• Latest news

Երկկողմանի թոքաբորբով հայուհին կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական արդյունք է ստացել. այդպես պատահում է ավելի հաճախ, քան մենք կարծում ենք

31 հուլիսի, 2020  13:30

Նախ Անահիտը մտածել է, թե պարզապես մրսել է: Մի քանի օր անց նրա մոտ թուլություն է սկսվել, ջերմությունը բարձրացել է 37,5 աստիճան: Ապա նա սկսել է դժվար շնչել եւ վերջապես որոշել է բժշկի դիմել:

«Մի օր առավոտյան արթնացա եւ հասկացա, որ էներգիա չի մնացել, նույնիսկ չէի կարողանում տեղիցս վեր կենալ: Փորձում էի շունչ քաշել, սակայն օդը չէր հերիքում»,-NEWS.am Medicine-ին պատմել է Անահիտը (անունը փոխված է):

Պոլիկլինիկայում թերապեւտը ստուգել է թոքերն ու ռենտգենի ուղարկել: Երկու հետազոտությունները ոչինչ չեն հայտնաբերել, եւ Անահիտին խորհուրդ են տվել խնդիրը «այլ տեղ» փնտրել:

Անահիտը վերադարձել է տուն, եւ օրեցօր նրա վիճակը վատացել է: Մի քանի օր անց նա կրկին դիմել է պոլիկլինիկա: Կորոնավիրուսի թեստը բացասական է եղել: Նրան կրկին տուն են ուղարկել՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է: Սակայն Անահիտը վստահ է եղել, որ ինչ-որ բան այն չէ: Նրա ջերմությունը սկսել է բարձրանալ: Քանի որ պոլիկլինիկայում հրաժարվել են հավելյալ հետազոտություն անցկացնել, Անահիտը որոշել է մի քանի օր անց դիմել մասնավոր բուժկենտրոն եւ կրծքավանդակի ԿՏ է արել՝ արդեն իր հաշվին: Հետազոտությունը ցույց է տվել, որ նա մոտ երկկողմանի թոքաբորբ է՝ կորոնավիրուսի վարակի հստակ պատկեր: Տեղում կորոնավիրուսի թեստ են անցկացրել, եւ այս անգամ արդյունքը դրական է եղել: Պացիենտին ստացիոնար բուժում են խորհուրդ տվել, քանի որ վիճակը լուրջ է եղել:

Ստացիոնարում երկարատեւ բուժումից հետո Անահիտն արդեն լավ է զգում իրեն: Նրա խոսքով՝ նա վախենում է անգամ մտածել, թե ինչ կլիներ, եթե կարծեր, թե ամեն ինչ լավ է եւ նոր թեստ չհանձներ: Եվ խնդիրն այն չէ, որ նա վաղ բուժում չի ստացել. կարծելով, թե առողջ է, նա կարող էր վարակել այլ մարդկանց: Մոտ 2 շաբաթ է անցել ախտորոշումից հետո, եւ այդ ընթացքում Անահիտն ապրել է իր սովորական կյանքում, իհարկե, զգուշավորություն ցուցաբերելով:

Ի դեպ, Անահիտի դեպքը առաջինը չէ: Կա կարծիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց 20%-ի մոտ թեստի արդյունքը կեղծ բացասական է:

University of Bristol-ի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ կեղծ բացասական կարող են լինել թեստերի 2-29 տոկոսի արդյունքները: Ավելին, իրականում նման դեպքերը կարող են ավելի շատ լինել, քանի որ ոչ բոլորն են բացասական արդյունք ստանալուց հետո կրկնակի թեստավորում անցնում:

Այսօր ոչ մի երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, չկան կրկնակի թեստերի անցկացման հստակ ստանդարտներ, եւ դա, Բրիստոլի համալսարանի գիտնականների խոսքով, բարդացնում է իրավիճակը: Հնարավոր է, որ ոսկե միջին կարող է լինել կրկնակի թեստը, եթե հիմքեր կան կարծելու, որ պացիենտի մոտ իսկապես կարող է կորոնավիրուսի վարակ լինել: Նման հիմքեր կարող են լինել վարակվածների հետ ունեցած շփումը, ԿՏ տվյալները եւ այլ հետազոտություններ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է