• Latest news

«Դելտակրոն». Նոր վտա՞նգ, թե՞ լաբորատոր սխալ

11 հունվարի, 2022  14:51

Մի քանի օր առաջ Կիպրոսի համալսարանի պրոֆեսոր, վիրուսաբան Լեոնտիոս Կոստրիկիսը հայտնաբերել է SARS-COV-2 կորոնավիրուսի նոր տեսակ, որը միավորում է դելտա եւ օմիկրոն շտամների հատկանիշները։ Նոր շտամն ստացել է «դելտակրոն» անվանումը։ Բայց մասնագետներից ոմանք «դելտակրոնը» համարում են լոկ լաբորատոր սխալ։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, «դելտակրոնը» Կիպրոսում հայտնաբերվել է 25 (որոշ տվյալներով՝ 24) պացիենտի մոտ։ Վիրուսի սեքվենավորման ժամանակ հայտնաբերված գենոմային հաջորդականություններն ուղարկել են տվյալների GISAID միջազգային շտեմարան։ Ենթադրյալ նոր շտամն ունի դելտայի գենետիկ հիմքը, բայց իր մեջ ներառել է օմիկրոնի ոչ պակաս, քան 10 մուտացիա։

ԱՀԿ տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն իր Թվիթերում նշել է, որ «դելտակրոնը» ավելի շուտ լաբորատոր սխալ է, որն առաջացել է նմուշների աղտոտումից։ Նա նաեւ խնդրել է ձեռնպահ մնալ  «դելտակրոն» բառն օգտագործելուց, ինչպես նաեւ «ֆլյուրոնա» կամ «ֆլյուրոն» բառերից, որոնք օգտագործում են ԶԼՄ-ներում կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակ հիվանդանալը նշելու համար։

Ինքը՝ պրոֆեսոր Կոստրիկիսը, հավաստիացնում է, որ հայտնաբերված վարակման դեպքերը «մատնանշում են նախորդ շտամի, այլ ոչ թե  ռեկոմբինացիայի մեկ իրադարձության արդյունքի վրա էվոլյուցիոն ճնշումը՝ այդ մուտացիաների ձեռքբերման նպատակով»։ Նրա խոսքով՝ «դելտակրոնը» հայտնաբերվել է նաեւ Իսրայելում։

Բայց շատ հետազոտողներ համաձայն չեն գործընկերոջ այն եզրահանգմանը, թե «դելտակրոնը» այլ շտամների բնական ձուլման արդյունք է։ Բիրմինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Նիք Լոմանը «դելտակրոնը» համարում է «տեխնիկական արտեֆակտ»։ Գենետիկ Թոմ Փիկոկը (Մեծ Բրիտանիա) Թվիթերում գրել է, որ ներկա ռեկոմբինանտները ի հայտ են գալիս տարբեր շտամների միասին շրջանառելուց մի քանի ամիս հետո։ «Դելտակրոնին» կասկածանքով են վերաբերվում նաեւ Ռոսպոտրեբնադզորում (Ռուսաստան)։

Նշենք, որ մինչ գիտնականները վիճում են կիպրոսյան «դելտակրոնի» իրական լինելու շուրջ՝ Ֆրանսիայում հայտնաբերել են կորոնավիրուսի իսկական նոր շտամ՝ B.1.640.2։ Այն գտել են ճանապարհորդի մոտ, որը եկել էր Կամերունից եւ հասցրել վարակել առնվազն 12 մարդ։ SARS-COV-2-ի այս տեսակն ունի 46 մուտացիա, որոնցից երկուսն, իհարկե, արդեն հանդիպել են նախորդ շտամների դեպքում։

Առայժմ հայտնի չէ, թե որքանով է վտանգավոր B.1.640.2 շտամը, որը դեռ անգամ սեփական անվանում չունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է