Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ. օգոստոսի 16-ի դրությամբ հիվանդությունը խլել է 2325 մարդու կյանք, վկայում են կառավարական տվյալները։ Այսպիսով, զոհերի թիվը գերազանցել է 2018–2020 թվականների նախորդ խոշորագույն բռնկման ցուցանիշը, երբ 2299 մարդ էր մահացել։
Կոնգոյի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ հաստատված դեպքերի թիվն աճել է, հասնելով 4945-ի, դրանց թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 101 նոր դեպք։
Ներկայիս՝ Էբոլայի 17-րդ բռնկումը երկրում արդեն հուլիսի վերջին դարձել էր Կոնգոյի պատմության մեջ ամենախոշորը՝ գրանցված դեպքերի թվով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով այժմ զոհերի քանակով այն զիջում է միայն 2014–2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակին, որն ընդգրկել էր Գվինեան, Լիբերիան և Սիեռա Լեոնեն և հանգեցրել 28 հազար 616 հիվանդության դեպքի և 11 հազար 310 մահվան։
Հատկապես մտահոգիչ են մահացության աճի արագ տեմպերը։ Արևմտյան Աֆրիկայի բռնկման ժամանակ պաշտոնական հայտարարությունից հետո գրեթե հինգ ամիս անց զոհերի թիվը հասել է 1000-ի։ Կոնգոյում ներկայիս բռնկումը գերազանցել է 2000 մահվան շեմը երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում։
Չկան հաստատված պատվաստանյութեր և դեղամիջոցներ
Ներկայիս բռնկումն առաջացել է Էբոլա վիրուսի Բունդիբուգիո տեսակից, որի դեմ ներկայում հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ գոյություն չունեն։
Բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել է մայիսի 15-ին, և դրանից հետո այն շարունակում է արագորեն տարածվել։ Իրավիճակը բարդացնում են թույլ բժշկական ենթակառուցվածքները, տեղական համայնքների կողմից դիմադրությունը և անկայունությունը, որոնց պատճառով դժվարանում է հիվանդների ժամանակին հայտնաբերումը և նոր դեպքերին արձագանքումը։
Հաստատված բուժառուների շրջանում մահացածների մասնաբաժինը (հայտնի որպես մահացության գործակից) կտրուկ աճել է՝ հունիսի սկզբի մոտ 20%-ից հասնելով 46%-ի, վկայում են կառավարական տվյալները։ Դա նշանակում է, որ այժմ հաստատված ախտորոշմամբ մահանում է գրեթե ամեն երկրորդ վարակված մարդը։
Սակայն փորձագետներն ընդգծում են, որ մահացության աճը պարտադիր չի նշանակում, որ բուն վիրուսն ավելի վտանգավոր է դարձել։ Ավելի շուտ այն մատնանշում է համաճարակաբանական վերահսկողությանը, հիվանդների հայտնաբերմանն ու բժշկական օգնության հասանելիությանն առնչվող շարունակվող խնդիրները։
«Սովորաբար, բռնկման զարգացմանը զուգահեռ մահացության գործակիցը պետք է նվազի, քանի որ բարելավվում է կոնտակտավորների հետագծումը, իսկ բուժառուները հայտնաբերվում և սկսում են բուժում ստանալ ավելի վաղ», - հայտարարել է Թոմաս Փարիշը՝ հանրային առողջապահության մասնագետ, որւն վերջերս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է գործուղել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը։
Սակայն շատ բուժառուներ դեռևս հայտնաբերվում են հիվանդության շատ ուշ փուլերում, երբ բուժումը նվազ հավանականությամբ է արդյունավետ լինում։ Որոշ դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է միայն մարդու մահից հետո՝ իրենց համայնքում։
Ներկայում ուսումնասիրվում են մի քանի փորձարարական պատվաստանյութեր և բուժման մեթոդներ։ Առողջապահության միջազգային կազմակերպությունները նաև գնահատում են՝ արդյոք Էբոլայի դեմ առկա դեղամիջոցները կարո՞ղ են պաշտպանություն ապահովել Բունդիբուգիո վիրուսի դեմ։ Սակայն առայսօր առկա ապացույցները հիմնականում սահմանափակվում են կենդանիների վրա կատարված հետազոտությունների արդյունքներով։
Ավելի վաղ բռնկումը տարածվել էր հարևան Ուգանդայում։ Այնտեղ իշխանություններին հաջողվել է սահմանափակել վարակի տարածումը. գրանցվել էր 20 հաստատված դեպք և երկու մահ։ Անցյալ ամիս Ուգանդան հայտարարել էր բռնկման ավարտի մասին։
Էբոլան փոխանցվում է վարակված մարդկանց (դրանց թվում՝ հիվանդությունից մահացածների) կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Հիվանդությունը կարող է առաջացնել բարձր ջերմություն, փսխում և փորլուծություն, իսկ ծանր դեպքերում՝ ներքին և արտաքին արյունահոսություններ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day