• Latest news

Կառավարությանը ներկայացրած ծխելու արգելքի օրինագիծը նախատեսում է 500-1000 դոլար տուգանք

25 հունվարի, 2018  21:08
Հայաստանի Առողջապահության նախարարությունը նոր օրինագիծ է պատրաստել «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւկանխարգելման մասին», որը ներկայումս գերատեսչություններին է ուղարկվել քննարկելու համար: 

Դրանից հետո այն պետք է հաստատվի Կառավարության կողմից, եւ միայն դրանից հետո՝ ուղարկվի Ազգային ժողով: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, եթե ամեն ինչ լավ ընթանա, նոր օրենքը կընդունվի 2018 թվականի ընթացքում:

Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ նոր նախագծում հաշվի է առնվել վերջին տարիների բացասական փորձը, երբ սահմանափակումային նորմերը եղել են, սակայն չեն աշխատել: Մասնավորապես, նոր նախագիծը 250 հազար դրամի չափով տուգանք է սահմանում չնախատեսված վայրում ծխելու համար, իսկ գործող օրենքի համաձայն այս տուգանքի չափը 5000 դրամ է: Նույն խախտումը երեք ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում ծխողը կտուգանվի 500 հազար դրամով։ Ընդ որում, նոր նախագիծը առաջարկում է տուգանել ոչ միայն ծխողներին, այլ նաեւ այն հաստատությունների ղեկավարներին, որոնք թույլ են տալիս ծխել իրենց տարածքում: Արգելվում է նաեւ ծխախոտ վաճառել 18–ը չլրացած անձանց։

Առաջարկվում է նաեւ ծխելու արգելք սահմանել բոլոր փակ տարածքներում, այլ ոչ թե ընտրովի, ինչպես գործող օրենքում է: Ենթադրվում է, որ բարերում եւ ռեստորաններում ծխողների եւ ոչ ծխողների համար առանձին սրահներ չեն լինի:

«Այս նախագիծը դոգմա չէ. քննարկման ընթացքում այն կարող է փոփոխությունների ենթարկվել: Սակայն մենք կազմել ենք նախագիծը ելնելով այն հանգամանքից, որ առաջնայինը առողջությունն է, այլ ոչ թե տնտեսական օգուտը եւ մասնավոր շահերը: Տեսնենք, թե ինչ կասեն այս մասին այլ կառույցները», - ասել է Ալեքսանդր Բազարչյանը:

Նշենք, որ նոր նախագիծը որոշ պահանջներ է պարունակում նաեւ ծխախոտի տուփերի վրա գրառումների եւ առեւտրի կետերում ծխախոտի արտադրանքի գովազդի վերաբերյալ:

Այն նաեւ ծխախոտ վաճառելու եւ ծխելու արգելք է նախատեսում բժշկական եւ կրթական հաստատությունների, մանկական եւ երիտասարդական կազմակերպությունների, մարզական հաստատությունների, մշակութային եւ ժամանցային հաստատությունների, հասարակական սննդի օբյեկտների, պատմական հուշարձանների տարածքում, բնության հատուկ պահպանվող գոտիներում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հատաստատություններում, տրանսպորտի բոլոր տեսակներում, կանգառներում, օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ ավտոկայանատեղերում (բացի ծխելու համար առանձնացված հատուկ վայրերից):

Ծխել արգելվում է նաեւ հյուրանոցներում, մանրածախ առեւտրի կետերում, խաղատներում, աշխատավայրերում, բազմաբնակարան շենքերի վերելակներում եւ ընդհանուր օգտագործման տարածքներում:

Օրինագիծը դրույթ է պարունակում նաեւ ծխելը թողնել ցանկացող անձանց բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման, ծխախոտային արտադրատեսակների եւ փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված հիվանդացության եւ մահացության վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա առնվազն երկու տարին մեկ վերանայվում է հարկային եւ գնային կարգավորումների միջոցով ծխախոտային արտադրատեսակների օգտագործմանն ուղղված սահմանափակումների կիրառման հնարավորությունը», - ասված է նախագծի մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել