Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման շրջանակում ծախսերի հիմնական ուղղություններից մեկը ախտորոշիչ հետազոտություններն են։ Ինչպես նշել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը, այսօր քաղաքացիներին ապահովագրական փաթեթի շրջանակում հասանելի է ավելի քան 400 տեսակի ախտորոշիչ ծառայություն։
Այս ցանկում ներառված են ինչպես լաբորատոր հետազոտություններ, այնպես էլ գործիքային ախտորոշման տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ժամանակակից ու թանկարժեք միջամտություններ, ինչպիսիք են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) և այլ հետազոտություններ։
Խարազյանի խոսքով՝ ամբուլատոր պայմաններում բուժօգնություն ստացող պացիենտների համար սահմանված են որոշակի սահմանափակումներ․ ախտորոշիչ հետազոտություններից կարելի է օգտվել տարեկան մինչև երկու անգամ։ Միևնույն ժամանակ, մասնագետների գնահատմամբ, այս ծավալը լիովին բավարար է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու, ինչպես նաև պացիենտի առողջական վիճակին հետևելու և բուժման արդյունավետությունը վերահսկելու համար։
Հատուկ կանոններ են գործում քաղցկեղով հիվանդ պացիենտների համար․ նրանց պարագայում սահմանված սահմանափակումները չեն կիրառվում։ Ախտորոշման յուրաքանչյուր տեսակի համար մշակված են առանձին բժշկական ցուցումներ, և անհրաժեշտ բոլոր գործիքային հետազոտությունները պացիենտներին տրամադրվում են ամբողջ ծավալով ու փոխհատուցվում ապահովագրական համակարգի միջոցով։
Խարազյանը նաև նշել է, որ ապահովագրական փաթեթի շրջանակում հիմնադրամը փոխհատուցել է անհետաձգելի բժշկական օգնության բազմաթիվ դեպքեր։
Մասնավորապես, համակարգն ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ծառայությունների ծածկույթ է ապահովել՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Բացի այդ, քաղաքացիները հնարավորություն են ստացել դիմել բժշկական հաստատություններ այնպիսի վիճակների ու ախտանիշների դեպքում, որոնք պահանջում են անհապաղ միջամտություն, առաջին օգնություն կամ անհետաձգելի բուժում։
Բարեփոխման առանձին ուղղություններից է առողջապահության առաջնային օղակի զարգացումն ու ընտանեկան բժշկի դերի բարձրացումը։
Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ ընտանեկան բժիշկների խորհրդատվություններն ամբողջությամբ փոխհատուցվում են ապահովագրական համակարգի միջոցով։ Միևնույն ժամանակ, էապես ավելացել է առաջնային օղակի մասնագետների վարձատրությունը․ նախորդ տարիների համեմատ աճը կազմել է շուրջ 54%:
Բացի այդ, ընտանեկան բժիշկները հնարավորություն են ստացել առանձին խորհրդատվություն տրամադրել պացիենտներին և հավելյալ վարձատրություն ստանալ այն հիվանդությունների վարման համար, որոնք կարող են վերահսկվել ամբուլատոր պայմաններում։
Ինչպես ընդգծել է Խարազյանը, բարեփոխման հիմնական նպատակներից մեկն այն է, որ ընտանեկան բժիշկը զբաղվի ոչ միայն հիվանդությունների բուժմամբ, այլև պացիենտների առողջական վիճակի մշտական հսկողությամբ։
Սա հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, ում անհրաժեշտ է առողջական ցուցանիշների կանոնավոր վերահսկողություն, մասնագետների խորհրդատվությունների, դեղորայքի և ախտորոշիչ հետազոտությունների հասանելիություն։
Խարազյանի խոսքով՝ նախկինում իրավիճակը հաճախ այնպիսին էր, որ բժիշկը կարող էր անվճար խորհրդատվություն տրամադրել, սակայն դրանից հետո մարդը ստիպված էր լինում սեփական միջոցներով վճարել հետազոտությունների համար և ձեռք բերել անհրաժեշտ դեղերը։
Հենց ֆինանսական գործոնն էր շատ դեպքերում պատճառ դառնում, որ քաղաքացիները հետաձգեին ախտորոշումն ու չգնեին նշանակված դեղերը։ Արդյունքում՝ հիվանդությունները մնում էին անվերահսկելի, պացիենտների վիճակը վատթարանում էր, և նրանք բժշկի էին դիմում արդեն ավելի ծանր փուլերում, երբ պահանջվում էր հիվանդանոցային կամ անհետաձգելի բուժում։
Ապահովագրական համակարգի ներդրմամբ ակնկալվում է այս իրավիճակի աստիճանական փոփոխություն։ Բժշկի մոտ կանոնավոր հսկողությունը, ախտորոշման հասանելիությունը և անհրաժեշտ դեղերով ապահովումը պետք է հնարավորություն տան վատթարացումները հայտնաբերել վաղ փուլերում և կանխել բարդությունների զարգացումը։
Խարազյանի գնահատմամբ՝ սա հետագայում կարող է ոչ միայն բարելավել քաղաքացիների կյանքի որակը, այլև փոխել առողջապահական համակարգի ծախսերի ուղղվածությունը, քանի որ ժամանակին իրականացված բուժումն ու կանխարգելումը թույլ են տալիս նվազեցնել թանկարժեք բուժօգնություն պահանջող ծանր դեպքերի քանակը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day