• Latest news

Ի՞նչ գլոբալ խնդիրների առջեւ է կանգնած այսօր ՀՀ առողջապահության ոլորտը եւ արդյո՞ք դրանք հնարավոր է լուծել

28 հուլիսի, 2022  19:36

Հայաստանում մահացության 10 դեպքից 9-ը կապված է ոչ վարակիչ հիվանդությունների հետ, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, թոքերի եւ քաղցկեղի: Այդ հիվանդությունների կանխարգելումը սովորաբար շատ ավելի հեշտ է, քան բուժումը: Սակայն կանխարգելմամբ պետք է զբաղվի առաջնային օղակը, որը, ըստ երեւույթին, այդ խնդիրն այժմ առանձնապես չի կարողանում կատարել:

Առողջապահական նոր հարթակի՝ HENAR (Health Network for Armenia) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում առողջապահական համակարգն այսօր մի շարք գլոբալ խնդիրների է բախվում. խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ առաջնային օղակի եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վատ կազմակերպումը միակը չեն այն խնդիրներից, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Առկա է նաեւ առողջապահության ոլորտի ոչ արդյունավետ ֆինանսավորման եւ բազմաթիվ այլ մարտահրավերներ։

Առողջապահությունը՝ որպես Հայաստանի առաջնահերթ ոլորտ

Future Armenian հասարակական նախաձեռնության շրջանակներում անցկացված հարցման համաձայն՝ առողջապահությունն այն երեք հիմնական ոլորտներից մեկն է, որը կարող է հեշտացնել այլ երկրներից մարդկանց տեղափոխմանը Հայաստան: Անվտանգության եւ աշխատանք գտնելու հնարավորությունների հետ մեկտեղ, որակյալ եւ արդյունավետ առողջապահական համակարգը որպես հիմնական գործոն է նշվել հարցվածների մեծ մասի կողմից:

Դա նշանակում է, որ առողջապահական համակարգի մակարդակի եւ արդյունավետության բարելավումն ավելի քան երբեւէ կարեւոր է ոչ միայն բնակչության առողջության բարելավման եւ մահացության նվազեցման, այլեւ այլ երկրներից մարդկանց եւ ներդրումների ներգրավման համար:

Այժմ Հայաստանում առողջապահության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան։ Եվ եթե մենք ցանկանում ենք, որպեսզի իրավիճակը բարելավվի, ապա դրանք անհրաժեշտ է համատեղ լուծել։

Ոչ վարակիչ հիվանդությունները՝ որպես մահացության հիմնական պատճառ

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանում մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են. 10 մահվան դեպքերից 9-ը կապված են այնպիսի հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարախտը, սրտի եւ անոթային հիվանդությունները, քաղցկեղը եւ այլ պաթոլոգիաները:
Ինչպես նշեց Արման Ոսկերչյանը, այսօր բոլոր զարգացած երկրներում մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են, մինչդեռ զարգացող երկրներում մահացության կառուցվածքում վարակիչ հիվանդությունները շարունակում են զգալի տեղ զբաղեցնել։

«Այս իմաստով մենք ներառված ենք զարգացած երկրների խմբում, բայց ես այդ կապակցությամբ չէի ուրախանա։ Օրինակ՝ Հայաստանում սրտանոթային հիվանդությունները կազմում են մահացությունների ավելի քան 50 տոկոսը։ Դա զգալիորեն ավելի է, քան զարգացած երկրների մեծ մասում, որտեղ այդ հիվանդությունները «պատասխանատու» են մահացությունների մոտ 30-35 տոկոսի համար։ Հայաստանն ընդգրկված է սրտանոթային հիվանդություններից ամենաբարձր մահացություն ունեցող երկրների խմբում՝ գտնվելով այդ ցուցանիշով աշխարհում 28-րդ տեղում»,- նշեց մասնագետը։

Հայաստանում սրտանոթային եւ այլ ոչ վարակիչ հիվանդությունների նման մեծ տարածմանը նպաստում է առաջին հերթին մարդկանց կենսակերպը։ Ռիսկի ամենալուրջ գործոններն են խելը, գիրությունը, անառողջ սննդակարգը, ալկոհոլի չափից ավելի օգտագործումը, ֆիզիկական ակտիվության պակասը եւ մի շարք այլ բնութագրեր, եւ դրանք բոլորը լայնորեն տարածված են Հայաստանում։

Բացի այդ, ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակին հայտնաբերմանն ու դրանց առավել արդյունավետ բուժմանը խոչընդոտում է կանոնավոր չեքափների մշակույթի բացակայությունը:

«Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է պարբերաբար ստուգումներ անցնում։ Շատ աննշան: Արդյունքում, Հայաստանի բնակչության մոտ մեկ երրորդը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի միանգամից մի քանի գործոնների ենթարկված։ Փաստորեն, Հայաստանի բնակչության մոտ 22 տոկոսը ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգի տակ է։ Դրանք շատ լուրջ թվեր են»,- նշեց մասնագետը։

Հիվանդների խնամք՝ առողջության պահպանման փոխարեն

Երբ խոսքը սրտանոթային հիվանդությունների մասին է, շատերը մտածում են դրանց բուժման նոր մեթոդների մասին։ Այո, անգիոպլաստիկան, վնասված անոթների ստենտավորումը եւ բուժման ժամանակակից այլ մեթոդներ, անշուշտ, կյանքեր են փրկում։ Սակայն սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը շատ ավելի հեշտ, արդյունավետ եւ ավելի էժան կլիներ, քան ընդգծված ախտանիշներով հիվանդների բուժումը:
Խնդիրն այն է, որ ժամանակակից բժշկությունն այսօր զբաղվում է ոչ թե առողջության պահպանմամբ (healthcare), այլ հիվանդների խնամքով (sickcare): Այս մասին օրեր առաջ Հայաստանի ամերիկյան համալսարանում կենսագիտության վրա հիմնված խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպման ժամանակ ասաց նաեւ հայազգի հայտնի ձեռներեց եւ բարերար Նուբար Աֆեյանը։

«Այսօր ռեսուրսների մեծ մասն ուղղվում է հիվանդությունների բուժմանը, այլ ոչ թե դրանց կանխարգելմանը։ Եվ դա խնդիր է, հատկապես, երբ առողջապահական ծախսերը ՀՆԱ-ից ավելի արագ են աճում, ինչը երկարաժամկետ հեռանկարում առողջապահության ֆինանսավորման այս մոդելն անկայուն է դարձնում: Բայց որքան արդյունավետ կանխարգելենք հիվանդությունները, զբաղվենք կանխարգելմամբ, այնքան ավելի երկար կհետաձգենք այն պահը, երբ մարդն առողջ մարդու կարգավիճակից կանցնի հիվանդի կարգավիճակին։ Դա ավելի լավ կլինի հենց մարդու համար, իսկ առողջապահական համակարգի համար՝ ավելի էժան»,- ասաց Արման Ոսկերչյանը։

Առաջնային օղակը մայրաքաղաքում եւ մարզերում

Ոսկերչյանի խոսքով՝ Հայաստանում առաջնային օղակի հետ կապված, որը, ի թիվս այլ հարցերի, պետք է զբաղվի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմամբ, լուրջ խնդիրներ կան: Դա ենթակառուցվածքների, կադրային խնդիրն է, բժշկական ծառայությունների որակի վերահսկման համակարգի բացակայությունը եւ շատ այլ հարցեր:

Շատ զարգացած երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան, առաջնային օղակը շատ կարեւոր դեր է խաղում առողջապահական համակարգում. գրեթե ցանկացած գանգատով հիվանդները նախ դիմում են ընտանեկան բժշկի, որն իր հերթին կամ բուժում է նշանակում, կամ անհրաժեշտության դեպքում, նրանց ուղարկում է նեղ մասնագետների մոտ։ Այդպիսի երկրներում ընտանեկան բժիշկներն այնքան բարձր որակավորում ունեն, որ կարող են ինքնուրույն ախտորոշել եւ բուժել բազմաթիվ հիվանդություններ, որոնցով Հայաստանում զբաղվում են բացառապես նեղ մասնագետները։

Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է, եւ հիվանդների մեծ մասը ցանկացած խնդրի դեպքում  անմիջապես դիմում է նեղ մասնագետի՝ սովորաբար բժշկական կենտրոններում՝ շրջանցելով առաջնային օղակը։ Դա, ինչպես նշեց Արման Ոսկերչյանը, վկայում է այն մասին, որ առողջապահական մոդելը երկրում արդյունավետ չի գործում։ Առաջնային օղակի բժիշկների նկատմամբ վստահություն չկա ոչ միայն հիվանդների, այլեւ նույնիսկ առողջապահության ոլորտի մասնագետների մոտ:

Առաջնային օղակի ոլորտում մասնագետների պակասի խնդիրը, ըստ Ոսկերչյանի, Հայաստանում եւս շատ սուր է, հատկապես՝ մարզերում։ Ավելին, ոչ միայն բժիշկների, այլեւ բուժքույրերի պակաս կա։ Ինչպես նշեց մասնագետը, 100 հազար բնակչության հաշվով բուժքույրերի թիվը մոտ երկու անգամ պակաս է, քան տարածաշրջանի այլ երկրներում։

«Եվ սա շատ լուրջ խնդիր է, քանի որ արդյունավետ աշխատող բուժքույրական անձնակազմը բազմաթիվ առումներով թեթեւացնում է բժիշկների բեռը եւ, ի վերջո, հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ ծառայություններ ապահովել եւ մատուցել հիվանդներին»,- նշեց մասնագետը:

Ֆինանսավորում

Ինչպես նշեց Արման Ոսկերչյանը, Հայաստանում առողջապահության ծախսերի մինչեւ 84 տոկոսը վճարվում է հենց պացիենտի գրպանից։ Մասնագետի խոսքով՝ նման տոկոս չկա աշխարհի գրեթե ոչ մի երկրում։ Ռուսաստանում, օրինակ, բոլոր ծախսերի 38 տոկոսը վճարվում է պացիենտի հաշվին, Վրաստանում՝ մինչեւ 50 տոկոսը։

Ավելին, Հայաստանի բնակչության մոտ 16-17 տոկոսը համատեղ ընտանեկան բյուջեի ավելի քան 10  տոկոսը ծախսում է բժշկական ծառայությունների, ներառյալ դեղորայքի վրա։ Դա, մասնագետի խոսքով, շատ մեծ թիվ է, եւ ներկայիս առողջապահական համակարգը պետք է վերանայվի։

Այս խնդրի հնարավոր լուծում կարող է լինել բժշկական ապահովագրության ունիվերսալ մոդելի ներդրումը։

Ոսկերչյանի խոսքով՝ առողջապահության ֆինանսավորման մոդելներն աշխարհում չորսն են՝

1. Առողջապահության ազգայնացված համակարգ, որում ծախսերը փակվում են պետբյուջեի հաշվին, հարկային հաշվառումների հաշվին (ինչպես ԽՍՀՄ-ում, այսօր նման մոդել կա Մեծ Բրիտանիայում, Սկանդինավյան երկրներում, Իսպանիայում եւ մի շարք այլ երկրներում։

2. Սոցիալական բժշկական ապահովագրության մոդել, այսպես կոչված Բիսմարկի մոդել, որն իրականացվում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ճապոնիայում եւ որոշ այլ երկրներում։ Մոդելը նախատեսում է մասնավոր ապահովագրական ընկերությունների առկայություն, որոնք խստորեն վերահսկվում են պետության կողմից։ Ընդ որում, սոցիալական ապահովագրության հիմնադրամներ վճարումներն իրականացվում են աշխատողների եւ գործատուի հաշվին, իսկ պետությունը ծածկում է սոցիալապես խոցելի խմբերի կարիքները։

3. Ազգային բժշկական ապահովագրության մոդել, որը նախատեսում է մեկ պետական ապահովագրական ծրագրի առկայություն, որն ապահովում է ողջ բնակչության պահանջները եւ վճարում է ծառաայությունների դիմաց ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բժշկական հաստատություններում։ Տվյալ մոդելը գործում է Կանադայում, Հարավային Կորեայում եւ այլ երկրներում։

4. Վճարովի բժշկություն, այսինքն ֆինանսավորում հենց պացիենտի հաշվին։ Տվյալ մոդելն իրականացվում է զարգացող երկրների մեծամասնությունում։

Զարգացած երկրներում հաճախ հանդիպում է հիբրիդային տարբերակ, որը տարբեր մոդելների համակցություն է։ Դրա վառ օրինակն է ԱՄՆ-ն։ ՉՆայած նրան, որ ԱՄՆ-ում առողջապահության համար ծախսվում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը, բնակչության զգալի մասը՝ մինչեւ քսան տոկոս, չունի ապահովագրություն եւ հասանելիություն բժշկական ծառայությունների նկատմամբ։

Ֆինանսավորման բոլոր այս մոդելները, մասնագետի խոսքով, ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը։ Իդեալական մոդել չկա։ Հայաստանում պետք է ընտրել առավել հարմար մոդել՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկություններն ու իրողությունները։

«Պետք է մոդել, որն ապահովում է հավասար հասանելիություն ապահովագրության նկատմամբ»,-նշեց մասնագետը։

Գլխավոր հարցը՝ ի՞նչ անել  

 «Հայաստանում առողջապահական համակարգի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար ապագա հայ մասնագետներն անցյալ տարի McKinsey & Company-ի հետ համատեղ ուսումնասիրություն են անցկացրել՝ գնահատելու առողջապահության ներկայիս մոդելն ու համակարգը:

Հետազոտության արդյունքում փորձագետները մշակել են մի շարք առաջարկություններ, որոնք կօգնեն բարելավել երկրում առողջապահական համակարգը։ Գաղափար կար նաեւ ստեղծել մի հարթակ, որն ի վիճակի կլինի համակարգային մակարդակով լուծել այսօր Հայաստանի առողջապահության առջեւ ծառացած խնդիրները։

Այս հարթակը դարձավ HENAR - Health Network for Armenia բարեգործական հիմնադրամը, որը ստեղծվել է 2021 թվականին Արման Ոսկերչյանի, Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի կողմից։

«Մեր հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական համակարգում կառուցվածքային վերափոխման փոփոխություններին՝ ստեղծելով գործընկերային ցանց, որը կկարողանա իրականացնել տարբեր բարդության ծրագրեր՝ ուղղված համակարգային փոփոխություններին եւ երկրի առողջապահության վրա երկարաժամկետ ազդեցությանը»,-ասաց Ոսկերչյանը։

Ելնելով վերոհիշյալ  Future Armenian ուսումնասիրության արդյունքներից՝ ընտրվել են մի քանի առաջնահերթ ոլորտներ, որոնք առաջնահերթ են լինելու՝

1. Առողջության առաջնային խնամք։ Ինչպես նշվեց վերեւում, այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է շուտափույթ լուծում ստանան, քանի որ դա այն առաջնային օղակն է, որը հանդիսանում է արդյունավետ առողջապահական համակարգի հիմքը:

2. Կադրերի, կադրային ներուժի զարգացում, բժիշկների, բուժքույրների վերապատրաստում, գիտելիքների եւ որակավորման բարձրացում։ Սա առաջադրանքների հսկայական բլոկ է, հատկապես հաշվի առնելով, որ նոր ախտորոշիչ եւ բուժման տեխնոլոգիաները ներդրվում են մեծ արագությամբ:  

3. Թվային տեխնոլոգիաների ներդրում։ Առողջապահությունն այսօր ամենաառաջադեմ ոլորտներից է, որտեղ նոր տեխնոլոգիաները ներդրվում են հսկայական արագությամբ, եւ անընդունելի է հետ մնալ համաշխարհային միտումներից։

4. Առողջության անվտանգություն եւ կանխարգելիչ բժշկություն։  Սա նոր հայեցակարգ է, որը ներառում է եւ՛ արտաքին մարտահրավերներին (օրինակ՝ համավարակ) համար առողջապահական համակարգի պատրաստվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, եւ՛ ռիսկի գործոնների արդյունավետ բացահայտում, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում՝ հիվանդությունները հետաձգելու նպատակով եւ նպաստելու առողջ մարդու երկարակեցությանը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ