը հատկապես Գերմանիայում կկարողանա վերականգնողական բուժում ստանալ, որը նրան այնքան անհրաժեշտ է: Իհարկե, գերմանացի բժիշկներն այնքան էլ շփվող եւ բարյացակամ չեն, ինչպես հայ բժիշկները, եւ հիվանդիների ու բժիշկների հարաբերություններն այնտեղ ավելի «չոր» են, սակայն իրենց աշխատանքը նրանք բարեխղճորեն են կատարում եւ Ռուբենի նկատմամբ շատ ուշադիր են, նշեց տիկին Անահիտը:

Նրա խոսքով՝ դրանից բացի, Բոննը հրաշալի է հարմարեցված հաշմասայլակով տեղաշարժվող մարդկանց համար, ուստի Ռուբենը կարող է քաղաքում ինքնուրույն տեղաշարժվել, օգտվել հասարակական տրանսպորտից եւ խանութներից:

«Վերջերս տեղացի հայերը մեզ հրավիրեցին քաղաքում զբոսնելու: Երբ մտանք մետրո, ես զարմացած էի, թե ամեն ինչ որքան հարմարավետ է կառուցված հաշմաայլակով մարդկանց համար: Ամբողջ տրանսպորտը հարմարեցված է այդպիսի մարդկանց համար, վարորդն իջնելով նրանց օգնում է բարձրանալ: Սայլակին գամված մարդն այստեղ ոչ մի անհարմարավետություն չի զգում: Ցավոք, Հայաստանում այսպիսի հարմարություններ չկան, եւ սայլակով մարդիկ չեն կարող մետրոյից ու հասարակական տրանսպորտից օգտվել: Եթե մենք Հայաստանում լինեինք, կասկածում եմ, որ Ռուբենը կկարողանար հիվանդանոցի դարպասներից հեռու ինչ-որ տեղ գնալ»,- ասաց տիկին Անահիտը:

Ռուբենի խոսքով՝ ինքը ցանկանում է շուտ վերադառնալ հայրենիք, եւ դա կանի հենց իր վիճակը թույլ տա եւ հնարավոր բոլոր բուժումները ստանա: Մինչ այդ Ռուբենը եւ նրա մայրը ապրում են հիվանդանոցում եւ ուշադիր հետեւում են մյուս հայ զինվորների մասին նորություններին:

«Կցանկանայի, որ մեր երկրում խաղաղություն լիներ, եւ բոլոր զինվորները ծառայությունից տուն վերադառնային առողջ: Թող մենք վերջին մայրերը լինենք, որոնք նման բանի են բախվել»,- ասաց տիկին Անահիտը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է