• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում փրկել են վերին միջընդերային եւ ազդրային զարկերակի սուր թրոմբոէմբոլիայով հիվանդին (ֆոտո)

12 ապրիլի, 2017  12:26

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժները փրկել են վերին միջընդերային եւ ազդրային զարկերակի սուր թրոմբոէմբոլիայի համադրությամբ հիվանդին:

Վերջին տասնամյակների ընթացքում, չնայած վիրաբուժական սուր հիվանդությունների ախտորոշման եւ բուժման զգալի հաջողություններին, միջընդերային զարկերակների սուր էմբոլիաների հարցում կանխատեսումները մխիթարական չեն, քանի որ այս պատճառով ներհիվանդանոցային մահացությունը կազմում է 59-93 տոկոս: Միջընդերային զարկերակների թրոմէմբոլիայի ավելի քան 20 տոկոս դեպքերում էմբոլիաները բազմաթիվ են լինում, որոնք տեղակայվում են տարբեր զարկերակներում եւ օրգաններում, որը էլ ավելի է վատացնում հիվանդության կանխատեսումը:

Որովայնային խոռոչի այս կամ այն օրգանի զարկերակի թրոմբոէմբոլիա կասկածելու դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է բացառել միջընդերային զարկերակների էմբոլիան: Արագ ախտորոշումը, վիրաբուժական ճիշտ մոտեցումը եւ ինտենսիվ բուժումը կարող են զգալիորեն բարելավել կանխատեսումները եւ նվազեցնել մահացությունը:

2017 թվականի մարտի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք է դիմել 72 տարեկան Ա. Է.-ն եւ հոսպիտալացվել վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիվանդի բողոքները ի հայտ են եկել եւ զարգացել են ԲԿ դիմելուց մեկ օր առաջ (հիվանդության պատմության մեջ նշված էր, որ նրա մոտ շողացող առիթմիա կա, հետթրոմբոերակաբորբի համախտանիշ):

ՀՏ-անգիոգրաֆիայով պարզվել է ընդհանուր պատկերը՝ որովայնային աորտայի եւ նրա ճյուղերի ստենոզ, վերին միջընդերային զարկերակի աջ ճյուղի էմբոլիա (նկար 1), աջ ազդրի ընդհանուր զարկերակի էմբոլիա (նկար 2), փայծաղի կիստոզային հետինֆարկտային բնույթի առաջացումներ:

Նկար 1

Վերին միջընդերային զարկերակի աջ ճյուղի էմբոլիայի համակարգչային տոմոգրաֆիայի պատկերը

Նկար 2

Փայծաղի կիստոզային հետինֆարկտային բնույթի առաջացումների ՀՏ պատկերը

Ըստ կենսական ցուցանիշների՝ ընդհանուր եւ կրծքավանդակի վիրաբուժական բաժանմունքի ընդհանուր վիրաբույժների խումբը՝ բ.գ.թ, դոցենտ Արտակ Վարդանյանի ղեկավարությամբ նույն օրն իսկ կատարել է միջին լապարոտոմիա:  Ինտրավիրահատական ստուգմամբ հայտնաբերվել է բարակ աղիի դիստալային 2/3-ի, ամբողջ իլեումի եւ լայնական աղիի աջ կեսի մեռուկացում (նկար 3):

Նկար 3

Ինտրավիրահատական ստուգմամբ հայտնաբերվել է բարակ աղիի դիստալային 2/3-ի, ամբողջ միջընդերային եւ խթաղիի աջ կեսի  մեռուկացում

Կենսունակությունը պահպանված էր միայն բարակ աղիի մոտակա հատվածում՝ 50-60 սմ հեռավորությամբ Տրեյտցի կապից, նաեւ հաստ աղիի ձախ կեսում՝ ներառյալ սիգմայաձեւ եւ ուղիղ աղին (նկար 4):

Նկար 4

Աղիների կենսունակ հատվածը

Կատարվել է աղիների մեռուկացած հատվածների հատում՝ եյունա-տրանսվերզոանաստոմոզի կողք–կողք տեղադրմամբ երկշերտ հանգուցային կարերով:

Լապարոտոմային վերքը կարելուց հետո անոթային վիրաբույժների խումբը՝ լազերային եւ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արամ Բադալյանի ղեկավարությամբ կատարել է աջ ազդրի ընդհանուր եւ խորանիստ զարկերակի էնդարտերեկտոմիա, ալոպրոթեզով պրոֆունդոպլաստիկա (հայտնաբերվել է ազդրի մակերեւութային զարկերակի ելանցքի քրոնիկ օկլյուզիա, էմբոլով փակված էր ազդրի ընդհանուր զարկերակը, առկա էր անոթների կոշտ ֆիբրոկրակալում, այդ թվում՝ ազդրային խորանիստ զարկերակի մինչեւ 5 սմ երկարությամբ (նկար 5):

Նկար 5

Ընդհանուր եւ ազդրային խորանիստ զարկերակի էնդարտերեկտոմիա, ալոպրոթեզով պրոֆունդոպլաստիկա

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, աղիների գործունեությունը վերականգնվել է երրորդ օրը: Աջ ստորին վերջույթի սուր իշեմիան ամբողջովին վերացել է՝ առանց հետիշեմիկ բարդությունների: Կրկնակի դոպլեր հետազոտություններից հետո հիվանդը տեղափոխվել է ընդհանուր վիրաբուժական բաժանմունք, որտեղից առողջացած դուրս է գրվել 10-րդ օրը:

Աղիների սուր հիպոպերֆուզիան 4 տեսակ ունի: Ավելի հաճախակի պատճառը (դեպքերի 40-50 տոկոսի) զարկերակային էմբոլիան է: Կարդիոգեն էմբոլիան սուր միջընդերային իշեմիայի առավել տարածված պատճառն է: Հաճախականությամբ 2-րդ տեղը գրավում են սուր միջընդերային թրոմբոզները (25-30 տոկոս): Ոչ օկլյուզիվ միջընդերային իշեմիան առաջանում է սրտի ցածր արտամղման դեպքում՝ համադրված միջընդերային վազոկոնստրիկցիայի դիֆուզիայով: Միջընդերային երակների թրոմբոզը որովայնային խոռոչի օրգանների իշեմիայի համեմատաբար հազվադեպ հանդիպող պատճառ է (10 տոկոսից փոքր-ինչ ավելի): Աորտայից ելքի սուր անկյան եւ մեծ տրամագծի հետ կապված միջընդերային վերին զարկերակը ավելի է ենթակա էմբոլիայիով ախտահարվելուն:

Կատարված հետազոտություններով ընդամենը 2 դեպք է հայտնաբերվել, երբ եղել է միջընդերային զարկերակի եւ ստորին վերջույթի սուր իշեմիայի համադրություն (գրականության մեջ նկարագրված է վերին միջընդերային զարկերակի եւ ուսային զարկերակի թրոմբոէմբոլիայի համադրության դեպք, երբ ուշ ախտորոշումը հանգեցրել է վերին վերջույթի անդամահատման):

Մեծ բարդության, իր տեսակով եզակի վիրաբուժական միջամտությունը, որն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ-ի բազմապրոֆիլ, բարձրորակավորման վիրաբույժների խումբը՝ մարտավարության ճիշտ ընտրությամբ եւ պրոֆիլային վիրաբույժների գործողությունների հետեւողականությամբ, ապահովել է ոչ միայն հիվանդի կյանքի փրկությունը, այլեւ կանխել է վերջույթի անդամահատումը եւ նրա հաշմանդամ դառնալը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է