Նոր հետազոտությունը բացահայտել է ուղեղի բջիջների գեների ակտիվության փոփոխություններ, որոնք կարող են օգնել բացատրել, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ հիվանդանում Պարկինսոնի հիվանդությամբ, քան կանայք: Աշխատանքի արդյունքները ներկայացվել են FENS Forum 2026 ֆորումում՝ Նեյրոգիտական ընկերությունների եվրոպական ֆեդերացիայի միջազգային համաժողովում, գրում է News Medical Live Sciences բժշկագիտական հանդեսը:
Պարկինսոնի հիվանդությունը նյարդային համակարգի սաստկացող հիվանդություն է, որի դեպքում աստիճանաբար վնասվում են ուղեղի որոշակի հատվածներ: Այսօր այն ախտահարում է մոտ 9,4 միլիոն մարդու ամբողջ աշխարհում, իսկ դեպքերի թիվը շարունակում է աճել բնակչության ծերացմանը զուգընթաց: Դեպքերի մոտ 90%-ը կապում են գենետիկական առանձնահատկությունների, շրջակա միջավայրի գործոնների և կենսակերպի համադրության հետ:
Հայտնի է, որ Պարկինսոնի հիվանդությունը տղամարդկանց շրջանում հանդիպում է մոտավորապես 1,5–2 անգամ ավելի հաճախ, քան կանանց շրջանում: Բացի դրանից, տղամարդկանց շրջանում հիվանդությունը սովորաբար ավելի արագ է հանգեցնում ճանաչողական գործառույթների վատթարացման և ամենօրյա գործողություններ կատարելու կարողության անկման: Սակայն այս տարբերության պատճառները մինչ օրս անհայտ էին մնում:
Գերմանիայի Սաարլանդի համալսարանի պրոֆեսոր Յուլիա Շուլցե-Հենտրիխը նախկինում ուսումնասիրել էր գյուղատնտեսության ոլորտի աշխատողների արյան նմուշները, որոնց թվում եղել են Պարկինսոնի հիվանդության վաղ փուլով 71 բուժառու և 147 առողջ մասնակից: Այն ժամանակ հետազոտողները հայտնաբերել էին ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխություններ. դա մի մեխանիզմ է, որը կարգավորում է գեների ակտիվությունը՝ առանց բուն գենետիկական հաջորդականությունը փոխելու: Պարկինսոնի հիվանդությունից տառապող կանանց շրջանում նման փոփոխություններ գտնվել էին գենոմի 69 հատվածներում, մինչդեռ տղամարդկանց շրջանում՝ միայն երկուսում:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են Պարկինսոնի հիվանդությամբ 73 բուժառուի (28 կին և 45 տղամարդ) հետմահու ուղեղի նմուշները և դրանք համեմատել այդ հիվանդությունից զերծ 24 մարդու ուղեղի հետ:
Հետազոտողները վերլուծել են գեների աշխատանքը ուղեղի բջիջների տարբեր տեսակներում՝ նեյրոններում, աստրոցիտներում, օլիգոդենդրոցիտներում և միկրոգլիայում: Նրանք սթրեսի ընդհանուր նշաններ են հայտնաբերել բոլոր ուսումնասիրված բջիջներում՝ անկախ սեռից. բջիջներն ակտիվացրել են շապերոն-սպիտակուցները, որոնք օգնում են վերականգնել վնասված սպիտակուցները:
Սակայն հայտնաբերվել են նաև կարևոր տարբերություններ տղամարդկանց և կանանց միջև: Աստրոցիտներում (բջիջներ, որոնք աջակցում են նեյրոնների աշխատանքը) տարբերվել է էներգիայի արտադրության համար պատասխանատու միտոքոնդրիումներին առնչվող գեների ակտիվությունը: Օլիգոդենդրոցիտներում տարբեր է եղել միելինի՝ նյարդաթելերի պաշտպանիչ թաղանթի ստեղծմանն ու պահպանմանը մասնակցող գեների ակտիվությունը:
Գիտնականները կարծում են, որ այս տարբերությունները կարող են ազդել ուղեղի խոցելիության, հիվանդության զարգացման արագության և բուժման նկատմամբ արձագանքի վրա: Հետազոտությունը ցույց է տալիս, որ Պարկինսոնի հիվանդությունը չի կարելի դիտարկել որպես բոլոր բուժառուների շրջանում միատեսակ ընթացող գործընթաց. սեռի կենսաբանական առանձնահատկությունները կարող են կարևոր դեր խաղալ:
Հեղինակներն ընդգծում են տղամարդկանց և կանանց տվյալները առանձին վերլուծելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե դրանք մեկ ընդհանուր խմբում միավորելը։ Նման մոտեցումը ապագայում կարող է օգնել ախտորոշման և թերապիայի ավելի անհատականացված մեթոդներ ստեղծել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day