Աալտոյի համալսարանի գիտնականները լազերային բուժման փորձարարական մեթոդ են մշակել։ Այն օգտագործում է վերահսկվող ինֆրակարմիր ջերմություն և կանխում է տեսողության կորուստը «չոր» տեսակի տարիքային մակուլյար դեգեներացիայի (ՏՄԴ) ժամանակ։ Սա տարեց մարդկանց մոտ կուրության հիմնական պատճառներից մեկն է։
Արդեն վնասված հյուսվածքները վերականգնելու փոխարեն՝ այս նոր մոտեցումն ուղղված է հիվանդության վաղ փուլում աչքի բնական պաշտպանական ու վերականգնողական մեխանիզմների ակտիվացմանը (նախքան տեսողության անդառնալի կորուստը)։
ՏՄԴ-ն բավականին տարածված է տարեցների շրջանում. 80 տարեկանից բարձր գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդու մոտ նկատվում են այս հիվանդության նշանները։ Դրա «չոր» տեսակը զարգանում է աստիճանաբար, սակայն ժամանակի ընթացքում կարող է վնասել կենտրոնական տեսողությունը՝ դժվարություններ առաջացնելով կարդալու, մեքենա վարելու ու դեմքերը ճանաչելու համար։
Մեթոդի հիմքում ինֆրակարմիր լազերային ճառագայթմամբ ցանցաթաղանթի հյուսվածքների զգույշ տաքացումն է։ Ջերմաստիճանի բարձրացումը գտնվում է խիստ վերահսկողության տակ, որպեսզի աչքը չվնասվի, բայց միևնույն ժամանակ միանան սթրեսի դեմ պաշտպանվող բջջային համակարգերը։
Գիտնականները նշում են, որ տարիքի հետ բջիջների պաշտպանական ֆունկցիաները թուլանում են, ինչը հանգեցնում է օքսիդացման սթրեսի և տոքսիկ սպիտակուցային կուտակումների առաջացմանը։ Դրանք հայտնի են որպես «դրուզներ» և համարվում են չոր ՏՄԴ-ի հիմնական նշանը։
Վերահսկվող ջերմությունը պետք է որ միացնի բջիջների պաշտպանական մեխանիզմները։ Դրանց թվում է ջերմային շոկի սպիտակուցների արտադրությունը, որոնք օգնում են վերականգնել վնասված սպիտակուցները, ինչպես նաև աուտոֆագիան՝ բջիջների մաքրման այն գործընթացը, որի ժամանակ հեռացվում են վնասված բաղադրիչները։
Այս երկու մեխանիզմներն էլ աշխատում են որպես մարմնի բնական «մաքրման համակարգեր», որոնք տարիքի հետ թուլանում են, բայց շատ կարևոր դեր ունեն ցանցաթաղանթի առողջությունը պահպանելու համար։
Մեթոդն արդեն հուսադրող արդյունքներ է տվել մկների և խոզերի վրա արված փորձարկումների ժամանակ. հաջողվել է ակտիվացնել ցանցաթաղանթի հյուսվածքների պաշտպանական ընթացքը՝ առանց դրանք վնասելու։
Մարդկանց վրա կլինիկական փորձարկումները նախատեսվում է սկսել Ֆինլանդիայում 2026 թվականին, ընդ որում՝ առաջին փուլում հիմնական ուշադրությունը դարձվելու է անվտանգությանը։ Հետազոտողները նշում են, որ պրոցեդուրան, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ժամանակ առ ժամանակ կրկնել, քանի որ բջիջների տված արձագանքի էֆեկտը մի քանի օրից թուլանում է։
Մասնագետների կարծիքով՝ այս մոտեցումը ակնաբուժության մեջ լուսային թերապիայի զարգացող ուղղություններից է։ Այն դեռ փորձարարական փուլում է, սակայն նմանատիպ տեխնոլոգիաներն արդեն մասնակիորեն կիրառվում կամ կլինիկական ստուգում են անցնում չոր ՏՄԴ-ի բուժման համար։
Եթե հետագա հետազոտությունները հաստատեն այս մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը, այն կարող է դառնալ հիվանդության վաղ փուլերում տեսողության կորուստը կանխելու նոր միջոց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day