Իտալացի գիտնականները IRCCS Humanitas հետազոտական հիվանդանոցից և նրանց գործընկերները պարզել են, որ ծնկան հոդի օստեոարթրիտի բուժման հաջողությունը թրոմբոցիտներով հարստացված պլազմայի ներարկումների միջոցով կախված է պացիենտի նախնական իմունային պրոֆիլից: Պարզվել է, որ բորբոքման և օքսիդացիոն սթրեսի (թթվածնի ակտիվ ձևերի և օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանական համակարգի միջև անհավասարակշռության հետևանքով բջիջների վնասում) ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ սեփական պլազմայով թերապիան զգալիորեն ավելի արդյունավետ է գործում: Աշխատանքը հրապարակվել է Frontiers in Immunology ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է օստեոարթրիտի 2-րդ և 3-րդ փուլերն ունեցող 109 պացիենտ: Բոլորին արվել են աուտոլոգիական պլազմայի ներարկումներ․ սա մարդու արյունից ստացված պատրաստուկ է, որը պարունակում է աճառի վերականգնման համար անհրաժեշտ աճի գործոնների բարձր խտություն: Մեկ տարվա դիտարկումներից հետո 60 մարդ նշել է կայուն բարելավում, իսկ 49-ին բուժումը չի օգնել:
Մասնակիցների արյան անալիզը ցույց է տվել, որ թերապիային դրական արձագանքած մարդիկ ունեցել են իմունային բջիջների և բորբոքային մարկերների լիովին այլ կազմ: Մասնավորապես, նրանց մոտ դիտվել է հյուսվածքների վերականգնմանն ընդունակ մոնոցիտների ավելի մեծ քանակ և ավելի քիչ կարգավորող T-բջիջներ, որոնք ընկճում են իմունային պատասխանը: Նաև այս խմբում ավելի ցածր է եղել PTX3 սպիտակուցի մակարդակը, որը մասնագետները նախկինում կապում էին արթրիտի սրման հետ:
«Մեր դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ թերապիային արձագանքած պացիենտներն օժտված են հատուկ ռեպարատիվ (վերականգնողական) էնդոտիպով՝ իմունիտետի բազային վիճակով, որը հակված է վերականգնմանը»,- պարզաբանել է հետազոտության համահեղինակ Կրիստինա Սոբաչին՝ Գենետիկական և բիոբժշկական հետազոտությունների ինստիտուտից:
Օստեոարթրիտը հոդերի ամենատարածված դեգեներատիվ հիվանդությունն է, որն առաջացնում է քրոնիկ ցավ և շարժունակության կորուստ: Ստանդարտ մեթոդները, ինչպիսիք են հակաբորբոքային դեղամիջոցները կամ հիալուրոնաթթվի ներարկումները, տալիս են միայն ժամանակավոր էֆեկտ, իսկ երիտասարդ պացիենտների մոտ էնդոպրոթեզավորումը (հոդի փոխարինումը) կապված է բարդությունների կրկնակի ռիսկի հետ: Պլազմայով թերապիան դիտարկվում է որպես հեռանկարային այլընտրանք վիրահատությունը հետաձգելու համար: Գիտնականները ծրագրում են մշակել կլինիկական թեստ՝ հիմնված արյան երկու մարկերների (IL-6 և GROa) վրա, որը թույլ կտա բժիշկներին նախապես որոշել, թե ում կօգնի նման ներարկումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում