• Latest news

Միգրենի դեմ դեղամիջոցները կարող են նվազեցնել գլաուկոմայի ռիսկը․ Neurology

7 մայիսի, 2026  13:42

Միգրենի դեմ որոշ ժամանակակից դեղամիջոցներ կարող են անսպասելիորեն պաշտպանել տեսողությունը և նվազեցնել գլաուկոմայի զարգացման ռիսկը։ Գլաուկոման աշխարհում անդարձելի կուրության հիմնական պատճառներից մեկն է: Նման եզրակացության են եկել Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի հետազոտողները: Աշխատությունը հրապարակվել է Neurology ամսագրում:

Գիտնականները վերլուծել են միգրեն ունեցող ավելի քան 73 հազար մարդու տվյալներ: Պացիենտների մի կեսն ընդունել է CGRP-ինհիբիտորների դասի ժամանակակից դեղամիջոցներ, մյուս կեսը՝ միգրենի կանխարգելման ավելի հին միջոցներ: Պարզվել է, որ CGRP-դեղամիջոցներ ստացողների մոտ գլաուկոմայի զարգացման ռիսկը մոտ 25%-ով ավելի ցածր է եղել:

Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել այն փաստը, որ պաշտպանիչ ազդեցությունը նկատվել է միայն այսպես կոչված մոնոկլոնալ հակամարմինների դեպքում (էրենումաբ, ֆրեմանեզումաբ, գալկանեզումաբ և էպտինեզումաբ): Իսկ ահա «գեպանտների» դասի ավելի նոր հաբերը նման ազդեցություն չեն ցուցաբերել:

Հետազոտողները ենթադրում են, որ այս կապը կարող է պայմանավորված լինել արյունատար անոթների աշխատանքով և նյարդային հյուսվածքի բորբոքմամբ: Ե՛վ միգրենը, և՛ գլաուկոման վաղուց ի վեր կապվում են ուղեղում և աչքերում արյան հոսքի կարգավորման խանգարումների հետ: CGRP-դեղամիջոցներն ազդում են հենց այդ մեխանիզմների վրա՝ կարգավորելով բորբոքային գործընթացները և անոթների սեղմումը:

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը չի ապացուցում, որ դեղամիջոցներն ուղղակիորեն կանխում են գլաուկոման: Առայժմ խոսքը միայն վիճակագրական կապի մասին է: Այնուամենայնիվ, արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել, քանի որ գլաուկոման մնում է աչքի ամենադժվար հայտնաբերվող հիվանդություններից մեկը. տեսողությունը կարող է տարիներ շարունակ քայքայվել գրեթե առանց ախտանիշների:

CGRP-դեղամիջոցների նկատմամբ հետաքրքրությունը սրընթաց աճում է: Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք ոչ միայն նվազեցնում են միգրենի նոպաների քանակը, այլև ավելի քիչ կողմնակի ազդեցություններ են ունենում, քան հին դեղերը: Որոշ պացիենտներ այս դեղամիջոցներն անվանում են «կյանք փոխող», թեև շատերը դժգոհում են չափազանց բարձր արժեքից և ապահովագրական ծածկույթի հետ կապված խնդիրներից:

Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է փոխել միանգամից երկու հիվանդությունների նկատմամբ պատկերացումները: Եթե ապագա հետազոտությունները հաստատեն արդյունքները, գլխացավի դեմ դեղերը կարող են անսպասելիորեն դառնալ տեսողության կորստի կանխարգելման մաս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll