• Latest news

Բերանի խոռոչի առողջությունը՝ որպես առողջ ապրելակերպի հիմք. ինչպե՞ս են սնունդը, ծխելը և ամենօրյա սովորություններն ազդում մեր առողջության վրա

30 հուլիսի, 2026  17:30

Բերանի խոռոչի առողջությունը միայն գեղեցիկ ժպիտի մասին չէ. այն մարդու ընդհանուր առողջության կարևոր բաղադրիչներից է և սերտորեն կապված է մեր ամենօրյա ապրելակերպի ու սովորությունների հետ։ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Վահե Ազատյանը ներկայացնում է, թե ինչպես են սննդակարգը, ալկոհոլը, ծխելը և բերանի խոռոչի հիգիենան ազդում ատամների ու լնդերի առողջության վրա և ինչ քայլեր կարող են օգնել կանխել առավել տարածված հիվանդությունները։

Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են ամենօրյա ապրելակերպն ու սովորությունները ազդում բերանի խոռոչի առողջության վրա, և ինչո՞ւ է դա կարևոր ողջ օրգանիզմի համար։ 

Ամենօրյա ապրելակերպն ու սովորությունները մեծ ազդեցություն ունեն բերանի խոռոչի առողջության վրա։ Կանոնավոր և ճիշտ ատամների խնամքը, առողջ և հավասարակշռված սննդակարգը, բավարար ջրի օգտագործումը, ինչպես նաև ծխելուց և ալկոհոլից հրաժարվելը նպաստում են ատամների և բերանի խոռորի փափուկ հյուսվածքների առողջության պահպանմանը։ Մյուս կողմից, անբավարար հիգիենան, շաքարով հարուստ սննդի հաճախակի օգտագործումը և վնասակար սովորությունները կարող են հանգեցնել կարիեսի, լնդաբորբի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների։ Բերանի խոռոչի առողջությունը կարևոր է ոչ միայն գեղեցիկ ժպիտի, այլև ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեության համար։ 

Բերանի խոռոչում առկա բորբոքային հիվանդությունները կարող են ազդել սրտանոթային համակարգի, շաքարային դիաբետի ընթացքի, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակի վրա։ Այդ պատճառով անհրաժեշտ է ամեն օր պահպանել բերանի խոռոչի հիգիենան, պարբերաբար այցելել ստոմատոլոգի և վարել առողջ ապրելակերպ։ Այսպիսով բերանի խոռոչի առողջությունը մարդու ընդհանուր առողջության անբաժանելի մասն է, և դրա պահպանումը կարևոր նախապայման է առողջ և որակյալ կյանքի համար։

Ինչպե՞ս են սննդակարգը, շաքարն ու թթվային ըմպելիքները (գազավորված ջուր, սուրճ, հյութեր), ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը վնասում ատամի էմալն ու լնդերը։

Սննդակարգը կարևոր դեր ունի բերանի խոռոչի առողջության պահպանման գործում, քանի որ այն անմիջականորեն ազդում է ատամների էմալի և լնդերի վիճակի վրա։ Հատկապես շաքարով հարուստ մթերքների, թթվային ըմպելիքների և ալկոհոլի հաճախակի օգտագործումը համարվում են ատամների վնասման հիմնական ռիսկի գործոններից։ Շաքար պարունակող սննդամթերքները և ըմպելիքները նպաստում են բերանի խոռոչում բնակվող մանրէների ակտիվացմանը։ Մանրէները շաքարը վերածում են թթուների, որոնք քայքայում են (դեմիներալիզացիա) ատամի էմալի հանքային բաղադրիչները։ Եթե այս գործընթացը հաճախ է կրկնվում և բերանի խոռոչի հիգիենան բավարար չէ, զարգանում ատամի կարիես։

Թթվային ըմպելիքները, ինչպիսիք են գազավորված ըմպելիքները, մրգահյութերը, էներգետիկ ըմպելիքները և նույնիսկ հաճախակի օգտագործվող սուրճը, կարող են իջեցնել բերանի խոռոչի pH-ը և նպաստել էմալի քիմիական քայքայմանը՝ առաջացնելով ատամի կարծր հյուսվածքների էրոզիա։ Ալկոհոլի հաճախակի օգտագործումը նույնպես բացասաբար է անդրադառնում բերանի խոռոչի առողջության վրա։ Այն նվազեցնում է թքարտադրությունը՝ առաջացնելով բերանի չորություն (քսերոստոմիա)։ Քանի որ թուքը բնական պաշտպանիչ գործոն է, որը չեզոքացնում է թթուները, նպաստում է էմալի վերականգնմանը և սահմանափակում մանրէների աճը, դրա քանակի նվազումը մեծացնում է կարիեսի, գինգիվիտների և բերանի խոռոչի վարակների զարգացման վտանգը։ Բացի այդ, ալկոհոլի երկարատև և չափից ավելի օգտագործումը, հատկապես ծխախոտի հետ համատեղ, զգալիորեն բարձրացնում է բերանի խոռոչի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը։

Ի՞նչ վնաս է հասցնում ծխելը բերանի խոռոչին՝ բացի ատամների արտաքին գունափոխությունից, և որքանո՞վ են դրանք վտանգավոր։

Ծխելը բերանի խոռոչի առողջության համար ամենակարևոր կանխարգելելի ռիսկի գործոններից մեկն է։ Ծխախոտի ծուխը պարունակում է հազարավոր թունավոր և քաղցկեղածին նյութեր, որոնք վնասում են լորձաթաղանթը, նվազեցնում տեղային իմունային պաշտպանությունը, խանգարում լնդերի արյունամատակարարումը և դանդաղեցնում հյուսվածքների վերականգնումը։ Արդյունքում մեծանում է գինգիվիտի, պարոդոնտիտի և ատամների կորստի վտանգը։

Ծխելը նաև նվազեցնում է թքարտադրությունը՝ առաջացնելով բերանի չորություն (քսերոստոմիա), ինչը բարձրացնում է կարիեսի, բերանի տհաճ հոտի և սնկային վարակների զարգացման հավանականությունը։ Բացի այդ, այն խոչընդոտում է վերքերի ապաքինմանը, նվազեցնում ստոմատոլոգիական բուժումների և իմպլանտների հաջողության հավանականությունը։

Ամենալուրջ հետևանքներից է բերանի խոռոչի նախաքաղցկեղային փոփոխությունների և քաղցկեղի զարգացման բարձր ռիսկը, որը հատկապես մեծանում է ծխելու և ալկոհոլի համակցված ազդեցության դեպքում։

Ի՞նչ պարզ և հասանելի քայլերով կարող են մարդիկ նվազեցնել այս ռիսկերը և պահպանել բերանի խոռոչի առողջությունն ու հիգիենան։

Բերանի խոռոչի առողջության պահպանման հիմքում ճիշտ և կանոնավոր հիգիենան է։ Խորհուրդ է տրվում ատամները մաքրել օրական առնվազն երկու անգամ՝ ֆտոր պարունակող ատամի մածուկով, օգտագործել ատամնաթել կամ միջատամնային խոզանակներ՝ ատամների միջև կուտակված ատամնափառը հեռացնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հակամանրէային կամ ֆտոր պարունակող բերանի ողողման միջոցներ։

Կարևոր է նաև պահպանել հավասարակշռված սննդակարգ՝ սահմանափակելով շաքարով և թթվային մթերքների ու ըմպելիքների, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը, քանի որ դրանք նպաստում են ատամի էմալի քայքայմանը և կարիեսի զարգացմանը։ Միաժամանակ, բավարար քանակությամբ ջրի օգտագործումը և թքարտադրության բնական խթանումը նպաստում են բերանի խոռոչի ինքնամաքրմանը և բնական պաշտպանական մեխանիզմների պահպանմանը։

Ծատ կարևոր է չծխելը, իսկ եթե ծխում եք, դրանից հրաժարվելը։ Այն դեպքերում երբ ոչ մի կերպ չի ստացվում ամբողջությամբ հրաժարվել ծխախոտից, կարելի է դիտարկել անցումը նիկոտինի փոխարինման թերապիային կամ առանց այրման աշխատող այլընտրանքների։ Այս այլընտրանքները պարունակում են ավելի քիչ վնասկարա նյութեր և հետազոտությունները ցույց են տալիս, որ բերանի խոռոչի որոշ վնասակար ազդեցություններ, մասնավորապես լորձաթաղանթի գրգռումը, պարոդոնտի հյուսվածքների վնասումը և օքսիդատիվ սթրեսը, կարող են լինել ավելի քիչ արտահայտված, քան սովորական ծխախոտի օգտագործման դեպքում։ Սակայն դրանք ամբողջովին անվնաս չեն, և իդեալական տարբերակը ծխախոտից ամբողջությամբ հրաժարվելն է։

Բացի այդ, խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ-երկու անգամ այցելել ստոմատոլոգի՝ կանխարգելիչ զննման և մասնագիտական մաքրման նպատակով, քանի որ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը կարևոր նշանակություն ունեն բերանի խոռոչի առողջության պահպանման գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll