Մարզական մրցումների համատեղ այցելությունը կարող է ոչ միայն հաճույք պատճառել, այլև նպաստել սոցիալական կապերի ամրապնդմանը: Նման եզրահանգման են եկել Ցուկուբայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները՝ հայտնաբերելով, որ հանդիպումների դիտումը տեղում ուղեկցվում է հանդիսատեսի օրգանիզմում սեփական օքսիտոցինի մակարդակի բարձրացմամբ և սրտի ռիթմի հոմանկյունացմամբ (սինխրոնացմամբ):
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Translational Psychiatry ամսագրում:
Օքսիտոցինը, որը հաճախ անվանում են «կապվածության հորմոն» կամ «սիրո հորմոն», կարևոր դեր է խաղում վստահության, էմպաթիայի և սոցիալական հարաբերությունների ձևավորման գործում: Ի տարբերություն նախորդ հետազոտությունների, որոնք նվիրված էին քթի ցողացիրով (սպրեյով) օքսիտոցինի կիրառմանը, նոր աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են, թե արդյոք օրգանիզմն ընդունակ է ինքնուրույն ավելացնել այս հորմոնի արտադրությունը համատեղ էմոցիոնալ ապրումների ընթացքում:
Հետազոտությանը մասնակցել է 60 հանդիսատես, որոնք այցելել են համալսարանական բասկետբոլային երկու հանդիպում: Մինչև խաղի սկիզբը, ընդմիջմանը և դրա ավարտից անմիջապես հետո գիտնականները հավաքել են թքի նմուշներ՝ օքսիտոցինի և կորտիզոլի մակարդակը որոշելու համար: Բացի այդ, ողջ հանդիպման ընթացքում մասնակիցները կրել են սենսորներ, որոնք գրանցել են սրտի կծկումների հաճախականությունը, իսկ խաղից հետո պատասխանել են դիտումից ստացած հաճույքի, այլ երկրպագուների հետ միասնության զգացման և նմանատիպ միջոցառմանը նորից այցելելու ցանկության մասին հարցերին:
Վերլուծությունը ցույց է տվել, որ ի սկզբանե օքսիտոցինի ցածր մակարդակ ունեցող հանդիսատեսի մոտ դրա խտությունը հանդիպման ընթացքում բարձրացել է, իսկ նրանց մոտ, ում մոտ այն ի սկզբանե բարձր էր, մնացել է բարձր մակարդակի վրա: Միևնույն ժամանակ կորտիզոլի՝ ստրեսի հորմոնի մակարդակը նվազել է, ինչը վկայում է ֆիզիոլոգիական լարվածության նվազման մասին:
Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ հանդիպումների համատեղ դիտման ընթացքում հանդիսատեսի սրտի ռիթմերն աստիճանաբար դարձել են ավելի հոմանկյուն (սինխրոն): Օքսիտոցինի ավելի բարձր մակարդակը կապված է եղել սրտի ռիթմի ավելի արտահայտված հոմանկյունացման հետ: Երկու ցուցանիշներն էլ ասոցացվել են դիտումից ստացած ավելի մեծ հաճույքի, շրջապատողների հետ միասնության ավելի ուժեղ զգացման, խաղի մեջ ավելի խորը հուզական ներգրավվածության և մարզական միջոցառումներին նորից այցելելու ցանկության հետ:
Հեղինակների կարծիքով՝ սոցիալական կապերի ձևավորման հետ կապված կենսաբանական մեխանիզմների առաջացման համար բավական է հույզերի համատեղ ապրումը և կենտրոնացած ուշադրությունը մեկ իրադարձության վրա՝ նույնիսկ առանց մարդկանց միջև անմիջական շփման կամ ֆիզիկական շփման:
Գիտնականները կարծում են, որ մարզական մրցումների այցելությունը կարող է դառնալ սոցիալական կապերի և էմոցիոնալ բարեկեցության ամրապնդման հասանելի ոչ դեղորայքային միջոց: Թեև նման միջոցառումներն ինքնին ունակ չեն բուժել հոգեկան բարդ հիվանդությունները, դրանք կարող են օգտակար լրացում դառնալ միայնության զգացումը նվազեցնելուն և միջանձնային փոխազդեցությունը բարելավելուն ուղղված ռազմավարությունների համար:
Հետագայում հետազոտողները ծրագրում են ուսումնասիրել, թե ինչպես են այս էֆեկտի վրա ազդում հանդիպման ելքը, հանդիսատեսի մարզական փորձը և տարիքը, որպեսզի ավելի լավ հասկանան, թե որ պայմաններում է մարզական իրադարձությունների համատեղ դիտումն ամենաարդյունավետ կերպով նպաստում սոցիալական կապերի ամրապնդմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day