Մարդիկ առողջությունն ամրացնելու համար ֆիթնեսին օրական մի քանի ժամ տրամադրելու կարիք չունեն. օրական ընդամենը 1 րոպե տեւողությամբ վազքը բավական է կանանց ոսկորներն ամրացնելու համար: Այս մասին հայտնում են University of Exeter и University of Leicester-ի գիտնականները:
Նրանց խոսքով՝ եթե կինն օրական ընդամենը 1-2 րոպե շատ արագ տեմպով վազի, դա արդեն նրա ոսկորների համար լրացուցիչ պաշտպանություն կապահովի: Հետազոտողները պարզել են, որ այն կանայք, որոնք վազքին օրական 60-120 վայրկյան են տրամադրում, ոսկորների առողջությունը 4 տոկոսով ավելի շատ են ամրացնում, քան նրանք, որոնք ընդհանրապես չեն վազում: Ըստ որում՝ օրական 2 րոպեից ավելի տեւողությամբ վազքը ոսկորների առողջությունը 6 տոկոսով է ամրացրել:
Հետազոտության հեղինակները խոստովանում են, որ իրենք էլ դեռեւս չգիտեն, թե երկարաժամկետության տեսակետից ոսկորների համար որն է ավելի լավ՝ ինտենսիվ մարզումների ոչ մեծ եւ մշտական ժամանակահատվածները, թե մեծ միջակայքերով ավելի նշանակալի վազքը: Սակայն հետազոտությամբ միանշանակ կապ է հայտնաբերվել ինտենսիվ մարզումների եւ կանանց ոսկորների առողջության ամրապնդման միջեւ:
Գիտնականներն ընդգծում են, որ ոսկորների առողջությունը շատ կարեւոր է, հատկապես կանանց համար, որոնց մոտ դաշտանադադարից հետո մեծանում է օստեոպորոզի առաջացման հավանականությունը: Ամուր ոսկորներ ունեցող մարդկանց մոտ տարեց տարիքում ոսկորների կոտրվածքների հավանականությունը շատ ավելի փոքր է:
Գիտնականներն իրենց եզրահանգումները կատարել են 2500 կանանց դիտարկումների հիման վրա, որոնց ֆիզիկական ակտիվության եւ ոսկորների առողջության մակարդակը մանրակրկիտ հետազոտվել է:
Հետազոտության հեղինակներն այն մարդկանց, որոնք կցանկանային օրական ֆիզիկական ակտիվությունն աստիճանաբար մեծացնել, խորհուրդ են տալիս ավելի շատ արագ տեմպով քայլել: Այնուհետեւ այս զբոսանքները կարելի է աստիճանաբար փոխարինել վազքով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր