Նյու Յորքի իշխանությունները հաստատել են Մանհեթենի Վերին Իսթ Սայդ թաղամասում «լեգեոներների հիվանդության» բռնկման հետևանքով մահվան չորրորդ դեպքը։ Հաղորդագրությունը տարածվել է քաղաքապետ Զոհրան Մամդանիի այն հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց, ըստ որի՝ նախնական տվյալներով վարակի աղբյուրը հաջողվել է չեզոքացնել։
Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի փոխանցմամբ՝ այս պահին հաստատվել է վարակման 76 դեպք, ընդ որում՝ երկուշաբթի երեկոյի դրությամբ յոթ պացիենտ շարունակում է մնալ հիվանդանոցներում։ Մահվան չորրորդ դեպքի մասին հայտնի է դարձել երրորդ դեպքի հաստատումից մեկ օր անց․ այսպիսով, մահվան ելքերի մասին հաղորդվում է արդեն չորրորդ օրն անընդմեջ։
Քաղաքային իշխանությունները կարծում են, որ բռնկումն ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է, սակայն Վերին Իսթ Սայդի բնակիչների շրջանում մտահոգությունը պահպանվում է։ Legionella բակտերիայով վարակման առաջին դեպքերն այս թաղամասում ի հայտ են եկել մոտ երեք շաբաթ առաջ։
«Մենք կարծում ենք, որ վարակի աղբյուրը չեզոքացված է։ Այնուամենայնիվ, մենք կշարունակենք ստուգել հովացման համակարգերի աշտարակները և խստորեն վերահսկել սանիտարական պահանջների պահպանումը»,- ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ հայտարարել է քաղաքապետ Զոհրան Մամդանին։
Մահացածներից մեկը 88-ամյա տղամարդ է։ Նրա փաստաբանի խոսքով՝ տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի է վատացել․ նա հանգիստ նստած է եղել իր բնակարանի բաց պատուհանի մոտ ու ամսագիր է ընթերցել, իսկ երբ կինը տուն է վերադարձել, նրա ջերմությունը արդեն հասել է 40 °C-ի (104 °F)։
«Լեգեոներների հիվանդությունը» թոքաբորբի ծանր ձև է, որն առաջանում է Legionella բակտերիաներից․ դրանք ակտիվորեն բազմանում են տաք և լճացած ջրերում։ Քննության ընթացքում մասնագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են խոշոր շենքերի օդորակման համակարգերում օգտագործվող հովացման աշտարակների վրա։ Այն օբյեկտների տերերին, որտեղ բակտերիաներ են հայտնաբերվել, կարգադրվել է դատարկել ջուրը և սարքավորումների ամբողջական ախտահանում իրականացնել։
Քաղաքապետը նաև հավաստիացրել է բնակիչներին, որ Նյու Յորքի ծորակի ջուրն անվտանգ է խմելու, սնունդ պատրաստելու, լողանալու և կենցաղային օգտագործման համար, իսկ տնային օդորակիչները որևէ սպառնալիք չեն ներկայացնում։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով՝ «լեգեոներների հիվանդությունը» հակաբիոտիկներով բուժելի է, սակայն հիվանդացածների մոտ 10%-ը մահանում է բարդությունների պատճառով։
Անցյալ տարի Հարլեմ թաղամասում արձանագրված համանման բռնկումը հանգեցրել էր վարակման ավելի քան 100 դեպքի և յոթ մահվան ելքի։
Բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր գտնվել են 10028, 10075 և 10128 փոստային ինդեքսներով գոտիներում, գրիպանման ախտանիշներ ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության։ «Լեգեոներների հիվանդության» ախտանիշները կարող են ի հայտ գալ վարակվելուց հետո 14 օրվա ընթացքում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day