Եվրոպան ալկոհոլի օգտագործման մակարդակով համաշխարհային առաջնորդն է, ըստ որում` 15 տարեկանից մեծ եվրոպացիների 20 տոկոսից ավելին շաբաթական առնվազն մեկ անգամ հարբում է: Արդյունքում` Եվրոպայում է գրանցվել առողջության վատթարացման եւ վաղաժամ մահվան ամենաբարձր տոկոսը, որոնք անմիջականորեն կապված են ալկոհոլի հետ: Այս մասին նշված է United European Gastroenterology-ի (UEG) զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:
UEG-ի տվյալներով` ԵՄ քաղաքացիները օրական միջինը 2 չափաբաժին ալկոհոլ են օգտագործում, որը 21 տոկոսով մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը` լրացնելով մարսողական համակարգի մյուս քաղցկեղային հիվանդությունները: Ըստ որում` զեկույցում նշված է, որ ԵՄ բոլոր 28 երկրներում ալկոհոլային խմիչքների օրական միջին օգտագործումը «չափավոր» է եղել` օրական 1-ից մինչեւ 4 բաժակ: «Ծանր» խմողների մոտ,- օրական 4 կամ ավելի բաժակ,- մեծանում է նաեւ ենթաստամոքսային գեղձի, լյարդի եւ ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Քաղցկեղի այս 3 տեսակները կոլորեկտալ եւ կերակրափողի քաղցկեղի հետ միասին համարվում են աշխարհում մարսողական համակարգի ամենատարածված ուռուցքային հիվանդությունները, որոնց հետեւանքով տարեկան մոտ 3 մլն մարդ է մահանում: Այս հիվանդություններն են պատասխանատու նաեւ քաղցկեղի հետեւանքով գլոբալ մահացության ավելի քան երրորդ մասի համար: Հետազոտությամբ եվրոպական եւ ոչ մի երկրում չի հայտնաբերվել ալկոհոլի «թեթեւ» օգտագործում` օրական միջինը 1 կամ ավելի քիչ բաժակ:
Ըստ որում` եվրոպացիների գրեթե 90 տոկոսը նույնիսկ չի կասկածում ալկոհոլի եւ քաղցկեղի կապի մասին, հայտնում են UEG-ից եւ կոչ անում բնակչությանը հստակ ու հետեւողականորեն իրազեկել առողջության համար ալկոհոլի օգտագործման վտանգների մասին: Մարսողական օրգանների հիվանդությունների առաջատար մասնագետ , պրոֆեսոր Մարկուս Պեկի կարծիքով` հիմնական խնդիրներից մեկն այն է, «թե եվրոպական հասարակության շրջանում որքան խորն է ներդրված ալկոհոլի օգտագործումը»` ե´ւ սոցիալական, ե´ւ մշակութային տեսանկյունից:
Ներկայում անհրաժեշտ է քաղաքական միջոցառումներ իրականացնել, մասնավորապես` գնային կարգավորում մտցնել եւ խստացնել ալկոհոլային արտադրանքի սպառման կանոնները, կարծում է Պեկը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` եվրոպացին տարեկան միջինը 11,2 լիտր ալկոհոլ է օգտագործում` 20 տոկոսով ավելի շատ միջին ամերիկացուց եւ 2 անգամ ավելի շատ աֆրիկացուց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր