Մոնաշի համալսարանի ինժեներները մշակել են փափուկ, կրելի կպչուն պլաստիր, որը թույլ է տալիս հղիության ընթացքում կլինիկայից դուրս անընդհատ վերահսկել պտղի շարժումները: Մշակումը նկարագրված է Science Advances (SciAdv) ամսագրում:
Մոտավորապես 10-14 քառակուսի սանտիմետր չափսի բարակ կտորը գրանցում է շարժումները, ինչպիսիք են գլորվելը, ձգվելը և հրելը: 59 հղի կանանց մասնակցությամբ կլինիկական ուսումնասիրության ժամանակ սարքը ավելի քան 90% ճշգրտությամբ ճանաչել է շարժումները։
Գիտնականները հիշեցրել են, որ ներկայումս ապագա մայրերի մեծ մասը տնային պայմաններում ապավինում է պտղի շարժումների ինքնուրույն հաշվարկին, ինչը հաճախ անհանգստություն է առաջացնում և չի տալիս երեխայի վիճակի լիարժեք պատկերը։ Գլխավոր հետազոտող Վինայակի խոսքերով՝ նոր տեխնոլոգիան պետք է լրացնի այդ բացը և ապահովի հարմարավետ, ոչ ինվազիվ հսկողություն։ Նա նշել է, որ պլաստիրը թեթև է, ճկուն և նախատեսված է երկարատև կրելու համար՝ առանց ամենօրյա ակտիվությունը սահմանափակելու։
Մոնաշի համալսարանի Կենսաբժշկական ազդանշանների մշակման լաբորատորիայի ղեկավար Ֆեյ Մարցբանրադը հավելել է. «Սարքի արդյունավետությունը ձեռք է բերվում փափուկ նյութերի, ազդանշանների առաջադեմ մշակման և արհեստական բանականության համադրման շնորհիվ։ Երկու սենսորները ֆիքսում են որովայնի մակերեսի բնորոշ փոփոխությունները, որոնք առաջանում են պտղի շարժման ժամանակ, իսկ մեքենայական ուսուցման համակարգը վերլուծում է այդ ազդանշանները և տարանջատում դրանք մոր շարժումներից»։
Մինչ մասնակիցների վրա փորձարկումներ անցկացնելը, գիտնականները ստուգել են սենսորների աշխատանքը որովայնի խոռոչի 2D և 3D մոդելների վրա՝ գնահատելով, թե դրանք ինչպես են ընկալում տարբեր անկյուններից և խորություններից ոտքով իմիտացիոն հարվածները։ Այնուհետև, երկու պլաստիր է տեղադրվել հղի կանանց որովայնի վրա, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) օգտագործվել է որպես ալգորիթմների ուսուցման համար նախատեսված չափորոշիչ։
Հետազոտողները շեշտում են, որ տեխնոլոգիան չի փոխարինում բժշկական զննումները, այլ կարող է լրացնել ստանդարտ խնամքը, օգնել ավելի վաղ նկատել ակտիվության փոփոխությունները և նվազեցնել ապագա ծնողների սթրեսը։ Հաջորդ քայլերն են՝ ընդլայնված կլինիկական փորձարկումները և կարգավորող մարմինների թույլտվությունների ստացումը՝ հիվանդանոցից դուրս կիրառման համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day