• Latest news

Ուժային մարզումները 13–45%-ով նվազեցնում են վաղաժամ մահվան հավանականությունը․ The Conversation

24 հունիսի, 2026  12:43

Ուժային մարզումները շատ ավելին են տալիս, քան պարզապես մկանների աճը կամ արտաքին տեսքի բարելավումը։ Դրանք կարող են բառացիորեն երկարացնել մարդու կյանքը։ Ինչպես գրում է «The Conversation»-ը, այս եզրակացությանն են եկել նոր ծավալուն հետազոտության հեղինակները։ Գիտնականները շուրջ 30 տարի շարունակ հետևել են ԱՄՆ-ի մոտ 150 հազար բուժաշխատողների առողջական վիճակին և վերլուծել ստացված տվյալները։

Երեք երկարաժամկետ կոհորտային հետազոտությունների վրա հիմնված այս գիտական աշխատանքի ընթացքում մասնագետները հետևել են մասնակիցների ֆիզիկական ակտիվության մակարդակին, այդ թվում՝ ուժային վարժություններին և աերոբ ծանրաբեռնվածությանը, ինչպիսիք են քայլքը, վազքը, հեծանվավազքն ու լողը։ Դիտարկման ընթացքում մահացել է շուրջ 36 հազար մարդ, ինչը թույլ է տվել համադրել մարզումների տեսակները վաղաժամ մահվան ռիսկի հետ։

Հետազոտությունը հստակորեն վեր է հանել ուժային մարզումների համար նախատեսված «օպտիմալ միջակայքը»։ Ամենացայտուն արդյունքը նկատվել է այն մարդկանց շրջանում, որոնք մարզվել են շաբաթական մոտ 90-120 րոպե. նրանց մոտ ցանկացած պատճառով առաջացող մահվան ռիսկը մոտ 13%-ով ավելի ցածր է եղել՝ համեմատած նման վարժություններ չկատարողների հետ։

Ռիսկի առավել զգալի նվազում է արձանագրվել սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում՝ մոտ 19%-ով, ինչպես նաև նյարդաբանական հիվանդությունների, այդ թվում՝ դեմենցիայի պատճառով առաջացող մահերի դեպքում (մոտ 27%-ով)։ Ընդ որում, ուժային մարզումների ծավալը շաբաթական երկու ժամից ավելի ավելացնելը ռիսկի հավելյալ նվազեցում չի ապահովել։

Ամենաարդյունավետ պաշտպանիչ ազդեցությունը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր ուժային վարժությունները համատեղել են աերոբ ակտիվության հետ։ Կարդիոծանրաբեռնվածության հանձնարարելի մակարդակն ինքնին (շաբաթական մոտ 150 րոպե) կապված է եղել մահվան ռիսկի 26–43% նվազման հետ, իսկ կարդիոյի և շաբաթական 1-2 ժամ ուժային մարզումների համադրությունը նվազեցրել է այդ ռիսկը մոտ 45%-ով։

Հետաքրքիր է, որ քաղցկեղից մահացության դեպքում պատկերն այլ է եղել. պաշտպանիչ ազդեցությունը նկատվել է միայն թեթև ուժային ծանրաբեռնվածության դեպքում (շաբաթական մեկ ժամից պակաս մարզվելիս)։

Հեղինակները սրա հնարավոր պատճառները բացատրում են մկանային հյուսվածքի կենսաբանական դերով։ Կմախքային մկաններն ակտիվորեն մասնակցում են գլյուկոզայի փոխանակության կարգավորմանը. ուտելուց հետո, ինսուլինի ազդեցությամբ, դրանք կլանում են արյան շաքարի մինչև 80%-ը։ Սա նվազեցնում է ինսուլինակայունության և 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը, որն ուղղակիորեն կապված է սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահացության հետ։

Բացի այդ, մկանները գործում են որպես ներզատական օրգան և օգնում են միոկիններ արտադրել։ Սրանք ազդանշանային մոլեկուլներ են, որոնք ազդում են բորբոքային գործընթացների, անոթների աշխատանքի, լյարդի և ճարպային հյուսվածքի նյութափոխանակության, ինչպես նաև ուղեղի ֆունկցիաների վրա։ Սա կարող է բացատրել ուժային մարզումների և նյարդադեգեներատիվ հիվանդությունների ռիսկի նվազման միջև կապը։

Ուժային վարժությունները նաև նպաստում են արյան ճնշման իջեցմանը, անոթների առաձգականության բարձրացմանը և սրտի ու անոթների ընդհանուր գործունեության բարելավմանը։ Առողջության առանձնահատուկ ցուցիչ է մկանային ուժը, մասնավորապես՝ ձեռքի սեղմման ուժը, որը խոշոր հետազոտություններում ճանաչվել է մահացության կանխատեսման կարևոր գործոններից մեկը։

Այդուհանդերձ, հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը դիտողական բնույթ է կրում. այն արձանագրում է միայն կապը, բայց չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կախվածությունը։ Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սննդակարգը, ծխելը և կարդիոակտիվությունը, սակայն հնարավոր այլ ազդեցություններն ամբողջությամբ բացառել չի կարելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll