• Latest news

Նյու Յորքում «լեգեոներների հիվանդության» բռնկման հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել

20 հուլիսի, 2026  14:27

Նյու Յորքի իշխանությունները հայտնել են Մանհեթենի Վերին Իսթ Սայդ շրջանում «լեգեոներների հիվանդության» բռնկման հետ կապված մահվան երկրորդ դեպքի մասին։

Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ այսօրվա դրությամբ հաստատվել է վարակման 72 դեպք, երկու մարդ մահացել է։ Առաջին մահվան մասին հայտարարվել էր ուրբաթ օրը, երկրորդի մասին՝ շաբաթ։

Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի կոմիսար, դոկտոր Ալիստեր Ֆ․ Մարտինը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին՝ տեղի ունեցածը մեծ ողբերգություն անվանելով քաղաքի համար։

«Լեգեոներների հիվանդությունը» թոքաբորբի ծանր ձև է, որն առաջանում է Legionella բակտերիաներից․ դրանք ակտիվորեն բազմանում են տաք և լճացած ջրում։ Նման բռնկումների ժամանակ մասնագետներն առաջին հերթին ստուգում են խոշոր շենքերի օդորակման համակարգերի հովացման աշտարակները, քանի որ հենց դրանք են հաճախ վարակի տարածման աղբյուր դառնում։

Այն շենքերի տերերին, որոնց հովացման աշտարակներում հայտնաբերվել են Legionella բակտերիաներ, կարգադրվել է դատարկել, ախտահանել և մշակել սարքավորումները՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։

Ընթացիկ բռնկման բուն աղբյուրը դեռևս հայտնաբերված չէ, սակայն առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նոր դեպքերի թվի կայուն նվազում են նկատում։ Նրանց կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ վարակի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, արդեն վերացված է։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ «լեգեոներների հիվանդությունը» ենթարկվում է հակաբիոտիկներով բուժմանը, սակայն պացիենտների մոտ 10%-ը մահանում է վարակի բարդություններից։

Անցյալ տարի Նյու Յորքն արդեն բախվել էր «լեգեոներների հիվանդության» խոշոր բռնկման․ Հարլեմ շրջանում հիվանդացել է ավելի քան 100 մարդ, մահացել է յոթ պացիենտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll