• Latest news

Moderna-ն Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմնից քաղցկեղի կանխարգելման պատվաստանյութի փորձարկման թույլտվություն է ստացել

9 հունիսի, 2026  14:50

Ամերիկյան Moderna ընկերությունն ու Օքսֆորդի համալսարանը Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների և բժշկական ապրանքների կարգավորման գործակալությունից (MHRA) ստացել են mRNA-4194 պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 1/2 փուլն անցկացնելու թույլտվություն։ Խոսքը փորձարարական մՌՆԹ պատվաստանյութի մասին է, որը նախատեսված է Լինչի սինդրոմ ունեցող մարդկանց մոտ քաղցկեղի կանխարգելման համար։ Այս ժառանգական հիվանդությունը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման վտանգը։

INTERCEPT-Lynch անվանումը կրող այս փորձարկումը Օքսֆորդի համալսարանի և Moderna-ի գիտական համագործակցության մի մասն է, որի նպատակն է մՌՆԹ տեխնոլոգիայի միջոցով մշակել ուռուցքային հիվանդությունների կանխարգելման նոր մոտեցումներ։

Հետազոտության նպատակն է պարզել՝ արդյո՞ք պատվաստանյութը կկարողանա «սովորեցնել» իմունային համակարգին ճանաչել և ոչնչացնել անոմալ բջիջները դեռ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերածվել չարորակ ուռուցքի։ Գիտնականները կարծում են, որ այս մոտեցումը կարող է կարևոր քայլ դառնալ քաղցկեղի բուժումից դեպի դրա կանխարգելմանն անցնելու ճանապարհին։

Ինչպես է գործում պատվաստանյութը

Դեղամիջոցը հիմնված է մՌՆԹ տեխնոլոգիայի վրա, որը նման է COVID-19-ի դեմ որոշ պատվաստանյութերի ստեղծման ժամանակ կիրառված մեթոդին։ Դրա խնդիրն է՝ օգնել իմունային համակարգին որսալ այն մոլեկուլային փոփոխությունները, որոնք կապված են Լինչի սինդրոմով հիվանդների մոտ քաղցկեղի զարգացման ամենավաղ փուլերի հետ։

Հետազոտության ղեկավար, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Չյորչի խոսքով՝ այս սինդրոմով պացիենտներն ունեն այն գեների ժառանգական դեֆեկտները, որոնք պատասխանատու են ԴՆԹ-ի վնասվածքների վերականգման համար։ Դրա պատճառով բջիջներում աստիճանաբար մուտացիաներ են կուտակվում՝ էապես մեծացնելով քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Հետազոտողները հույս ունեն, որ պատվաստանյութը կառաջացնի իմունային պատասխան նման փոփոխությունների դեմ և թույլ կտա ոչնչացնել վտանգավոր բջիջները դեռ մինչև ուռուցքի ձևավորումը։

Ինչու է կարևոր Լինչի սինդրոմը

Լինչի սինդրոմը քաղցկեղի բարձր ռիսկի հետ կապված ամենատարածված ժառանգական հիվանդությունն է, որը հանդիպում է մոտավորապես 300 մարդուց մեկի մոտ։ Ընդ որում, գենետիկական այս մուտացիան կրողներից շատերը նույնիսկ չգիտեն իրենց ախտորոշման մասին։

Այս հիվանդությունը զգալիորեն մեծացնում է հաստ աղիքի, էնդոմետրիումի, ձվարանների, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, շագանակագեղձի և մաշկի որոշ տեսակների քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը կյանքի ընթացքում կարող է հասնել մինչև 80%-ի, ինչն էլ առանձնահատուկ կարևոր է դարձնում կանխարգելիչ միջոցառումները։

Կլինիկական հետազոտության պլանները

INTERCEPT-Lynch հետազոտության առաջին փուլը նվիրված կլինի պատվաստանյութի անվտանգության գնահատմանը, իմունային պատասխանի ուսումնասիրմանը և հետագա փորձարկումների համար օպտիմալ դեղաչափի որոշմանը։ Ակնկալվում է, որ առաջին մասնակիցները դեղամիջոցը կստանան արդեն այս տարի։

Երկրորդ՝ ավելի մասշտաբային փուլը, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի մի քանի կլինիկական կենտրոններ, նախատեսվում է սկսել 2027 թվականին։ Գիտնականները հույս ունեն ավելի ամբողջական տվյալներ ստանալ պատվաստանյութի արդյունավետության և երկարաժամկետ առավելությունների վերաբերյալ։

Հնարավոր համաշխարհային նշանակությունը

Հաջողության դեպքում այս տեխնոլոգիան կարող է ամբողջ աշխարհում փոխել ուռուցքային հիվանդությունների կանխարգելման մոտեցումները։ Այն կարող է մեծ օգուտ տալ առողջապահական համակարգերին, որոնք բախվում են քաղցկեղով հիվանդացության բարձր ցուցանիշների և վաղ ախտորոշման սահմանափակ հնարավորությունների հետ։

Փորձագետները նշում են, որ նման լուծումների լայն տարածումը կպահանջի գենետիկական սկրինինգային ծրագրերի զարգացում, բժշկական ենթակառուցվածքների արդիականացում և պատվաստանյութերի մատակարարման արդյունավետ համակարգերի ստեղծում։ Այդուհանդերձ, քաղցկեղը դեռևս չառաջացած կանխելու գաղափարը համարվում է ժամանակակից բժշկության ամենահեռանկարային ուղղություններից մեկը։

Բացառապես արդեն ձևավորված ուռուցքների բուժման վրա կենտրոնանալու փոխարեն, ապագայի ուռուցքաբանությունն ավելի ու ավելի է միտվելու ռիսկի խմբում գտնվող մարդկանց հայտնաբերմանը և զարգացման ամենավաղ փուլերում գտնվող հիվանդության կանխարգելմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll