Գետնանուշի կանոնավոր օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի նվազեցման հետ։ Նման եզրահանգման են եկել գիտնականները՝ պարզելով, որ գետնանուշը փոխում է արյան մեջ ճարպերի կազմը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «The American Journal of Clinical Nutrition» (AJCN) ամսագրում։
Հետազոտողները միավորել են երկու գիտական նախագծերի տվյալները։ Առաջինին մասնակցել է 18-ից 33 տարեկան 63 առողջ մարդ։ Վեց ամսվա ընթացքում նրանք ամեն օր օգտագործել են 25 գրամ բոված գետնանուշ, 32 գրամ գետնանուշի մածուկ կամ գետնանուշի յուղի հիմքով ստուգիչ արտադրանք։ Երկրորդ հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են ավելի քան 27 հազար մարդու տվյալներ։
Պարզվել է, որ գետնանուշի օգտագործումը նկատելիորեն փոխում է արյան ճարպային կազմը։ Մասնավորապես, ավելանում է նյութափոխանակության գործընթացներին մասնակցող որոշ երկարաշղթա ճարպաթթուների պարունակությունը։
Հետագա վերլուծությունը ցույց է տվել, որ ճարպերի նման համադրությունը կապված է 2-րդ տիպի դիաբետի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։ Ընդ որում, սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ նմանատիպ կապ հետազոտողները չեն հայտնաբերել։
Կարևոր դեր է խաղացել մարմնի զանգվածի ինդեքսը։ Գիտնականները պարզել են, որ արյան ճարպային կազմի փոփոխությունների և դիաբետի ռիսկի նվազեցման միջև կապը մեծապես պայմանավորված է մարմնի զանգվածով։ Սա կարող է վկայել նյութափոխանակության և ճարպային հյուսվածքի կուտակման հետ կապված գործընթացներում գետնանուշի ճարպերի մասնակցության մասին։
Հեղինակները կարծում են, որ գետնանուշը չհագեցած ճարպաթթուների պարունակության շնորհիվ կարող է դառնալ հավասարակշռված սննդակարգի օգտակար մաս։ Այնուամենայնիվ, հետազոտությունը չի ապացուցում, որ գետնանուշի օգտագործումն ինքնին կանխարգելում է դիաբետը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day