Մեծահասակների շրջանում, որոնց մոտ ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության ախտանիշ (ADHD) է հաստատվել, մոտ 3 անգամ ավելի հավանական է դեմենցիայի զարգացումը, քան նրանց շրջանում, որոնք այդ ախտորոշումը չունեն: Այս եզրակացությանն է հանգել գիտնականների միջազգային թիմը։ 17 տարուց ավելի հետազոտողները հետևել են ավելի քան 100․000 մարդկանց առողջությանը և ADHD-ի ու դեմենցիայի հետագա զարգացման միջև ամուր կապ հայտնաբերել: Աշխատանքը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։
Հետազոտությունն ընդգրկել է 1933-ից 1952 թվականներին ծնված մարդկանց տվյալները: Դիտարկումների սկզբում մասնակիցների միջին տարիքը մոտ 58 էր: Բոլորը մինչև 2003 թվականը չունեին ADHD-ի ախտորոշում կամ դեմենցիայի նշաններ: Հետագա տարիների ընթացքում բժիշկները հետևում էին, թե նրանցից ում մոտ է ախտորոշվել ADHD, իսկ հետո ում մոտ է դեմենցիա զարգացել, գրում է gazeta.ru-ն: Արդյունքները ցույց են տվել, որ ADHD-ով ախտորոշվածների շրջանում 13,2%-ի մոտ առաջացել է դեմենցիա, մինչդեռ մյուս մասնակիցների մոտ այդ ցուցանիշը կազմել է 7%:
Նույնիսկ հնարավոր ռիսկային գործոնների հաշվառումից հետո, ինչպիսիք են տարիքը, կախվածությունները, համակցված հիվանդությունները և սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ADHD ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը մնաց զգալիորեն ավելի բարձր՝ գրեթե 2,8 անգամ: Ավելին, այս կապը պահպանվեց նաև ենթախմբերի՝ ըստ սեռի, տարիքի, դեղերի օգտագործման, ավելի մանրամասն վերլուծումից հետո:
Հետաքրքիր է, որ ADHD-ի համար սովորաբար նշանակվող խթանիչ դեղամիջոցների ընդունումը կապված չէր դեմենցիայի վտանգի հետ: Սա կարող է նշանակել, որ դեղերը կամ չեն ազդում ճանաչողական կարողությունների վատացման վրա, կամ, ընդհակառակը, պաշտպանիչ ազդեցություն ունեն, թեև հեղինակներն ընդգծում են, որ վերջնական եզրակացություններ անելու համար տվյալները բավարար չեն:
Հետազոտողները նաև դիտարկել են այն վարկածը, որ ADHD-ն հասուն տարիքում կարող է սխալմամբ ախտորոշվել որպես վաղ փուլի դեմենցիա: Սակայն ախտորոշման հաստատման և դեմենցիայի զարգացման միջև ընկած ժամանակահատվածների վերլուծությունը ցույց տվեց, որ դա չի բացատրում բացահայտված կապը:
Աշխատության հեղինակները ենթադրում են, որ ADHD-ն կարող է ուղեղի աշխատանքի երկարաժամկետ առանձնահատկությունների նշան լինել, որոնք ժամանակի ընթացքում նվազեցնում են տարիքային փոփոխություններն ու վնասվածքները հաղթահարելու ուղեղի կարողությունը: Հնարավոր է նաև, որ ADHD-ով մեծահասակների մոտ ավելի հաճախ է նկատվում դեպրեսիա, ցածր ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի օգտագործում և այլ գործոններ, որոնք նպաստում են դեմենցիայի զարգացմանը, թեև ուսումնասիրության ընթացքում այս գործոնները հաշվի են առնվել:
Չնայած սահմանափակումներին, ներառյալ թեթև կամ չախտորոշված դեպքերը հաշվի չառնելը և ախտանիշների ծանրության և բուժման ազդեցության վերաբերյալ տվյալների բացակայությունը, հետազոտողներն ընդգծում են մեծահասակների և տարեցների ADHD-ի նկատմամբ ավելի մեծ ուշադրության անհրաժեշտությունը: Այս խանգարումը կարող է հեռահար հետևանքներ ունենալ ուղեղի առողջության վրա, և դրա ժամանակին ախտորոշումը և բուժումը կարող են կարևոր դեր խաղալ ճանաչողական խանգարումների կանխարգելման գործում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day