• Latest news

ԱՄՆ-ում գրանցվել է վերջին 35 տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացության ամենաբարձր մակարդակը

24 հուլիսի, 2026  20:46

Միացյալ Նահանգներում գրանցվել է վերջին 35 տարվա ընթացքում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվը: Սա արդեն երկրորդ տարին անընդմեջ է, երբ երկիրը սահմանում է նոր հակառեկորդ, չնայած այն բանին, որ կարմրուկը որպես էնդեմիկ հիվանդություն դեռևս 2000 թվականին ԱՄՆ-ում պաշտոնապես վերացված էր համարվում:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ երկրում գրանցվել է կարմրուկի ավելի քան 2318 դեպք, ինչն արդեն գերազանցում է ամբողջ 2025 թվականի ցուցանիշը, թեև մինչև տարեվերջ մնում է ավելի քան հինգ ամիս:

Մասնագետները հիվանդացության շարունակական աճը կապում են առանձին համայնքներում պատվաստումների մակարդակի նվազման հետ: Հիվանդացածների ավելի քան 90%-ը պատվաստված չի եղել, կամ նրանց պատվաստումային կարգավիճակը մնում է անհայտ:

Փորձագետների գնահատականներով՝ վերջին 18 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կարմրուկի ավելի շատ դեպք, քան նախորդ 25 տարիների ընթացքում միասին վերցրած՝ չնայած վարակի էնդեմիկ փոխանցումից ազատ երկրի պաշտոնական կարգավիճակի պահպանմանը:

2025 թվականին սկսված մի քանի բռնկումներ շարունակվում են նաև 2026-ին, միևնույն ժամանակ առաջանում են հիվանդության նոր օջախներ: Ամենախոշորներից մեկը դարձել է Հարավային Կարոլինայի բռնկումը, որտեղ մինչև ապրիլին դրա ավարտը գրանցվել էր կարմրուկի գրեթե 1000 դեպք: Բռնկումները շարունակվում են նաև Վիրջինիայում, Փենսիլվանիայում և Յուտայի ու Արիզոնայի սահմանամերձ շրջաններում:

Մասնագետներն ընդգծում են, որ յուրաքանչյուր բռնկման դեմ պայքարը պահանջում է առողջապահական համակարգի նշանակալի ռեսուրսներ: Էպիդեմիոլոգիական հետաքննությունը, շփվող անձանց որոնումը, բժշկական դիտարկումը և պատվաստման կազմակերպումը հնարավոր է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տևեն՝ ընդամենը մեկ դեպքի հայտնաբերումից հետո:

Այսպես, Սան Ֆրանցիսկոյում վարակիչ հիվանդությունների հետաքննությամբ զբաղվող գրեթե բոլոր մասնագետներին ստիպված են եղել ներգրավվել աշխատանքներում կարմրուկի ընդամենը երկու հաստատված դեպքից հետո, ինչը ցույց է տալիս հանրային առողջապահության ծառայությունների վրա առկա մեծ ծանրաբեռնվածությունը:

Վիրջինիա նահանգում շարունակվում է Բաքինգհեմ շրջանում կենտրոնացած բռնկումը, որտեղ հաստատվել է արդեն ավելի քան 150 դեպք: Տեղական առողջապահական մարմինները կազմակերպել են շարժական բժշկական բրիգադներ՝ բուժառուներին տնային պայմաններում հետազոտելու համար, ընդլայնել են բնակչության հետ տեղեկատվական աշխատանքը և ուժեղացրել պատվաստման ծրագրերը:

Փենսիլվանիայի Լանքասթեր շրջանում գրանցվել է կարմրուկի ավելի քան 100 դեպք: Նահանգի իշխանությունների տվյալներով՝ ոչ մի հիվանդացած չի ստացել կարմրուկի, խոզուկի և կարմրուկախտի (MMR) դեմ պատվաստանյութի երկու երաշխավորված չափաքանակները: Ի պատասխան՝ կազմակերպվել են տասնյակ ժամանակավոր պատվաստման կետեր, որտեղ վերջին ամիսներին կատարվել են հարյուրավոր պատվաստումներ:

Փորձագետները հիշեցնում են, որ բռնկումների առաջացման վտանգը պահպանվում է ցանկացած համայնքում, որտեղ պատվաստման մակարդակը իջնում է 95%-ից ցածր. հենց այս ցուցանիշն է համարվում անհրաժեշտ ամենավարակիչ վիրուսային վարակներից մեկի դեմ խմբային իմունիտետ ձևավորելու համար:

Ըստ մանկաբուժության և հանրային առողջապահության ոլորտի մասնագետների՝ ներկայիս իրավիճակը մեծապես կանխարգելելի է: Նրանք ընդգծում են, որ պատվաստումը մնում է կարմրուկից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը՝ MMR պատվաստանյութի երկու դոզայի ներարկումից հետո ապահովելով մոտ 97% ցմահ պաշտպանվածություն:

Բացի դրանից, գիտնականները նախազգուշացնում են, որ շարունակվող բռնկումները կարող են հարցականի տակ դնել ԱՄՆ-ի՝ որպես կարմրուկի էնդեմիկ փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը: Միջազգային փորձագետները ծրագրում են այդ հարցն այս տարի ավելի ուշ քննարկել: Բժիշկները բոլոր չպատվաստված կամ ոչ ամբողջությամբ պատվաստված մարդկանց կոչ են անում ժամանակին անցնել իմունացում՝ իրենց պաշտպանելու և վարակի հետագա տարածումը նվազեցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll