• Latest news

Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում 44-օրյա պատերազմում զավակ կորցրած ծնողների ընտանիքներում 2 երեխա է ծնվել, գրանցվել է 27 հղիություն

12 հունվարի, 2022  13:15

44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների եւ կամավորների ծնողների ընտանիքներում Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում արդեն երկու երեխա է ծնվել, գրանցվել է եւս 27 հղիություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

Նրա խոսքով, շահառուների այս խումբը միացել է ծրագրի 2021-ի փետրվարի 25-ին հաստատված որոշումով: Ավելին, 44-օրյա պատերազմում զավակ կորցրած ծնողների համար վերացվել են այն բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին շահառուների այլ խմբերի համար. նրանք կարող են ծրագրին մասնակցել նույնիսկ 40-ից բարձր տարիքում՝ մինչեւ 53 տարեկան, նույնիսկ եթե նրանք այլ երեխաներ էլ ունեն:

Փաշայանի խոսքով, ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է. պատերազմում զավակ կորցրած շուրջ 200 զույգ է արդեն դիմել՝ ԱՄԲ-ի օգնությամբ երեխա ունենալու ցանկությամբ:

«Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները, որովհետեւ կայացրել են այս որոշումը, որովհետեւ որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը եւ նոր կյանք պարգեւել», - ասաց Փաշայանը:

Ինչպես իր հերթին նշեց Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, աշխարհում չի եղել նման նախադեպ, որ կառավարությունը ֆինանսավորի 40-ից բարձր տարիքի՝ նույնիսկ մինչեւ 53 տարեկան կանանց եւ զույգերին եւ հնարավորություն տա նրանց պետպատվերով ԱՄԲ կատարել:

Մասնագետի խոսքով, պատերազմում զավակ կորցրած ծնողները շահառուների բավական ծանր խումբ են՝ ոչ միայն նրանց ապրած սթրեսների, այլն նաեւ բարձր տարիքի եւ առողջական խնդիրների պատճառով: Ոմանք ունեն արդեն քրոնիկ հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետ:

Որոշ կանանց մոտ ԱՄԲ-ին նախորդող հետազոտությունների ընթացքում նույնիսկ քաղցկեղ են հայտնաբերել: Մասնագետի խոսքով՝ բարեբախտաբար, հիվանդությունը բոլոր դեպքերում վաղ փուլերում էր հայտնաբերվել, եւ այդ կանայք արդեն բուժվել են:

«Հույս ունենք, որ շուտով նրանք մեզ նորից կդիմեն՝ ծրագիրը շարունակելու համար», - ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Նրա խոսքով, ծրագրի արդյունքները ավելի ակներեւ կդառնան 2022-ին, քանի որ արդեն հղիացած կանայք կծննդաբերեն, բացի այդ, բազմաթիվ զույգերի բուժումը դեռ ընթացքում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։