• Latest news

Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կայցելի Հայաստան

22 սեպտեմբերի, 2017  14:58
Սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Հայաստանում է լինելու Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը: Նա գնահատելու է, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Այս մասին հայտնում է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը։

 «Այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, եւ ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված»,- ասել է պարոն Պուրասը, որն առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից առաջինն է, որ այցելում է Հայաստան:

Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է առողջապահական ծառայությունների առկայությունը, հասանելիությունը, պահանջներին համապատասխանությունը եւ որակը, ինչպես նաեւ առողջության իրավունքի իրացման վրա ազդող գործոնները, ինչպիսիք են աղքատությունը, խտրականությունն ու բռնությունը:

«Ինձ մասնավորապես հետաքրքրում են Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակներում ներառված մի շարք հատուկ խնդիրներ,- ասել է փորձագետը: - Դրանցից են` առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը, առողջության խթանումն ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, առաջնային բուժօգնությունը, հոգեկան առողջության պահպանումը (հատկապես համայնքահեն ծառայությունները), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով եւ տուբերկուլոզով ապրող մարդկանց իրավունքները, ինչպես նաեւ ակադեմիական բժշկության, բժշկական կրթության եւ հետազոտությունների դերը»:

Հատուկ զեկուցողն ուսումնասիրելու է բնակչության առանձին խմբերի, մասնավորապես կանանց, երեխաների, միգրանտների, թմրամիջոց օգտագործող անձանց եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավիճակը: Նա հանդիպումներ է ունենալու Երեւանի, Աբովյանի, Դիլիջանի, Սպիտակի եւ Վանաձորի մի շարք հաստատություններում: 

Պարոն Պուրասը Հայաստան կատարած այցի մասին իր ամբողջական զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2018 թ. հունիսին:

Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված անկախ փորձագետ է, որը նպատակ ունի ՄԱԿ-ի անդամ պետություններին եւ այլոց աջակցելու առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով խթանման եւ պաշտպանության գործում: Դայնիուս Պուրասը (Լիտվա) մասնագիտությամբ բժիշկ է եւ նշանակալի փորձ ունի հոգեկան առողջության, երեխաների առողջության եւ հանրային առողջապահության քաղաքականության ոլորտներում: Նա Վիլնյուսի համալսարանի Մանկական հոգեբուժության եւ սոցիալական մանկաբուժության կենտրոնի ղեկավարն է: Նա դասավանդում է բժշկական ֆակուլտետում, միջազգային հարաբերությունների եւ քաղաքական գիտությունների ինստիտուտում եւ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: 

Հատուկ զեկուցողները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի այսպես կոչված հատուկ ընթացակարգերի մաս են կազմում: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի անկախ փորձագետների ամենախոշոր մարմինը, Խորհրդի անկախ փաստահավաք եւ մշտադիտարկման մեխանիզմներն են, որոնք անդրադառնում են այս կամ այն երկրում տիրող իրավիճակին կամ կոնկրետ թեմատիկ խնդիրներին: Հատուկ ընթացակարգերի փորձագետներն աշխատում են կամավոր-հասարակական հիմունքներով: Նրանք ՄԱԿ-ի աշխատակից չեն եւ իրենց աշխատանքի համար չեն վարձատրվում: Նրանք անկախ են ցանկացած կառավարությունից կամ կազմակերպությունից եւ գործում են որպես առանձին անհատ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել