• Latest news

Համակարգչային խաղերն ինչո՞ւ են նվազեցնում երեխայի ինքնագնահատականը. Պարզաբանում է հոգեբանը

20 նոյեմբերի, 2018  14:07

Համակարգչային խաղերը կարող են նվազեցնել երեխայի ինքնագնահատականը եւ բացասաբար անդրադառնալ նրա սոցիալացման վրա: Այս մասին նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կլինիկական հոգեբան Տաթեւ Նահապետյանը:

Բանն այն է, որ խաղի կանոնները եւ իրական կյանքը միմյանցից տարբերվում են, եւ խաղում հեշտորեն հաղթող երեխան չի կարողանում հասկանալ, թե ինչու է կյանքում  համանման արդյունքներին հասնելն ավելի դժվար: Իրեն համեմատելով խաղի եւ նույնիսկ մուլտֆիլմերի հերոսների հետ՝ երեխան կարող է «վաստակել» ցածր ինքնագնահատական եւ տագնապայնություն:

Դրանից բացի, գաջեթները կարող են դանդաղեցնել երեխայի խոսքի զարգացումը, բացասաբար անդրադառնալ հաղորդակցվելու ունակությունների վրա: Դրանից խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս գաջեթների առջեւ անցկացվող երեխայի ժամանակը չափաբաժնով դարձնել: Այսպես՝ նրան կարելի է թույլ տալ համակարգչից օգտվել 10-30 րոպե, եթե նա, օրինակ, կատարի տնային հանձնարարությունը:

Նահապետյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ երեխայի համար ճգնաժամային են 1, 3 եւ 7 տարեկան տարիքները, եւ հոգեբանական լարվածությունը կարող է այն միայն սրել: «Բացասական գործոններ կարող են լինել ինչպես չափից ավելի հոգածությունը, այնպես էլ հակառակը՝ երեխայի հանդեպ անտարբերությունը: Սա բարդացնում է հասարակությանը նրա ինտեգրումը, նվազեցնում է ինքնագնահատականը, հաղորդակցվելու հետ կապված խնդիրներ ստեղծում»,- շեշտեց նա:

Փորձագետը նշեց, որ մինչեւ 3 տարեկանը ծնողների եւ երեխայի միջեւ պետք է հաստատվի ամուր զգայական կապ: Նրա խոսքով՝ արմատապես սխալ է երեխային պատշաճ ուշադրություն չդարձնելն այնքան ժամանակ, մինչեւ նրանք չեն սկսում խոսել: «Սա ծնողների կողմից լուրջ սխալ է, քանի որ փոքրիկները կարող են շփվել դեմքի շարժումների, ժպիտի միջոցով: Ծնողները չպետք է անտեսեն փոքր երեխաների հետ շփումը»,- ասաց նա:

Բավականին խնդրահարույց տարիք է նաեւ 11-16 տարեկանը: Ֆիզիկական եւ հոգեբանական զարգացումն ընթանում է միաժամանակ, դեռահասն իրեն հարց է տալիս. «Ո՞վ եմ ես: Ո՞րն է իմ դերը: Որո՞նք են իմ գործառույթները»:

«Այս շրջանում ծնողները կարեւոր դերակատարում ունեն: Ավտորիտար դաստիրակության դեպքում դեռահասը, հակառակը, կսկսի ըմբոստանալ, կփորձի ծնողների խնամակալությունից դուրս գալ այնպիսի արարքների կատարմամբ, որոնց նրանք հավանություն չեն տալիս (օրինակ՝ ծխել): Ծնողները պետք է երեխային չքննադատեն, այլ փորձեն երկխոսություն հաստատել, չհամեմատեն ուրիշ երեխաների հետ, բացատրեն, թե ինչու չի կարելի այս կամ այն արարքը կատարել»,- նշեց հոգեբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է