Լուսինեն հերթական այցն է կատարում «Նաիրի» բուժկենտրոն։ Այստեղ ստացած բուժման շնորհիվ 35-ամյա կնոջ կյանքը փոխվել է․ նա իր առաջնեկին է սպասում 16 տարվա անպտղությունից հետո։
«Սա էլ մի ճանապարհ է, որ պիտի պայքարելով անցնեինք ու... ու անցանք», – ասում է Լուսինե Պետրոսյանը։
«Նաիրի» բուժկենտրոնի ռեւմատոլոգ Անուշ Մարդյանն ու ֆրանսահայ հայտնի պրոֆեսոր Արսեն Մեքինյանն են Լուսինեի համար հնարավոր դարձրել մայրությունը։ Ռեւմատոլոգ Մեքինյանը նախորդ տարվա ավարտին եռամսյա բացառիկ ծրագրով էր բուժկենտրոնում։ Հայաստանում առաջին անգամ նա ներկայացնում էր իմունոլոգիական հիվանդություններով պայմանավորված անպտղության բուժման՝ Եվրոպայում կիրառվող նոր մոտեցումներն ու դեղամիջոցները։ Բժշկության մեջ նոր զարգացող այս ուղղությունը բուժման հնարավորություն է տալիս այն դեպքերում, երբ հետազոտությունների արդյունքում բացառվում են անպտղության այլ պատճառները, առկա են կրկնվող անբացատրելի վիժումներ եւ արտամարմնային բեղմնավորման ձախողումներ։ Լուսինեն պրոֆեսորի ձեռնարկած ծրագրի առաջին բուժառուներից է։
«Քանի որ իրեն բուժող ռեպրադուկտոլոգի եւ գեմատոլոգի կողմից մեծ գործ էր կատարվել եւ պացիենտն ամբողջությամբ հետազոտված էր, մենք շատ կարճ՝ մի քանի հավելյալ հետազոտությունից հետո որոշեցինք բուժման տակտիկան եւ պլանը», – ասում է «Նաիրի» ԲԿ Ռեւմատոլոգիական եւ իմունոլոգիական ծառայության ռևմատոլոգ Անուշ Մարդյանը։
Առհասարակ, բուժման տակտիկան որոշում են պլանավորվող հղիությունից առնվազն 4 շաբաթ առաջ՝ համագործակցելով գինեկոլոգի, անհրաժեշտության դեպքում այլ մասնագետների հետ։ Օրգանիզմի իմուն ակտիվությունը ճնշող դեղորայքի ընդունումը շարունակվում է մինչեւ 12 շաբաթական հղիություն՝ ապահովելով իմպլանտացիայի բնականոն ընթացքը։ Լուսինեի դեպքում, մինչ պլանավորում էին հերթական արտամարմնային բեղմնավորման գնալ, զարգացել է ինքնուրույն հղիություն։
«Աստված ինձ օգնեց եւ այնպես ստացվեց, որ մենք հանդիպեցինք Արսեն Մեքինյանին շատ պատահաբար եւ ինքը մեր իստորիան լսելուց, իմ պատմելուց նա հասկացավ, թե իրականում որտեղից կարող ենք սկսել, որ փորձը կարող ենք փորձել, որ ստացվի։ Եվ այդ սխեման երբ ինքը կազմեց, ես շատ լիցքավորված, շատ սպասողական ու դեպի առաջ նայելով մտածեցի, որ այո, մի ելք իրականում կա», – ասում է Լուսինե Պետրոսյանը։
Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արսեն Մեքինյանի հիմնական աշխատավայրը՝ Փարիզի Սենտ Անտուան հիվանդանոցը, Եվրոպայում առաջատար է համարվում բուժման այս մեթոդի կիրառմամբ։ Նույն հիվանդանոցում յոթամսյա վերապատրաստում է անցել նաեւ «Նաիրի» բուժկենտրոնի ռեւմատոլոգ Անուշ Մարդյանը։ Մեթոդն այժմ Հայաստանում միայն «Նաիրի» բուժկենտրոնում է օգտագործվում։
«Նաիրի» բժշկական կենտրոնում այժմ նոր մեթոդով տասնյակ պացիենտներ են բուժվում։ Նրանց բուժման ընթացքին հեռավար կերպով հետեւում է նաեւ Արսեն Մեքինյանը, որի հետ ամենշաբաթյա տեսազանգերի միջոցով քննարկվում են հսկողության տակ գտնվող դեպքերը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day