Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան ուռուցքաբանության ոլորտում ժամանակակից կարևորագույն ախտորոշիչ եղանակներից է։ Այն կատարվում է ռադիոիզոտոպների կիրառմամբ, ուստի հատուկ տարածք և անվտանգության առանձնահատուկ միջոցներ է պահանջում: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում, որտեղ վերջերս է ներդրվել այս նորագույն ախտորոշիչ մեթոդը, ստեղծվել են բոլոր պայմանները հետազոտություններն անվտանգ եւ արդյունավետ իրականացնելու համար։
«Այստեղ մենք ունենք լաբորատորիա, որտեղ նախապատրաստվում են ռադիոակտիվ նյութեր պացիենտներին ներարկելու համար: ++ Նախապես բժշկի կողմից ինդիվիդուալ պացիենտի համար նշանակվում է դոզա եւ լաբորանտը համապատասխան այդ դոզայի նախապատրաստում է ռադիոակտիվ նյութը ներարկման համար: Ներարկումից հետո պացիենտը մոտ մեկ ժամ անցկացնում է հիվանդասենյակում, որպեսզի այդ ռադիոակտիվ նյութը կուտակվի օրգանիզմում», – ասում է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոնուկլիդային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Գուրգեն Էլբակյանը։
«Այս ամբողջ ընթացքում հիվանդը չպետք է շարժվի, խոսա, կարդա։ Այլ կերպ ասած, անհրաժեշտ է լիովին խուսափել մկանները լարելուց: Դա պայմանավորված է նրանով, որ ռադիոակտիվ նյութը կարող է կուտակվել ոչ միայն ուռուցքային հյուսվածքներում, այլ նաեւ մկաններում։ Սա կարող է խանգարել պատկերի մեր վերհանմանը: Հետազոտության մեկնարկից կես ժամ առաջ հիվանդին առաջարկվում է մոտ մեկ լիտր ջուր խմել՝ ռադիոակտիվ նյութի ճիշտ բաշխման համար», – ասում է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոլոգ Պավել Գելեժեն։
Ռադիոիզոտոպը, որը պացիենտը ստանում է հետազոտությունից առաջ, շաքարի նմանօրինակն է։ Այն ունի ուռուցքային բջիջների հետ կապվելու հատկություն, և դա բժշկին հնարավորություն է տալիս տեսնել այդ բջիջների կուտակումն օրգանիզմում։ Իզոտոպ ստանալուց առաջ անպայման պետք է ստուգվի պացիենտի արյան գլյուկոզայի մակարդակը, քանի որ շաքարի բարձր պարունակությունը կարող է աղավաղել պատկերը։
«Դեպքերի 90%-ում, նույնիսկ 95%-ում, մենք օգտագործում ենք պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա՝ ուռուցքաբանական պրոցեսները փուլավորելու համար։
Այսինքն՝ այն փուլում, երբ հիվանդը, ցավոք, հայտնաբերում է, որ ունի չարորակ ուռուցք, պետք է պարզել՝ ինչպես բուժել այս ուռուցքը, եւ դրա համար պետք է պարզել՝ ունի՞ պացիենտը մետաստազներ եւ որքան։
Հազվադեպ, բայց երբեմն օգտագործում ենք պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա՝ առաջնային ուռուցքը որոնելու համար: Այն դեպքերում, երբ պացիենտի օրգանզիմում հայտնաբերվում են ուռուցքային մետաստազ, սակայն չգիտենք՝ որտեղից է այն առաջացել կամ որտեղ է առաջնային օջախը», - ասում է Գելեժեն։
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան կիրառվում է նաեւ քաղցկեղի բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Հատկապես դա կարեւոր է լիմֆոմաների դեպքում: Նախկինում բուժման ընթացքը գնահատելու համար ստիպված էին ավշային հանգույցների բիոպսիա կատարել վիրահատական եղանակով ։ Այժմ ՊԷՏը հնարավորություն է տալիս խուսափել դրանից։
Հիվանդասենյակում մեկ ժամ անցկացնելուց հետո պացիենտին պառկեցնում են ՊԷՏ/ԿՏ սարքի մեջ։ Հետազոտությունն անցկացվում է երկու փուլով՝ նախ կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, այնուհետև՝ բուն պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան։
«Նախ կատարում ենք համակարգչային տոմոգրաֆիա՝ տեսնելու համար մարդու անատոմիան, ոսկորները, փափուկ հյուսվածքները, օրգանները: Հաջորդ քայլը ռադիոակտիվ նյութի տարածման վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է:
Երրորդ, առանցքային փուլը երկու պատկերների միաձուլումն է, այսպես կոչված Fusion-ը, եւ հստակ տեսնում ենք՝ որ օրգաններում կա ուռուցք, որոնցում՝ չկա», – ասում է ռադիոլոգը։
Իսկ որքանո՞վ է անվտանգ հետազոտության այս եղանակը՝ հաշվի առնելով, որ պացիենտին ռադիոակտիվ նյութ են ներարկում: Մասնագետները բացատրում են՝ ՊԷՏ հետազոտության ժամանակ օգտագործվում է կիսատրոհման շատ կարճ փուլ ունեցող իզոտոպ:
«Ռադիոակտիվ նյութի առավելությունը, որը մենք օգտագործում ենք այստեղ՝ կլինիկայում, նրա կիսատրոհման կարճ փուլն է, այսինքն՝ այն ժամանակը, որի ընթացքում նյութը քայքայվում է եւ վերածվում սովորական գլյուկոզայի՝ շաքարի։
Կիսատրոհման կարճ փուլը տեւում է մոտ երկու ժամ, այսինքն՝ մոտ երկու ժամվա ընթացքում մարդու մեջ ներմուծված նյութի կեսն ամբողջությամբ անհետանում է», – ասում է բժիշկը։
Գործնականում՝ հետազոտությունն ավարտվելուն պես, պացիենտի օրգանիզմում այս նյութի շատ քիչ քանակ է մնում: Սակայն լրացուցիչ ապահովության համար տոմոգրաֆիայից հետո պացիենտը մոտ մեկ ժամ մնում է հետհետազոտական սենյակում։
Կենտրոնի շենքն կառուցված է միջուկային բժշկության անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխան։ Սենյակները կապարապատ են, ջրահեռացման եւ օդափոխման համակարգերը եւս կառուցված են ճառագայթային կանոնները հաշվի առնելով։
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնում աշխատում են Siemens ընկերության վերջին սերնդի Biograph mCT PET/CT 64 սարքով: Այն ունի մի շարք առավելություններ, որոնցից առանցքայինը առանց ընդհատումների շարժվող սեղանն է։
«Սովորաբար պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի սկաներներում կիրառվում է սեղանի հաջորդական շարժում: Դրա պատճառով պատկերի օպտիմալ որակ ստանալու համար պետք է ավելի շատ ռադիոակտիվ նյութ ներարկվի: Մեր սարքը կիրառում է սեղանի անընդհատ շարժման գործառույթ: Դրա շնորհիվ կարող ենք ավելի քիչ ռադիոակտիվ նյութ ներարկել, պացիենտը ավելի քիչ ճառագայթման ազդեցության է ենթարկվում, եւ միեւնույն ժամանակ պատկերի որակն ավելի բարձր է, քան նախորդ սերնդի սարքերում»,– ասում է Գելեժեն։
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի նոր սերնդի սարքի գործարկումը Հայաստանում չափազանց մեծ նշանակություն ունի։ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը հագեցած է քաղցկեղի ճառագայթային բուժման արդիական բոլոր մեթոդներով, մասնագետներն անցել են միջազգայաին վերապատրաստումներ, նրան մեծ մասը հրավիրված է օտրաերկրյա պետություններից: Կենտրոնը պատրաստ է բարձրակարգ ճառագայթային բուժում ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day