• Latest news

Տիեզերական բժշկություն. ի՞նչ պետք է իմանալ Մարս թռչելիս

7 հունիսի, 2017  10:45

Մենք հազվադեպ ենք մտածում, թե ինչ կպատահի, եթե օդանավի ուղեւորներից մեկը սրտի կանգ ունենա Ատլանտիկայի երկնքում: Իսկ եթե դա տեղի ունենա տիեզերանավո՞ւմ: Սակայն կան մարդիկ, որոնք մտածում են. Ժնեւում ընթացել է Euroanaesthesia-ի համագումարը, որի թեմաներից մեկն էր տիեզերքում, օդանավում եւ կապից զուրկ այլ փակ տարածքներում արտակարգ իրավիճակները:

Քննարկմանը մասնակցել են գիտնականներ, բժիշկներ, նաեւ նախկին տիեզերագնացներ եւ մարդիկ, ում մասնագիտությունը սերտորեն կապված է տիեզերքի եւ ավիաթռիչքների հետ:

Տիեզերական բժշկությունը եւ օդանավում կամ տիեզերական սարքում արտակարգ իրավիճակի ժամանակ ցույց տրվող օգնությունը ինչո՞վ են տարբերվում Երկրի վրա ցույց տրվող բժշկական օգնությունից:

Առաջին հերթին, իհարկե, պաշարների սահմանափակությամբ: Անհնար է տիեզերական սարքում տեղակայել ներկայումս գոյություն ունեցող բոլոր բժշկական սարքերն ու դեղամիջոցները: Դրանից բացի, եթե միակ օրինակով առկա բժշկական սարքավորումը շարքից դուրս գա, այն վերանորոգելու հնարավորությունները շատ սահմանափակ կլինեն: Այստեղ սահմանափակ են անգամ հեռաբժշկության հնարավորությունները՝ Մարսի հետ Երկրի ակնթարթային կապ չի լինի, անհնար կլինեն իրատեսական ժամանակում խորհրդատվությունները:

Երկրորդ՝ անչափ կարեւոր է ըմբռնումը, որ այն օգնությունը, որը Երկրի վրա կարող էին տուժողին ցույց տալ, օդում եւ տիեզերքում հնարավոր է ստանալ միայն սահմանափակ ծավալով. անհնար է յուրաքանչյուր անձնակազմի մեջ ընդգրկել բոլոր ճյուղերի մասնագետներին: Ավելին՝ բժիշկ մասնագետը նույնպես կարող է տուժել հիվանդության կամ դժբախտ պատահարի հետեւանքով, այդ պատճառով փակ տարածքներում առանձնապես սուր է դրված անձնակազմի փոխադարձ փոխարինելիության հարցը:

Երրորդ՝ տիեզերական տարածքների բժշկությունն անկասկած իր առանձնահատկություններն ունի նաեւ հիվանդությունների բնույթի տեսակետից:

«Տիեզերական միջավայրի ազդեցությունն ինքնին խանգարում է օրգանիզմի ֆիզիոլոգիական համակարգերի մեծ մասի նորմալ գործառնությանը: Տիեզերքը կարող է արագացնել մեծ թվով հիվանդությունների սկսվելը, ինչպիսին են՝ սիրտ-անոթային պաթոլոգիաները, սուր ճառագայթային համախտանիշը, հիպոբարիկ դեկոմպրեսիոն հիվանդությունը եւ օսթեոպորոտիկ կոտրվածքները»,- իր զեկույցում նշել է Լոնդոնի Չարինգ-Քրոս հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի եւ անեստեզիայի խորհրդական, դոկտոր Մաթյե Կոմորովսկին:

Չորրորդ՝ Լուսնի կամ Մարսի մակերեւույթ արշավները ժամանակի առումով զգալիորեն երկարատեւ կլինեն, որը եւս իր առանձնահատկություններն է փոխանցում, օրինակ՝ մասնակիցների հոգեբանական վիճակին, նրանց էմոցիոնալ կայունությանը, ընդհանուր կենսագործունեությանը եւ ամբողջ նվիրվածությամբ գործելու հնարավորությանը:

Համագումարը մի քանի եզրակացություններ է կատարել, որոնք կարեւոր են ապագա մարսյան արշավի համար:

Անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ընդարձակ տեղեկություններ ունենա արտահերթ բժշկական օգնություն ցույց տալու մեթոդների, նաեւ վիրաբուժական եւ վերակենդանացման հմտությունների մասին:

Ցանկալի է անձնակազմի անդամների համատեղելիությունը ըստ արյան խմբերի, որ անհրաժեշտության դեպքում ուղղակի փոխներարկում կատարելու հնարավորություն լինի:

Ամբողջ սարքավորումը պետք է կրկնակի լինի, դրանից բացի՝ պետք է լինի պահեստամասերի կրկնակի լրակազմ:

Բժշկական դեղամիջոցների հավաքածուն պետք է ավելցուկով կազմվի:

Անձնակազմը պետք է պատրաստ լինի, որ միկրոգրավիտացիայի պայմաններում մի քանի անգամ բարդանում է սիրտ-թոքային վերակենդանացման կատարումը, քանի որ բացակայում է սեփական քաշով տուժողի վրա ազդելու հնարավորությունը: Այս պատճառով շատ կարեւոր է խնդրի արագ նույնականացումը եւ այն լուծելու միջոցառումների անհապաղ ընդունումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել