• Latest news

Ինչո՞ւ պետք է պետությունը մտածի միայնակ անզավակ կանանց համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ֆինանսավորման մասին

25 մայիսի, 2022  14:20

Այսօր Հայաստանում 35-ից 53 տարեկան գրեթե 40 000 միայնակ եւ անզավակ կին կա, եւ եթե պետությունը օգնի նրանց մայրանալ եւ ֆինանսավորի նրանց համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը, դա ավելի քան արդյունավետ ներդրում կլինի. ծնելիությունը երկրում զգալիորեն կավելանա, ավելին, մեծ թվով կանայք կկարողանան զգալ մայրության երջանկությունը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողականության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանն ասաց, որ այդ 40 000 կանանցից շատերը պտղաբերության հետ կապված խնդիրներ չունեն. բայց տարբեր պատճառներով նրանք զուգընկեր եւ երեխաներ չունեն: Նրանցից ոմանք երեխաներ շատ են ուզում, մյուսները չեն մտածել այդ մասին, բայց կարող են մայրանալ ուզենալ, եթե այդպիսի հնարավորություն ընձեռվի:

Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ եթե պետությունը սկսի ֆինանսավորել այդպիսի կանանց համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը, ապա համեմատաբար փոքր ծախսերով հնարավոր կլինի էապես բարձրացնել ծնելիությունը երկրում։ Եթե ​​այդ 40 000 կնոջից յուրաքանչյուր չորրորդը ցանկանա եւ երեխա ծնի, ապա մեկ տարում կծնվի մոտ 10000 երեխա, իսկ դա արդեն ծնելիության լուրջ աճ է։

Քանի որ այդ կանանցից շատերը պտղաբերության հետ կապված խնդիրներ չունեն, նրանցից շատերը, հատկապես՝ մինչեւ 44 տարեկանները, միայն դոնորական սերմնահեղուկով արհեստական ​​բեղմնավորման կարիք կունենան հղիանալու համար: Այդ պրոցեդուրան շատ ավելի էժան է, քան ԱՄԲ-ն, իսկ հաջողության հավանականությունը (եթե կինը անպտղություն եւ ակնհայտ խնդիրներ չունի) բավականին բարձր է։

Իսկ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ), ըստ մասնագետի, կարող են առաջարկվել 44-53 տարեկան կանանց։ Եթե ​​հիվանդն առողջ ձվարաններ եւ սեփական ձվաբջիջներ ունի, ապա սաղմեր հնարավոր կլինի ստանալ դոնորական սերմնահեղուկի միջոցով եւ ներդնել դրանք նրա արգանդում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի նաեւ դոնորական ձվաբջիջներ կամ նույնիսկ դոնորական սաղմեր օգտագործել . բարեբախտաբար, Հայաստանում օրենքն արդեն թույլ է տալիս զույգերին իրենց սաղմերը «նվիրել» այլ մարդկանց։ Ավելին, այսօր օրենքը նույնիսկ միայնակ կանանց թույլ է տալիս օգտվել փոխնակ մոր ծառայություններից, ով կարող է իրենց համար երեխա կրել, իսկ սաղմը կարելի է ստանալ ինչպես իրենց գենետիկական նյութից, այդպես էլ դոնորական ձվաբջիջներից եւ սերմնահեղուկից։

Բժիշկ Համբարձումյանն Առողջապահության նախարարությանն արդեն առաջարկել է պետական ​​ծրագիր սկսել, որը կֆինանսավորի միայնակ կանանց համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները՝ ծնելիությունը բարձրացնելու նպատակով։ Նա հուսով է, որ իր գաղափարները կընդունվեն եւ աջակցություն կստանան, քանի որ այդպիսի ծրագիրն իսկապես տնտեսապես արդյունավետ կլինի. վերարտադրողականության տեխնոլոգիաները միայնակ կանանց համար, ովքեր պտղաբերության հետ կապված խնդիր չունեն, շատ ավելի քիչ կարժենա, քան անպտուղ կանանց համար, եւ արդյունքներն էլ լավը կլինեն եւ շատ երեխաներ կծնվեն: Կանանց կյանքը, ովքեր որոշում են նման քայլի գնալ,  դեպի լավը կփոխվի. երեխան շատ դրական էմոցիաներ կբերի կյանքի, իսկ կինն այլեւս միայնակ չի լինի։

«Միայնակ մայրեր չկան։ Եթե ​​կինը երեխա ունի, նա այլեւս մենակ չէ»,- ասաց բժիշկ Համբարձումյանը։
Ճիշտ է, որպեսզի այս ծրագիր սկսի գործել, միայն պետական ​​ֆինանսավորումը քիչ է. հասարակության հետ որոշակի աշխատանք եւ «միայնակ» մայրերի դեստիգմատիզացիա է անհրաժեշտ։ Չէ որ, եթե կինը վախենում է հասարակության բացասական վերաբերմունքից, ապա դժվար թե համարձակվի դիմել վերարտադրողական ոլորտի մասնագետներին եւ երեխա ծնել, նույնիսկ եթե հղիության համար անհրաժեշտ պրոցեդուրաների ծախսերը ծածկում է պետպատվերը։ Իսկ եթե ​​հասարակության վերաբերմունքը դրական է եւ եթե ավելի շատ մարդիկ սկսեն հասկանալ, որ կինը, ցանկության դեպքում, կարող է երեխա ունենալ՝ անկախ ամուսնացած լինելուց, ավելի շատ կանայք կցանկանան այդպիսի ծրագրի մասնակից դառնալ։

Բժիշկ Համբարձումյանի խոսքով՝ նույնիսկ հիմա, երբ միայնակ կանանց համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ֆինանսավորման ծրագրեր դեռ չկան, որոշ կանայք որոշում են մայրանալ բժիշկների խորհրդով: Հետո նրանք ասում են, որ դա իրենց երբեւէ կայացրած լավագույն որոշումն էր:

«Մեր հիվանդների մեջ կային միայնակ կանայք, ովքեր լսեցին մեր խորհուրդները եւ երեխաներ ունեցան, հիմա չեն հոգնում մեզ շնորհակալություն հայտնել։ Ասում են՝ ինչ լավ է, որ լսեցին մեզ՝ բժիշկներիս, ոչ թե իրենց հարազատներին, որոնք ասում էին, որ եթե զուգընկեր կամ ամուսին չկա, երեխա ունենալ չարժե։ Այդ բոլոր կանայք ասում են, որ հիմա իսկապես երջանիկ են եւ որ երեխայի ծնունդը, չնայած ծնողների կամ ընտանիքի այլ անդամների անհամաձայնությանը, երբեւէ կայացրած լավագույն որոշումն էր»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է