Ավստրալիայում Նոր Հարավային Ուելս նահանգի Կենտրոնական ափի 16-ամյա բնակիչը մահացել է կարմիր մսի նկատմամբ հազվադեպ հանդիպող ալերգիայից, որն առաջացել էր տիզի խայթոցից։ Նախկինում այս համախտանիշը կապում էին Amblyomma americanum տիզի հետ։ Այս տեսակը բնակվում է ԱՄՆ-ի հարավային և արևելյան նահանգներում, սակայն վերջին շրջանում դրա հայտնվելը գրանցվում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է News.com.au-ն։
2022 թվականի հունիսին Ջերեմի Ուեբը հյուր է գնացել Մակմաստերս Բիչ ափամերձ շրջանում ապրող իր ընկերներին։ Տավարի մսից պատրաստված նրբերշիկ ուտելուց հետո նրա մոտ շնչառական խնդիրներ են սկսվել։ Վիճակը կտրուկ վատթարացել է. դեռահասը կորցրել է գիտակցությունը և ավելի ուշ՝ հունիսի 11-ին, մահացել Գոսֆորդի հիվանդանոցում։
Ի սկզբանե մահվան պատճառ էր համարվում ասթմայի ծանր նոպան։ Սակայն քննությունը ցույց է տվել, որ ճակատագրական ռեակցիան առաջացրել է անաֆիլաքսիան՝ սուր ալերգիկ ռեակցիա կաթնասունների մսի նկատմամբ։ Այն զարգացել է տիզերի խայթոցներից հետո ձևավորված նախնական զգայունության ֆոնին և հանգեցրել ասթմատիկ ստատուսի։
Խոսքը այսպես կոչված «ալֆա-գալ» համախտանիշի մասին է՝ կենդանական ծագման մթերքների, այդ թվում՝ տավարի, խոզի և ոչխարի մսի նկատմամբ ալերգիա։ Ի տարբերություն սննդային ալերգիաների մեծ մասի՝ ախտանշանները կարող են ի հայտ գալ ոչ թե անմիջապես, այլ ուտելուց մի քանի ժամ անց, ինչը դժվարացնում է ախտորոշումը։ Որոշ դեպքերում ռեակցիա են առաջացնում նաև ժելատինը և կենդանական ճարպերը։
Կլինիկական իմունոլոգ Շերիլ վան Նունենը հաստատել է դեռահասի մոտ այս ախտորոշումը՝ մահացու ռեակցիան կապելով տիզերի նախկին խայթոցների հետ։ Նրա տվյալներով՝ 2020 թվականից ի վեր Ավստրալիայում նման ալերգիայի դեպքերի թիվն աճել է 40%-ով, ընդ որում՝ ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են Նոր Հարավային Ուելսում և Քվինսլենդում, հատկապես՝ ափամերձ շրջաններում։
Դատաբժշկական փորձագետը տարածաշրջանային առողջապահական մարմիններին խորհուրդ է տվել թարմացնել կրթական ծրագրերն ու հիվանդանոցային արձանագրությունները՝ ընդգծելով, որ կաթնասունների մսի նկատմամբ ալերգիան կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի և հատուկ ուշադրություն է պահանջում անամնեզ հավաքելիս։ Այնուամենայնիվ, նշվում է, որ այս համախտանիշի հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը ամբողջ աշխարհում չափազանց հազվադեպ են համարվում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day