ԱՄՆ բնակիչը ընդհանուր անզգայացումից արթնանալուց հետո սկսել է սահուն խոսել իսպաներեն, չնայած այն հանգամանքին, որ առօրյա կյանքում գրեթե չի տիրապետում այդ լեզվին։ Այս մասին գրում է Dangerous Minds պարբերականը։
Յուտա նահանգի 33-ամյա բնակիչ Սթիվեն Չեյզը պատմել է, որ այս անսովոր երևույթն առաջին անգամ ի հայտ է եկել, երբ ինքը 19 տարեկան էր։ Վիրահատությունից հետո արթնանալով՝ նա հանկարծ սկսել է վստահորեն պատասխանել բուժանձնակազմին իսպաներենով։ Նմանատիպ իրավիճակը կրկնվել է նաև հաջորդող վիրահատություններից հետո. արթնանալուց հետո մոտ մեկ ժամ նա ազատ շփվել է այդ լեզվով, թեև հիվանդանոցից դուրս իմացել է ընդամենը մի քանի պարզ արտահայտություն։
Չեյզի խոսքով՝ բուժքույրերը տվել են ինքնազգացողության և ցավի մասին ստանդարտ հարցեր, իսկ ինքը մեխանիկորեն պատասխանել է իսպաներեն՝ նույնիսկ չգիտակցելով, թե դա ինչպես է տեղի ունենում։
Տղամարդը ենթադրում է, որ մանկության տարիներին իր ուղեղը կարող էր «մտապահել» լեզուն. նա հաճախ էր լինում իր լավագույն ընկերոջ տանը, որտեղ ծնողները մշտապես իսպաներեն էին խոսում։ Թեև այն ժամանակ նա չէր հասկանում բառերի իմաստը, սակայն ձայնային տեղեկատվությունը, հավանաբար, պահպանվել է ենթագիտակցական մակարդակում։ Այժմ, վիրահատություններից առաջ, Չեյզը նախապես զգուշացնում է բժիշկներին իր այս առանձնահատկության մասին՝ շփոթմունքից խուսափելու համար։
Այս հազվագյուտ երևույթը հայտնի է որպես «օտար լեզվի համախտանիշ»: Որպես կանոն, այն կարճ է տևում՝ ոչ ավել, քան մեկ ժամ և մասնագետների կարծիքով, կապված է անզգայացումից, վնասվածքից կամ ուժեղ սթրեսից հետո ուղեղի աշխատանքի ժամանակավոր փոփոխությունների հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day