Միջուկային տեխնոլոգիաների կիրառման ոլորտների ցանկն այսօր զգալիորեն ընդլայնվել է եւ ներառում է ոչ միայն էներգետիկան եւ բժշկությունը, այլ նաեւ՝ գյուղատնտեսությունը, տիեզերական հետազոտությունները եւ շատ այլ ոլորտներ:
Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտական եւ վերլուծական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Զայցեւը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ միջուկային տեխնոլոգիաները կարող են օգնել, օրինակ՝ պարարտանյութերի ներդրման առավել արդյունավետ միջոցը գտնել:
«Դիտարկենք, օրինակ, կարտոֆիլի աճեցումը: Պատկերացրեք, որ մենք պարարտանյութեր ենք կիրառում եւ ցանկանում ենք հասկանալ՝ այդ նյութերը բույսերի, թե՞ պտուղների մեջ են մտնում, թե՞ գնում են հողի մեջ»,- պատմել է մասնագետը: Դրա համար պարարտանյութի մեջ ռադիոիզոտոպներ են ավելացվում, եւ բույսը սկսում է այն օգտագործել: Այնուհետեւ բույսը եւ դրա պտուղներն ուսումնասիրվում են ռենտգենյան ճառագայթների տակ. ռադիոիզոտոպների ճառագայթման միջոցով կարող եք հստակ հասկանալ, թե կոնկրետ որտեղ է կուտակվել պարարտանյութը: Իսկ այդ տեղեկատվությունն արդեն կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես լավագույնս պարարտանյութ ներարկել՝ առավելագույն արդյունքի հասնելու համար. արդյո՞ք այն ավելի արդյունավետ է լուծույթի կամ փոշու տեսքով, ավելի ճիշտ է բույսը դրանով ջրելը, թե՞ ցողելը, թե՞ հարկ է այլ մեթոդներ օգտագործել:
Իհարկե, այս կերպ մշակված պտուղները կամ բույսերը չպետք է ուտել, քանի որ դրանք ռադիոակտիվ նյութեր են պարունակում: Սակայն նման փորձարկման օգնությամբ հնարավոր է գտնել դրանք պարարտացնելու ամենաարդյունավետ միջոցը եւ ապագայում ավելի լավ բերք ստանալ, օգտագործել պարարտացումն այս եղանակով, բայց, իհարկե՝ արդեն առանց ռադիոիզոտոպների: Իսկ, ահա, ախտահանման նպատակով ճառագայթման միջոցով մշակված արտադրանքն արդեն կարելի է ուտել:
Հիշեցնենք, որ իոնացնող ճառագայթմամբ մշակումը, մասնագետի խոսքով, քիմիական կոնսերվանտների օգտագործման արդյունավետ այլընտրանքն է: Ճառագայթման (գամմա ճառագայթներ, ռենտգենյան ճառագայթներ կամ էլեկտրոնային ճառագայթներ) ազդեցության տակ արտադրանքի միկրոօրգանիզմներն ու միջատները մեռնում են (կամ դրանց թիվը զգալիորեն կրճատվում է), ինչը երկարացնում է արտադրանքի պահպանման ժամկետը: Նման վերամշակումից հետո արտադրանքը կարող է երկար ժամանակ պահվել նույնիսկ սենյակային ջերմաստիճանում:
Ընդ որում, ճառագայթումը չի ազդում մթերքի վրա, եւ դրա բնութագրերը չեն փոխվում: Մեռնում են միայն միկրոօրգանիզմները, մթերքն անվտանգ է մնում սպառման համար:
Նշենք, որ այս տարի Հայաստանի միջուկային արդյունաբերությունը նշում է իր 55-ամյակը, ինչի կապակցությամբ Երեւանում Ատոմային տեխնոլոգիաների երեկո է անցկացվել, որի ընթացքում Ալեքսանդր Զայցեւը եւ նրա գործընկերները խոսել են միջուկային տեխնոլոգիաների կիրառման այլընտրանքային մեթոդների մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day