• Latest news

Կոտրված սրտի համախտանիշ. ինչ է դա եւ ինչու է տեղի ունենում

30 մայիսի, 2022  10:37

Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի դպրոցում հրաձգության հետեւանքով չորրորդ դասարանի ուսուցչուհի Իրմա Գարսիայի մահից երկու օր անց հանկարծամահ է եղել նաեւ նրա ամուսին Ջո Գարսիան։

Ջոն ուշաթափվել է տանը՝ Իրմայի հոգեհանգստին ծաղիկներ բերելուց անմիջապես հետո: Բժիշկներն ասել են, որ ողբերգությունից հետո հանկարծակի մահը կարող է վկայել կոտրված սրտի համախտանիշի մասին՝ հազվագյուտ հիվանդություն, որը նման է սրտի նոպայի:

NYU Langone-ից սրտաբան Հարմոնի Ռեյնոլդսը նշել է, որ տրավմատիկ իրադարձությունները կարող են նաեւ մահացու սրտի նոպա հրահրել:

Սրտի նոպաներն առաջանում են զարկերակների խցանումից, որը դադարեցնում է սրտին արյան մատակարարումը: Կոտրված սրտի համախտանիշով մարդիկ, ընդհակառակը, արտազատում են սթրեսի հորմոնների, օրինակ՝ ադրենալինի պոռթկումները, որոնք թույլ չեն տալիս սրտին պատշաճ կերպով կրճատվել։ Այս վիճակը պաշտոնապես հայտնի է որպես տակուցոբուի կարդիոմիոպաթիա , հայտնում է NBC News-ը:

Քլիվլենդի կլինիկայի տվյալներով՝ բժիշկները կոտրված սրտի համախտանիշ են հայտնաբերում սրտի նոպայի կասկածով պացիենտների գրեթե 2 տոկոսի մոտ: Այն հաճախ տեղի է ունենում սթրեսային իրադարձություններից անմիջապես հետո, ինչպիսիք են ավտովթարը, ֆինանսական կորուստները կամ մոտ մարդու անսպասելի մահը:

Կոտրված սրտի համախտանիշը մարդկանց մոտ կարող է զարգանալ նաեւ դրական, էմոցիոնալ հագեցած իրադարձությունից հետո, ինչպիսին է անակնկալ խնջույքը կամ վիճակախաղում շահելը, կամ ֆիզիկական իրադարձությունից, օրինակ՝ ֆիզիկական ուժեղ ծանրաբեռնվածությունից հետո:

Սթրեսային իրադարձությունից հետո կրծքավանդակում անսովոր անհանգստությունը կամ շնչարգելությունը կարող են լինել կոտրված սրտի համախտանիշի նշաններ, սակայն միշտ չէ, որ նախազգուշացնող նշաններ են լինում, ասել է սրտաբան Դիպակ Բհաթը:

Կոտրված սրտի համախտանիշն արտաքինից նման է սրտի սովորական նոպայի: Բժիշկներն օգտագործում են պատկերային թեստեր, որպեսզի տարբերեն մեկը մյուսից եւ որոշեն ինչպես բուժել պացիենտներին:

Այս հիվանդությունն առավել տարածված է 50 եւ ավելի տարեկան կանանց շրջանում: 2021 թվականին կատարված հետազոտության մեջ կանայք կազմել են կոտրված սրտի համախտանիշի դեպքերի մոտ 88 տոկոսը: 2020 թվականի հետազոտությունը նաեւ պարզել է, որ տագնապային խանգարումներն ավելի տարածված են կոտրված սրտի համախտանիշով պացիենտների, քան առողջ մարդկանց շրջանում:

Ըստ Քլիվլենդի կլինիկայի տվյալների՝ կոտրված սրտի համախտանիշով մարդկանց մոտ 1 տոկոսն ի վերջո մահանում է դրանից: Շատերն ամբողջությամբ ապաքինվում են մեկ ամսվա ընթացքում եւ սրտի երկարատեւ վնասվածքներ չեն ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել