Վիտամին D-ի հավելումների ավելի բարձր օրական ընդունումը կարող է կապված լինել քնի խանգարումներից և թեթև կոգնիտիվ խանգարումներից (MCI) տառապող տարեց մարդկանց ավելի բարձր կոգնիտիվ ցուցանիշների հետ։ Նման եզրահանգման են եկել Էմորիի համալսարանի հետազոտողները։
Հետազոտությանը մասնակցել է 54 մարդ, որոնց մոտ միաժամանակ նկատվել են քնի խանգարումներ և թեթև կոգնիտիվ խանգարումներ․ վիճակ, որը կարող է միջանկյալ փուլ լինել կոգնիտիվ ֆունկցիաների տարիքային նորմալ փոփոխությունների և դեմենցիայի միջև։
Մասնակիցները, որոնք հայտնել են օրական առնվազն 5000 ՄՄ (միջազգային միավոր) վիտամին D ընդունելու մասին, կոգնիտիվ թեստավորման ավելի բարձր արդյունքներ են ցույց տվել՝ համեմատած նրանց հետ, ովքեր այդպիսի չափաբաժնով վիտամին D չեն ընդունել։
Մասնավորապես, Մոնրեալի կոգնիտիվ գնահատման սանդղակով (MoCA), որը լայնորեն օգտագործվում է հիշողությունը և մտածողության ունակությունները ստուգելու համար, նրանց արդյունքներն ավելի քան 13%-ով բարձր են եղել նույնիսկ այլ գործոններ հաշվի առնելուց հետո։
Ընդ որում, վիտամին D-ի ավելի ցածր օրական չափաբաժինները կապված չեն եղել ավելի բարձր կոգնիտիվ ցուցանիշների հետ։
Վաղ փուլը կարող է հատուկ նշանակություն ունենալ
Հետազոտողներն ընդգծում են, որ ստացված արդյունքները կարող են հատկապես կարևոր լինել կոգնիտիվ ֆունկցիաների անկման վաղ փուլերում։ Կոգնիտիվ խանգարումները կարող են նախորդել դեմենցիայի զարգացմանը, սակայն այս շրջանը պոտենցիալ կերպով կարող է «հնարավորությունների պատուհան» դառնալ ուղեղի առողջության պահպանմանն ուղղված միջամտությունների համար։
«Տարեց մարդկանց շրջանում, ովքեր միաժամանակ ունեն քնի խանգարումներ և թեթև կոգնիտիվ խանգարումներ, սա կարող է վճռորոշ նշանակություն ունեցող շրջան լինել միջամտության համար»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Էմորիի համալսարանի Նել Հոջսոն Վուդրաֆի անվան բուժքույրական գործի դպրոցի դոցենտ Վիկտորիա Պակը։
Հետազոտողները նաև սահմանել են, որ կոգնիտիվ ֆունկցիաների ցուցանիշները չեն տարբերվել՝ կախված վիտամին D-ի ձևից՝ D2, թե D3։
Վիտամին D-ն, քունը և ուղեղի առողջությունը
Վիտամին D-ն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար, ինչպես նաև մասնակցում է քնի և ցիրկադային ռիթմերի կարգավորմանը։
Քնի խանգարումները հաճախ են հանդիպում Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, իսկ նախորդ հետազոտությունները մատնանշում են քնի պակասի և կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման միջև հնարավոր երկկողմանի կապը։ Վիտամին D-ի պակասորդը նույնպես կապում են քնի խնդիրների հետ, ներառյալ անքնությունը և գիշերային ավելի հաճախակի արթնացումները։
Էմորիի համալսարանի հետազոտությունը նախնական է, սակայն գիտնականները նշում են, որ սա առաջին աշխատանքն է, որում ուսումնասիրվել է վիտամին D-ի հավելումների ընդունման և կոգնիտիվ ֆունկցիաների կապը հենց այն մարդկանց մոտ, ովքեր միաժամանակ ունեն թեթև կոգնիտիվ խանգարումներ և քնի խնդիրներ։
Արդյունքները հրապարակվել են Sleep Medicine ամսագրում։
Կարևոր է․ հետազոտությունը ցույց է տալիս վիտամին D-ի բարձր չափաբաժինների ընդունման և ավելի բարձր կոգնիտիվ ցուցանիշների միջև կապը, սակայն չի ապացուցում, որ վիտամին D-ն ինքնին բարելավում է հիշողությունը կամ կանխարգելում դեմենցիան։ Աշխատանքը փոքրածավալ է եղել և կրել է դիտողական բնույթ, ուստի արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային կլինիկական հետազոտություններ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day