Երկարատև բնակությունը ճանապարհային աղմուկի բարձր մակարդակ ունեցող տարածքներում կարող է կապված լինել Պարկինսոնի հիվանդության առաջացման բարձր ռիսկի հետ։ Այս եզրակացությանն են հանգել դանիացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում։
Հեղինակները նշել են, որ ճանապարհային երթևեկության աղմուկը վաղուց համարվում է ոչ միայն անհարմարության աղբյուր, այլև գործոն, որը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Նախկինում այն կապված է եղել սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, քնի, հոգեկան խանգարումների և երեխաների կոգնիտիվ զարգացման խանգարման ռիսկի բարձրացման հետ։ Նոր հետազոտությունը ենթադրում է հնարավոր կապ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ։
Գիտնականները վերլուծել են 40 և ավելի բարձր տարիքի ավելի քան 3 միլիոն դանիացի բնակիչների տվյալներ՝ նրանց հետևելով գրեթե 18 տարի։ Այս ժամանակահատվածում 20 587 մարդու մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։
Ազդեցությունը գնահատելու նպատակով հետազոտողներն օգտագործել են մաթեմատիկական մոդելներ՝ 1990 թվականից ի վեր յուրաքանչյուր մասնակցի բնակարանի համար ճանապարհային աղմուկի մակարդակը հաշվարկելու համար։ Հաշվի է առնվել ինչպես փողոցին նայող ճակատային մասից, այնպես էլ շենքի ամենահանգիստ կողմից, օրինակ՝ բակից եկող աղմուկը։ Հաշվարկվել է յուրաքանչյուր անձի համար նախորդ 10 տարիների ընթացքում ազդեցության միջին մակարդակը, նույնիսկ եթե նրանք փոխել են բնակության վայրը։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ճանապարհային աղմուկի բարձր մակարդակը կապված է Պարկինսոնի հիվանդության ռիսկի փոքր, բայց վիճակագրորեն նշանակալի աճի հետ։ Տան ամենաաղմկոտ կողմում աղմուկի մակարդակի յուրաքանչյուր 11.5 դեցիբելի աճի դեպքում հիվանդությունն առաջանալու հավանականությունը մեծացել է մոտ 3 տոկոսով։ Ամենանշանակալի կապը նկատվել է տան հանգիստ կողմում. աղմուկի մակարդակի 8.9 դեցիբելի աճը կապված է եղել ռիսկի մոտ 4 տոկոս աճի հետ։
Բացի այդ, տան ավելի հանգիստ կողմը, որտեղ աղմուկի մակարդակը առնվազն 10 դեցիբելով ցածր է եղել փողոցի կողմի համեմատ, կապված է եղել Պարկինսոնի հիվանդության ռիսկի նվազման հետ այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են 50 դեցիբելից բարձր ճանապարհային աղմուկի մակարդակ ունեցող տարածքներում։
Հետազոտողները ենթադրում են, որ աղմուկի քրոնիկական ազդեցությունը կարող է խանգարել քունը և առաջացնել երկարատև սթրես և բորբոքային ռեակցիաներ։ Այս գործընթացները համարվում են ուղեղի դոֆամիներգիկ նեյրոնների վնասման հնարավոր մեխանիզմներ, որոնց կորուստն ընկած է Պարկինսոնի հիվանդության հիմքում։
Հեղինակներն ընդգծում են, որ Պարկինսոնի հիվանդությունն առաջանում է ինչպես գենետիկական, այնպես էլ շրջակա միջավայրի գործոնների ազդեցության տակ։ Եթե գենետիկան հնարավոր չէ փոխել, աղմուկի ազդեցության մակարդակի նվազեցումը կարող է լինել հնարավոր կառավարելի կանխարգելիչ միջոց։
Հետազոտողների կարծիքով՝ արդյունքները կարող են օգտակար լինել քաղաքաշինության համար։ Մասնավորապես, բնակելի շենքեր նախագծելիս խորհուրդ է տրվում ննջասենյակներն ու հյուրասենյակները տեղադրել բակերի կամ այլ ավելի հանգիստ տարածքների կողմում՝ ճանապարհային աղմուկի ազդեցությունը և դրա հնարավոր առողջական հետևանքները նվազեցնելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day