• Latest news

Քաղցկեղի իմունոթերապիա․ ԱՄՆ-ից գիտնականը պատմում է, թե ինչպես են իմունիտետին սովորեցնում սպանել քաղցկեղային բջիջները

19 հոկտեմբերի, 2019  20:15

Ինունոթերապիան հակամարմինների միջոցով ուռուցքներ բուժելու նորագույն եւ հեռանկարային մոտեցումներից է։ Իմունոթերապիա CAR-T-ն նոր մոտեցում է, որի գաղափարն այն է, որ հենց օրգանիզմի իմունային համակարգին սովորեցնեն ճանաչել քաղցկեղային բջիջները։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Penn State College of Medicine (ԱՄՆ)-ի պրոֆեսոր Նիկոլայ Դոխոլյանը, որը Հայաստան է եկել Foundation for Armenian Science and Technology (FAST)-ի կողմից կազմակերպված Global Innovation Forum-ին մասնակցելու համար։

Պրոֆեսորն աշխատում է Center for Translational Systems Research հետազոտական կենտրոնում, որի աշխատակիցները հետազոտում են երկու խումբ հիվանդություններ՝ ուռուցքաբանական եւ նեյրոդեգեներատիվ, որոնցից են Ալցհեյմերը եւ կողային ամիոտրոֆիկ սկլերոզը։  

Խոսելով իմունոթերապիայի օգնությամբ քաղցկեղի բուժման մասին՝ պրոֆեսորը նշեց, թե դրա իմաստն այն է, որ օրգանիզմի իմունային համակարգին սովորեցնեն ճանաչել քաղցկեղային բջիջները եւ գրոհել դրանք։

«Եթե իմունային համակարգը ճանաչում է քաղցկեղային բջիջները, ապա մեր օրգանիզմն ինքը կսպանի քաղցկեղին, եւ որեւէ դեղամիջոց չի պահանջվի։ Դրա համար պացիենտից վերցնում են սպիտակ բջիջները, Т-բջիջները եւ «ինժեներացնում են» այնպես, որ դրանք ճանաչեն հատուկ ռեցեպտորները քաղցկեղի կոնկրետ տեսակի մեջ։ Այսինքն, կոնկրետ քաղցկեղի համար կլինի համապատասխան «ռեինժեներիա»։ Այնուհետեւ այդ բջիջները նորից կներարկեն պացիենտի մեջ, եւ դրանք կսկսեն պայքարել քաղցկեղի դեմ։ Այս CAR-T թերապիայի հաջողությունը անհավանական ուժեղ է, եւ այն արդեն փորձարկել են ամբողջ աշխարհում մի քանի պացիենտների վրա»,- ասաց մասնագետը։

Սակայն այս մեթոդը նաեւ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ։ Առաջին հերթին, սա շատ ուժեղ իմունոլոգիական ռեակցիա է։ Եւ այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է կանխել այս խնդիրը։

«Երկրորդ խնդիրն այն է, որ երբ «ռեինժենիրինգ» ես անում, նոր մոլեկուլ ես ստեղծում, հավանականություն կա, որ այն այնքան էլ ճիշտ չի աշխատի։ Հնարավոր են կողմնակի ազդեցություններ, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք բարելավել այդ մոլեկուլները»,- նշեց Նիկոլայ Դոխոլյանը։

Այս մեթոդը, մասնագետի խոսքերով, այսօր հիմնականում օգտագործվում է լեյկեմիայի, բուժման համար, սակայն ապագայում այն կօգտագործվի նաեւ քաղցկեղի այլ տեսակների դեպքում։ Բանն այն է, որ այս տեխնոլոգիան, ցավոք, շատ թանկարժեք է, եւ դրա հետազոտումը մեծ ներդրումներ է պահանջում։

«Ժամանակակից բժշկության խնդիրն այն է, որ մենք սովորում ենք ավելի լավ պայքարել հիվանդությունների դեմ, սակայն՝ մեծ գնով։ Այդ պատճառով անհասկանալի է, թե ինչպես պետք է վարվենք հետագայում, քանի որ բարոյական երկընտրանք է առաջանում»,- նշեց նա։

Դեղամիջոցների թանկությունը, Դոխոլյանի խոսքերով, կապված է մշակումների երկարաժամկետության հետ՝ սովորական դեղամիջոց ստանալը 10 տարի է տեւում, եւ ընկերությունը մշակման մեջ միլիոնավոր դոլարներ է ներդնում։ Դեղամիջոցը շուկա հանելուց հետո ընկերությունը շատ քիչ ժամանակ ունի, որպեսզի հանի իր ծախսերը, սրանով էլ պայմանավորված են բարձր գները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել