• Latest news

Հայաստանում հայտնաբերվել են կեղծված Պրեստանս եւ Ցեֆտրիակսոն-Աստերիա. ԱՆ (ֆոտո)

21 փետրվարի, 2017  13:34

Հայաստանում հայտնաբերվել են հակաբիոտիկ Ցեֆտրիակսոն-Աստերիա (1 գրամ) եւ ճնշում իջացնող Պրեստանս (5 մգ/10 մգ, N30, սերիա՝ 0590516, պիտանիության ժամկետը՝ 11.2018) կեղծ դեղերը: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Առողջապահական նախարարության աշխատակազմի Առողջապահության պետական տեսչության պետի պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը եւ «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Հակոբ Թոփչյանը:

Սամվել Պուրտոյանը հայտնեց, որ հայկական դեղագործական «Աստերիա» ընկերության բողոքների հիման վրա, որը Հայաստանում ցեֆտրիակսոնի պաշտոնական ներկայացուցիչն է, վարչական վարույթ է սկսվել: Կասկած առաջացրած դեղերն ուղարկվել են Դեղերի փորձագիտական կենտրոն, որը հաստատել է դեղերի կեղծ լինելը: Այդ դեղերը հայտնաբերվել են Երեւանի, Արմավիրի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի մարզերի 13 դեղատներում:

Սամվել Պուրտոյանի խոսքով՝ Արմավիրի, Շիրակի մարզերում եւ Երեւանում տեսչության նախաձեռնած վարչական վարույթի ընթացքում 6 դեղատներում հայտնաբերվել է Պրեստանս (5 մգ/10 մգ, N30, սերիա՝ 0590516, պիտանիության ժամկետը՝ 11.2018) կեղծ դեղը: Ըստ նրա՝ կեղծ եւ օրիգինալ դեղի տարբերությունն այն է, որ օրիգինալ դեղի սերիան վեցանիշ է, իսկ կեղծինը՝ յոթանիշ:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝ Պրեստանս դեղերի վրա հսկիչ դրոշմապիտակ չի եղել, իսկ Ցեֆտրիակսոնի վրա եղել է, բայց ստուգմամբ պարզվել է, որ այն ուրիշ դեղերից է վերասոսնձվել:

Սամվել Պուրտոյանը հրաժարվեց հրապարակել դեղատների անունները՝ վկայակոչելով քննության ընթացքի մեջ լինելը, նաեւ չկարողացավ ասել, թե այս դեղերը դեղատներում որտեղից են հայտնվել: Նրա խոսքով՝ այս հարցի պատասխանը պետք է քննությունը տա: Նա հավելեց, որ քրեական գործ է հարուցվել, եւ խոսքը ոչ թե վարչական տուգանքներին է վերաբերում, այլ քրեական պատասխանատվությանը:

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը նախ որոշեց պարզաբանել, թե օրենքի համաձայն ինչ է նշանակում կեղծ դեղ. «Կեղծ դեղը չի նշանակում ակտիվ նյութի կեղծում, դեղի հետ կապված ցանկացած տարրի կեղծման դեպքում այն կեղծ է համարվում: Մեր հայտնաբերած Պրեստանս դեղերն ամբողջովին կեղծված փաթեթավորւմ ունեին: Նախ՝ սերիան յոթանիշ էր, գունավորման երանգը՝ այլ, փաթեթի կտրվածքի ձեւը նույնպես օրիգինալից տարբերվում էր: Արտադրության վայրը ցույց տվող շտրիխ կոդը նույնպես չի համապատասխանում օրիգինալին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ փաթեթների ուլտրամանուշակագույն հետազոտությամբ պարզվել է, որ դրանք պատրաստվել են ոչ գործարանային պայմաններում:

«Միաժամանակ, մենք արտադրողին՝ Servier ընկերությանը, որը մեզանից դեղորայքի խմբաքանակ է խնդրել, տեղեկացրել ենք, որպեսզի ամբողջական նույնականացում կատարի: Բայց նախնական տվյալներով, որոնք ես ներկայացրեցի, ընկերությունն արդեն ընդունել է, որ Պրեստանսի (5մգ/10մգ) այդ խմբաքանակը կեղծ է»,- նշեց նա՝ հավելելով, որ Փորձագիտական կենտրոնի տվյալներով՝ կեղծվել է ոչ միայն այդ չափաբաժինը, այլեւ ամբողջ շարքը: Մասնավորապես, 10մգ/5մգ չափաքանակով դեղին փաթեթավորումը նույնպես ամբողջությամբ տարբերվում է օրիգինալից, բայց այդ նմուշները դեռեւս հետազոտվում են:

Ինչ վերաբերում է Պրեստանսում առկա ակտիվ նյութերին, ապա փորձաքննությունը, Հակոբ Թոփչյանի խոսքով, շարունակվվում է, եւ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նա նշեց, որ փորձաքննությունից հետո պարզ կդառնա, դեղամիջոցը կեղծ է քիմիական բաղադրությա՞մբ, թե՞ պարզապես վերափաթեթավորել են ժամկետանց դեղորայքը: Նրա խոսքով՝ դատելով փաթեթավորումից, այս Պրեստանսը Ռուսաստանում են փաթեթավորել, սակայն գրությամբ այն տարբերվում է Հայաստանում եւ Ռուսաստանում գրանցված փաթեթավորումից:

«Այսօր երեկոյան մենք նախնական կհաղորդենք, թե ինչ ակտիվ նյութ կա Պրեստանսում: Մենք պետք է ամբողջությամբ ստուգենք՝ հասկանալու համար, արդյո՞ք դա Servier-ի վերափաթեթավորված արտադրանքն է, թե բոլորովին այլ բան: Այդ հարցին կպատասխանենք մի քանի օրից, եւ պատասխանը հիմնված կլինի Servier ընկերության եզրակացության վրա»,- ասաց նա:

Փորձագիտական կենտրոնի եւ առողջապահության նախարարության հատուկ հրամաններ են մշակվել՝ այդ դեղամիջոցները հետ կանչելու եւ ոչնչացնելու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է