• Latest news

Օրալ սեքսը սպառնում է անբուժելի գոնորեայով. նախազգուշացնում է ԱՀԿ-ը

8 հուլիսի, 2017  13:51

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) մտահոգված են հակաբիոտիկների նկատմամբ այն բակտերիաների կայունությամբ, որոնք գոնորեա են հարուցում: Սա մեծապես դժվարացնում է այս տարածված հիվանդության բուժումը, որը սեռական ճանապարհով է փոխանցվում, հայտնում է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը:

ԱՀԿ-ի վերարտադրողական առողջության դեպարտամենտից բժիշկ Թեոդորա Վիի խոսքով` փորձագետները Ճապոնիայում, Ֆրանսիայում եւ Իսպանիայում 3 դեպք են գրանցել, երբ բժիշկները բախվել են  գոնորեայի անբուժելի ձեւի հետ: «Միանգամայն հնարավոր է, որ այս տեղեկությունները սոսկ այսբերգի գագաթն են, քանի որ ախտորոշման համակարգերը եւ անբուժելի ինֆեկցիայի դեպքերի գրանցումը հաճախ բացակայում է եկամուտների ավելի ցածր մակարդակով երկրներում, որոնց էլ հենց հատուկ է գոնորեաի մեծ տարածվածությունը»,- ընդգծել է նա:

Գոնորեան կարող է ախտահարել սեռական օրգանները, ուղիղ աղին եւ կոկորդը, եւ հատկապես վերջին հանգամանքն է առանձնապես մտահոգում առողջապահության ոլորտի փորձագետներին: Վիի պարզաբանմամբ` հակաբիոտիկները կարող են նպաստել գոնորեայի առաջացմանը կոկորդի հետին պատին:

«Երբ կոկորդի բորբոքումները բուժելու համար հակաբիոտիկներ եք օգտագործում, դրանք ձեր կոկորդի մեջ միախառնվում են Neisseria gonorrhoea-ի հետ»,- ասել է բժիշկը: Նրա խոսքով` այս պրոցեսի հետեւանքով ինֆեկցիայի դիմադրողականությունը մեծանում է:

Փորձագետները զգուշացնում են, որ օրալ սեքսի ժամանակ բարենպաստ միջավայրում հայտնված գոնորեայի բակտերիաները կարող են գերգոնորեաի հանգեցնել` ինֆեկցիայի ծանր ձեւը, որը դժվար է բուժվում:

ԱՄՆ-ում բակտերիայի մեծ դիմադրողականություն է նկատվել մի տղամարդու մոտ, որը նույնասեռական սեքսով էր զբաղվում: Պատճառը նույնն է` ինֆեկցիա կոկորդում, հավելել է Վին:

Փորձագետների կարծիքով` քանի որ ՄԻԱՎ-ով վարակվելու վախը անկում է գրանցել, մարդիկ սկսել են պահպանակներից ավելի հազվադեպ օգտվել, եւ սա նպաստում է ինֆեկցիայի տարածմանը:

«Գոնորեա հարուցող բակտերիաները անչափ ճկուն են դարձել: Ամեն անգամ, երբ այս ինֆեկցիան բուժելու համար հակաբիոտիկների նոր դաս ենք օգտագործում, բակտերիաները ընտելանում են, նրանց մոտ դեղային կայունություն է առաջանում»,- հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Ամեն տարի 78 մլն մարդ վարակվում է գոնորեայով: Գոնորեան ախտահարում է սեռական օրգանների, ուղիղ աղիի եւ կոկորդի լորձաթաղանթը: Գոնորեայի բարդություններից անհամաչափ մեծ չափով կանայք են տառապում: Այդպիսի բարդություններից են կոնքի օրգանների բորբոքումը, արտարգանդային հղիությունը եւ անպտղությունը, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ով վարակվելու մեծ հավանականությունը:

Փորձագետները մտահոգված են, որ գոնորեան, փաստորեն, չի արձագանքում հին եւ համեմատաբար էժան հակաբիոտիկներին:

Ներկայումս երկրների մեծ մասում ազդեցության մեծ սպեկտրով ցեֆալոսպորինները հակաբիոտիկների միակ խումբն են, որոնք դեռեւս արդյունավետ են գոնորեան բուժելիս: Սակայն արդեն ավելի քան 50 երկրներում այս խմբի 2 հակաբիոտիկների` ցեֆիկսիմի եւ համեմատաբար հազվադեպ ցեֆտրիկսանոնի նկատմամբ կայունության դեպքեր են հայտնաբերվել: Այս կապակցությամբ ԱՀԿ-ը հրապարակել է 2016 թվականին թարմացված գլոբալ հրահանգները, որոնցում բժիշկներին առաջարկվում է 2 հակաբիոտիկ նշանակել` ցեֆտրիակսոն եւ ազիտրոմիցին:

Գոնորեայի դեմ դեղերի գիտական հետազոտությունները եւ մշակումները համեմատաբար ինտենսիվ չեն կատարվում: Այսօրվա դրությամբ կլինիկական մշակման տարբեր փուլերում են միայն 3 դեղեր` սոլիտրիմիցինը, որը վերջերս կլինիկական փորձարկումների 3-րդ փուլն է անցել, զոլիֆլոդացինը, որն անցել է փորձարկումների 2-րդ փուլը, եւ գեպոտիդացինը, որը նույնպես փորձարկումների 2-րդ փուլն է անցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է