• Latest news

Հաստ աղիքի քաղցկեղ. ի՞նչ է պետք իմանալ դրա մասին և ինչպես կարելի է այն կանխել

3 ապրիլի, 2024  22:43

Հաստ աղիքի քաղցկեղը երրորդ ամենատարածված քաղցկեղն է աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այն կազմում է քաղցկեղի բոլոր դեպքերի մոտ 10%-ը։ Մահացության մակարդակը նույնպես շատ բարձր է. կոլոռեկտալ քաղցկեղը ներկայումս համարվում է քաղցկեղից մահացության երկրորդ հիմնական պատճառն ամբողջ աշխարհում:

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիստ Թևոս Սարգսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ կոլոռեկտալ քաղցկեղից մահացության բարձր ցուցանիշը պայմանավորված է դրա ուշ ախտորոշմամբ. չնայած կանխարգելման հասանելիությանն ու արդյունավետությանը, շատ դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ բուժումն այլևս արդյունավետ չէ:

Փորձենք պարզել, թե ինչ է հայտնի այս հիվանդության մասին, ինչ ախտանշաններ կարող են վկայել դրա մասին, ում մոտ է դրա հետ բախվելու ռիսկն ավելի մեծ և ինչ կարելի է անել այն կանխելու համար:

Ի՞նչ ախտանշաններ են վկայում հաստ աղիքի քաղցկեղի մասին

Երկար ժամանակ կոլոռեկտալ քաղցկեղը զարգանում է առանց որևէ նկատելի ախտանիշի. ահա թե ինչն է հիվանդությունը դարձնում այդքան վտանգավոր։ Այն վաղ փուլերում հայտնաբերելու համար, կամ նույնիսկ նախքան բարորակ պոլիպները վտանգավոր ուռուցքների կվերածվեն, անհրաժեշտ է կանխարգելիչ հետազոտություններ անցկացնել:

Հետագա փուլերում կոլոռեկտալ քաղցկեղի հիմնական ախտանիշներից մեկը կղանքի մեջ արյունն է: 

«Արյունը կղանքի մեջ ոչ մի դեպքում նորմալ չէ: Սա ախտանիշ է, որի համար պետք է անհապաղ դիմել բժշկի՝ անկախ տարիքից, այս երևույթի հաճախականությունից և այլ գործոններից»,- նշեց մասնագետը։

Ըստ նրա՝ թութքով հիվանդ որոշ բուժառուներ, կղանքի մեջ արյուն նկատելով, ուշադրություն չեն դարձնում դրան՝ կարծելով, որ այդ ախտանիշը կապված է թութքի հետ։ Արդյունքում նրանք կարող են բաց թողնել հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վաղ փուլերը, երբ հաջող բուժման հավանականությունն ավելի բարձր կլիներ: Այդ իսկ պատճառով այսօր մասնագետները թութքով 40 տարեկանից բարձր բոլոր հիվանդներին խորհուրդ են տալիս կանխարգելիչ կոլոնոսկոպիա անցնել։

Հաստ աղիքի քաղցկեղի այլ ախտանիշներ կարող են ներառել որովայնի կանոնավոր ցավը, քրոնիկ փորկապությունը կամ փորլուծությունը, քաշի անբացատրելի կորուստը և սակավարյունությունը: Այս բոլոր ախտանիշների առկայության դեպքում խորհուրդ է տրվում չհետաձգել բժշկի այցը։

Ռիսկի գործոններ. Ովքե՞ր են ավելի հաճախ հիվանդանում հաստ աղիքի քաղցկեղով 

Ինչպես նշեց Թևոս Սարգսյանը, կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի գործոնները, ինչպես քաղցկեղի այլ տեսակների դեպքում, կարելի է բաժանել երկու խմբի՝ ռիսկեր, որոնք կապված են կենսակերպի հետ և ռիսկեր, որոնց վրա մենք չենք կարող ազդել։

Ռիսկի գործոնների առաջին խումբը ներառում է կենսակերպի առանձնահատկությունները. օրինակ՝ ծխելը, ալկոհոլը և սխալ սննդակարգը մեծացնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ռիսկի գործոն է համարվում նաև նստակյաց կենսակերպը։

Ինչ վերաբերում է ռիսկի մյուս գործոններին, որոնց վրա չենք կարող ազդել, ապա դրանք հիմնականում ներառում են ժառանգական նախատրամադրվածությունը. եթե հիվանդի ծնողները կամ այլ հարազատներն ունեցել են այս հիվանդությունը, հիվանդի մոտ նույնպես մեծանում է դրա զարգացման հավանականությունը: Այդ իսկ պատճառով նման մարդկանց խորհուրդ է տրվում կանխարգելիչ կոլոնոսկոպիկ հետազոտություններն սկսել ոչ թե 45 տարեկանից, այլ 40 տարեկանից, և կատարել ոչ թե 4 տարին մեկ, այլ ավելի հաճախ՝ 2-3 տարին մեկ անգամ։

Հետաքրքիր է, որ հիվանդի սեռը նույնպես համարվում է ռիսկի գործոն. տղամարդիկ մոտ 1,5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում կոլոռեկտալ քաղցկեղով, քան կանայք: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ դա ուղղակիորեն կապված չէ հիվանդի սեռի հետ, այլ պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդիկ ավելի հաճախ են անառողջ կենսակերպ վարում, ծխում և չարաշահում են ալկոհոլի օգտագործումը:

Ինչպե՞ս կարելի է կանխել հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը

Կոլոնոսկոպիան այսօր համարվում է խնդիրը ժամանակին հայտնաբերելու ամենաարդյունավետ մեթոդը. պրոֆիլակտիկ կոլոնոսկոպիայի ժամանակ մասնագետը կարող է հիվանդի աղիքներում տեսնել բարորակ էպիթելային նորագոյացություններ և անմիջապես հեռացնել դրանք՝ դրանով իսկ կանխելով դրանց վերածումը չարորակ նորագոյացությունների:

ARS_9487.JPG (1.01 MB)

Զարգացած երկրներում կանխարգելիչ կոլոնոսկոպիան խորհուրդ է տրվում 45 տարեկանից բարձր բոլոր մարդկանց՝ անկախ նրանից գանգատներ ունեն, թե ոչ։ Իսկ հետազոտությունը կրկնել խորհուրդ է տրվում 4 տարին մեկ անգամ, քանի որ բարորակ պոլիպներից առնվազն 4-5 տարի է պահանջվում քաղցկեղային ուռուցքի վերածվելու համար։ Հաստ աղիքի քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող հիվանդներին, ինչպես նշվեց վերևում, խորհուրդ է տրվում այս հետազոտություններն սկսել ավելի վաղ տարիքից և ավելի հաճախ: 

Կոլոնոսկոպիայի արդյունավետությունը մեծապես կախված է օգտագործվող սարքավորումից, հետազոտությունն անցկացնող մասնագետից և նրանից, թե որքան ճիշտ են հիվանդի աղիները նախապատրաստել հետազոտությանը: 

Ժամանակակից սարքավորումները, ինչպես նշեց մասնագետը, հնարավորություն են տալիս աղիներում հայտնաբերել նույնիսկ ամենափոքր պոլիպները։ «Նաիրի» ԲԿ-ում օգտագործվող սարքավորումը հագեցած է նեղ շերտի պատկերման (narrow band imaging) տեխնոլոգիայով, որն օգտագործում է որոշակի ալիքի երկարությամբ կապույտ և կանաչ լույս՝ բարելավելու լորձաթաղանթի մակերեսի որոշ հատվածների դետալիզացիան, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն տեսնել անոթային ցանցը աղիքներում և նկատել ցանկացած դեֆորմացիա, որը կարող է վկայել այն մասին, որ նորագոյացություն է սկսել զարգանալ։ 

ARS_9476.JPG (750 KB)

Ինչպես նշեց մասնագետը, եթե կոլոնոսկոպիայի ժամանակ հայտնաբերվում են պոլիպներ, դրանք պարզապես էնդոսկոպիկ եղանակով հեռացվում են, և հիվանդը յկարիք չի ունենում որևէ այլ միջամտության՝ ո՛չ վիրահատության, ո՛չ էլ քիմիաթերապիայի։ Եթե արդեն ձևավորված ուռուցք է հայտնաբերվել, ապա պահանջվում է կատարել բիոպսիա, և հետագա գործողությունները կախված կլինեն դրա արդյունքներից: Եթե հաստատվում է, որ ուռուցքը չարորակ է, բուժառուն նաև պետք է համակարգչային շերտագրման հետազոտություն անցնի մետաստազները հայտնաբերելու համար, եթե այդպիսիք կան:

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման մեկ այլ մեթոդ կղանքում թաքնված արյան ստուգումն է: Եթե անալիզներում կասկածելի ոչինչ չի հայտնաբերվում, ապա շատ դեպքերում կարելի է մեկ տարով հետաձգել կոլոնոսկոպիան։ Եթե կղանքում արյուն է հայտնաբերվել, դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ բուժառուն հաստ աղիքի քաղցկեղ ունի․ սակայն հասկանալու համար, թե նա ինչ խնդիր ունի, խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ անցնել կոլոնոսկոպիա։

Կոլոնոսկոպիա. որքանո՞վ է դա վախենալու

Որոշ հիվանդներ համարում են, որ կոլոնոսկոպիան ամենասարսափելի և տհաճ հետազոտություններից մեկն է, որ կարելի է պատկերացնել: Բայց, ըստ Թևոս Սարգսյանի, ժամանակակից սարքավորումներն ու անզգայացումը հիվանդների համար հնարավորինս հարմարավետ են դարձնում այս հետազոտությունը։

«Մեզ մոտ կոլոնոսկոպիան կատարվում է ներերակային անզգայացման միջոցով, որն այլ կերպ կոչվում է դեղորայքային քուն: Պրոցեդուրայի ընթացքում բուժառուն քնում է և ոչինչ չի զգում»,- պարզաբանեց մասնագետը։

ARS_9479.JPG (1.03 MB)

Նրա խոսքով՝ կոլոնոսկոպիայի համար գործնականում հակացուցումներ չկան, բացառությամբ, որ այն ցուցված չէ սուր, կյանքին վտանգ սպառնացող պայմանների դեպքում, ինչպիսիք են ինֆարկտը և ինսուլտը։ 

Պրոցեդուրայի ընթացքում կամ դրա հետևանքով որևէ խնդրի առաջացման հավանականությունը նույնպես շատ ցածր է. Օրինակ՝ հաստ աղիքի պերֆորացիայի հավանականությունը մոտ 1 է 10-15,000-ից, և այդ ռիսկը կախված է բժշկի փորձից և հիվանդի աղիքների վիճակից․ առողջ աղիքները, իհարկե, հետազոտության ընթացքում վնասելը քիչ հավանական է։

Կոլոնոսկոպիային պատրաստվելը նույնպես այնքան սարսափելի չէ, որքան ոմանց կարող է թվալ: Մասնագետի խոսքով՝ այսօր աղիները մաքրելու համար խորհուրդ է տրվում ոչ թե հոգնա անել, որը կարող է ցանկալի արդյունք չտալ, այլ օգտագործել հատուկ պատրաստուկներ, որոնք նախատեսված են հենց դրա համար։

«Ճիշտ նախապատրաստված աղիքներով կոլոնոսկոպիան կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման ամենաինֆորմատիվ հետազոտությունն է»,- նշեց մասնագետը։

ARS_9464.JPG (831 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է