Բժիշկները հայտնաբերել են մի դեղամիջոց, որն ասպիրինից ավելի արդյունավետ է սրտի կաթվածի և ինսուլտի կանխարգելման գործում. այս հայտնագործությունը կարող է փոխել առողջության վերաբերյալ համաշխարհային առաջարկները։
Տարիներ շարունակ միլիոնավոր մարդկանց խորհուրդ են տվել ամեն օր ցածր չափաբաժնով ասպիրին ընդունել՝ արյունը նոսրացնելու և սրտանոթային լուրջ խնդիրների ռիսկը նվազեցնելու համար։ Սակայն Մադրիդում կայացած աշխարհի խոշորագույն սրտաբանական կոնգրեսում ներկայացված և «Lancet» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կլոպիդոգրելը, որը լայնորեն նշանակվող հակամակարդիչ է, ավելի արդյունավետ է և չի մեծացնում արյունահոսության ռիսկը։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի միջազգային հետազոտական խումբը հետազոտել է սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ) ունեցող գրեթե 29 հազար պացիենտի և պարզել, որ կլոպիդոգրելը ավելի լավ է կանխարգելում սրտի կաթվածներն ու ինսուլտները՝ առանց լրացուցիչ ռիսկերի։ ՍԻՀ-ը սրտանոթային հիվանդությունների ամենատարածված ձևն է և մահվան ու հաշմանդամության հիմնական պատճառն ամբողջ աշխարհում։ Հիվանդությունն առաջանում է, երբ սրտի զարկերակները նեղանում են ճարպային կուտակումների (աթերոմա) պատճառով՝ առաջացնելով ստենոկարդիա, իսկ ամբողջական խցանումը կարող է հանգեցնել ինֆարկտի։
Արդյունքները կասկածի տակ են դնում ասպիրինի՝ որպես միլիոնավոր հիվանդների մոտ սրտանոթային դեպքերի կանխարգելման ստանդարտ խնամքի վերաբերյալ երկարատև առաջարկությունները: Յոթ կլինիկական փորձարկումների վերլուծությունը ցույց է տվել, որ լուրջ սրտանոթային կամ ուղեղանոթային դեպքերի ռիսկը 14%-ով ավելի ցածր է կլոպիդոգրել ընդունող հիվանդների մոտ, քան ասպիրին ընդունող հիվանդների մոտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում