Մարդիկ, որոնք 30, 40, 50 և 60 տարեկան հասակում ճանաչողական կարողությունները խթանող զբաղմունք են ունեցել, 70-ն անց տարիքում ճանաչողական չափավոր խանգարումների և դեմենցիայի զարգացման ավելի նվազ հավանականություն ունեն, ասվում է Կոլումբիայի համալսարանի Մայլմանի հանրային առողջության դպրոցի, Ծերացման խնդիրների կոլումբիական կենտրոնի և Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի նոր հետազոտության մեջ:
Ստացված արդյունքներն ընդգծում են ճանաչողական կարողությունների խթանման կարևորությունը միջին տարիքում՝ ծերանալիս ճանաչողական ֆունկցիաները պահպանելու համար:
Սա առաջին ուսումնասիրությունն է, որն ամբողջությամբ հաստատում է այս կապը ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ գնահատականներով: Արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։
Հետազոտողները տվյալներ են հավաքել Նորվեգիայի վարչական գրանցման մատյանից և դրանք համադրել ԱՄՆ աշխատանքի, զբաղվածության և մասնագիտական ուսուցման նախարարության մասնագիտական տեղեկատվության ցանցի տվյալների բազայից վերցված ավելի քան 300 աշխատատեղերի մասնագիտական բնութագրերի հետ։ Միապաղաղ խնդիրների կատարման ինտենսիվության ինդեքսը (RTI) ցուցանիշների հիման վրա հաշվարկվել է որպես մասնագիտական ճանաչողական պահանջմունքների ցուցանիշ: Ավելի ցածր RTI-ն մատնանշել է ճանաչողական կարողությունների առումով ավելի բարդ մասնագիտություններ:
Հետագծային խմբային մոդելավորումը բացահայտել է տարբեր մասնագիտական ճանաչողական պահանջմունքների չորս խումբ՝ կախված 30, 40, 50 և 60 տարեկան մասնակիցների կողմից միապաղաղ խնդիրների կատարման աստիճանից։
Հետազոտողները վերլուծել են այս հետագծային խմբերի և հետազոտության մասնակիցների կլինիկորեն ախտորոշված ճանաչողական կարողությունների չափավոր խանգարումների և դեմենցիայի կապը: Բացի այդ, գիտնականները հաշվի են առել դեմենցիայի զարգացման վտանգի այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, կրթական մակարդակը, եկամուտը, առողջական ընդհանուր վիճակը և ապրելակերպը՝ հիմնվելով 1984-86 և 1995-97 թվականներին կատարված գնահատումների վրա:
Տարիքը, սեռը և կրթությունը հաշվի առնելուց հետո գիտնականները պարզել են, որ ցածր մասնագիտական ճանաչողական պահանջմունքներ ունեցող խմբում դեմենցիայի զարգացման վտանգը 37%-ով ավելի բարձր է այն խմբի համեմատ, որն ունի բարձր մասնագիտական ճանաչողական պահանջմունքներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր