Փենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոցի հետազոտողները հայտնաբերել են հնարավոր կենսաբանական մեխանիզմ, որը բացատրում է կանեփի օգտագործման և փսիխոտիկ ախտանիշների զարգացման միջև կապը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Molecular Psychiatry» ամսագրում:
Փսիխոզը հոգեկան ծանր խանգարում է, որի դեպքում մարդը կորցնում է իրականության հետ կապը: Դրա դրսևորումները կարող են ներառել հալյուցինացիաներ, զառանցանքային գաղափարներ և մտածողության խանգարումներ: Թեև նախորդ հետազոտությունները բազմիցս կապել են կանեփի հաճախակի օգտագործումը փսիխոզի առաջացման բարձր ռիսկի հետ, այդ կապի պատճառները մինչ օրս անհայտ են մնում:
Նոր հետազոտության մեջ գիտնականները ենթադրել են, որ առանցքային դեր կարող է խաղալ գլուտամատը՝ գլխուղեղի հիմնական նեյրոմեդիատորներից մեկը, որը պատասխանատու է նյարդային բջիջների միջև ազդանշանների փոխանցման համար:
Հետազոտությանը մասնակցել է 79 մարդ՝ առողջ կամավորներ, փսիխոզի զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող անձինք և արդեն հաստատված ախտորոշում ունեցող պացիենտներ: Մասնակիցներն անցել են հոգեբուժական հետազոտություն, հայտնել կանեփի օգտագործման մասին, ինչպես նաև անալիզներ են հանձնել՝ նյութի վերջին օգտագործումը հաստատելու համար:
Բացի այդ, հետազոտողները կիրառել են գերհզոր՝ 7 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիա՝ գլխուղեղի առաջային գոտկատեղային կեղևում գլուտամատի մակարդակը չափելու համար։ Ուղեղի այս հատվածը կարևոր դեր է խաղում էմոցիաների, որոշումների կայացման և ինֆորմացիայի մշակման գործում:
Վերլուծությունը ցույց է տվել, որ կանեփի օգտագործումը և գլուտամատի ցածր մակարդակը միմյանցից անկախ կապված են փսիխոզի առավել արտահայտված ախտանիշների հետ: Ընդ որում, ամենաուժեղ կապը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր կանեփ են օգտագործել. որքան ցածր է եղել գլուտամատի մակարդակը, այնքան ավելի ծանր են դրսևորվել հալյուցինացիաներն ու զառանցանքը:
Փսիխոզով հիվանդների, հատկապես կանեփ օգտագործողների մոտ, գլուտամատի մակարդակն ավելի ցածր է եղել, քան հետազոտության մյուս մասնակիցների մոտ: Հեղինակների կարծիքով՝ սա կարող է վկայել այն մասին, որ գլուտամատային համակարգի աշխատանքի խանգարումներն ուժեղացնում են կանեփի բացասական ազդեցությունն ուղեղի վրա:
Հեղինակները կարծում են, որ ապագայում գլուտամատային համակարգի ուսումնասիրությունը կարող է օգնել կանեփի օգտագործման հետ կապված հոգեկան խանգարումների կանխարգելման և բուժման համար նոր մեթոդներ մշակելու գործում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day