Եղունգների փոփոխությունները կարող են ազդարարել առողջական խնդիրների դրսեւորման մասին: Եթե ձեր եղունգների վրա փոփոխության նշաններ եք նկատում, խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եղունգների 5 ամենատարածված հիվանդությունները:
Օնիքոմիկոզ
Օնիքոմիկոզը եղունգների սնկային ախտահարում է: Տարբերակիչ նշաններն են՝ եղունգների կոշտացումը, դեղնումը եւ շերտավորումը, եղունգի լայնությամբ առաջանում են դեղին եւ սպիտակ հատվածներ, դատարկ մասերի առաջացում եւ եղունգի մասնակի քայքայում:
Օնիքոմիկոզի պատճառները կարող են լինել նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ), հասարակական վայրեր այցելելը (լողավազաններ, սաունաներ, բաղնիքներ, մարզադահլիճների հանդերձարաններ, լողափեր, մանիկյուրի / պեդիկյուրի սրահներ), առատ քրտնարդադրություն առաջացնող կոշիկներ կրելը, ինչպես նաեւ եղունգների մեխանիկական վնասվածքներն ու ցրտահարությունը, որոնք նպաստում են սնկի ներթափանցմանը եղունգների մեջ:
Պանարիցիա
Պանարիցիան բորբոքային թարախային գործընթաց է, որը տեղայնացվում է ձեռքերի կամ ոտքերի մատների հյուսվածքներում: Տարբերակիչ նշաններն են՝ այտուցը, կարմրությունը, ցավը՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացումով, կարմրած տեղում մաշկի շերտավորումը, մուգ հեղուկով պզուկի առաջացումը։
Պանարիցիայի պատճառները կարող են լինել ստաֆիլոկոկը, որը մաշկի տակ է անցնում կտրվածքների, վերքերի կամ ճաքերի միջոցով, ստրեպտոկոկը, աղիքային ցուպիկը եւ թարախային ինֆեկցիայի այլ հարուցիչներ։
Օնիքոլիզ
Օնիքոլիզը պաթոլոգիական վիճակ է, որի դեպքում եղունգը հեռանում է մաշկից: Տարբերակիչ նշաններն են՝ եղունգների եւ մաշկի միջեւ դատարկության առաջացումը, եղունգների գույնի փոփոխությունը (կապտավուն սպիտակ, դեղին, շագանակագույն):
Օնիքոլիզի պատճառները կարող են լինել կենցաղային վնասվածքները, այրվածքները, արհեստական եղունգների կամ գել-լաքի ոչ պատշաճ հեռացումը, սնկային ինֆեկցիաները:
Ենթաեղունգային հեմատոմա
Ենթաեղունգային հեմատոման իրենից ներկայացնում է եղունգների տակ՝ ձեռքերի ու ոտքերի մատներին արյան կուտակում: Տարբերակիչ նշաններն են՝ եղունգի տակ կարմիր կամ կապտաշագանակագույն բծերի առաջացումը: Հեմատոման տեղաշարժվում է, երբ եղունգը երկարում է:
Հեմատոմայի առաջացման պատճառները եղունգների եւ եղունգների տակ անոթների վնասվածքներն են:
Ներաճած եղունգ
Ներաճած եղունգը մերձեղունգային մաշկի մեջ եղունգի աճելն է: Տարբերակիչ նշաններն են՝ մատի եղունգային սկավառակի կարմրելն ու ցավը: Տեղայնացված վնասվածքները կարող են խորանալ երկրորդային բակտերիալ վարակից:
Եղունգի ներաճելու պատճառները կարող են լինել եղունգի վնասվածքները, ոչ ճիշտ ընտրված կոշիկները եւ եղունգը սխալ կտրելը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր