• Latest news

Փոքրիկ Լեոյի մորը ծննդատանը երկընտրանքի առջեւ չէի՞ն կարող կանգնեցնել

10 փետրվարի, 2015  16:30

Դաունի համախտանիշով  երեխա լույս աշխարհ բերած կնոջը Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում չէին կարող երկընտրանքի առջեւ կանգնեցնել՝ պահել երեխային կամ մանկատուն հանձնել: Բացառվում է, որ բուժհաստատության աշխատակիցները նրան մի քանի ժամ տային եւ ստիպեին արագ որոշում կայացնել:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման կարծիք հայտնեց Պերինատոլոգիայի, մանկաբրձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը՝ անդրադառանալով հունվարի 21-ին Դաունի համախտանիշով լույս աշխարհ եկած փոքրիկ Լեոյի պատմությանը:

Նրա խոսքով՝  ցանկացած կին, որն այս կամ այն պատճառով հրաժարվում է իր ծնողական պարտականություններից, սկսում է արդարացումներ փնտրել, երբ դեպքը լայն հնչեղություն է ստանում: Ամենատարածված արդարացումներից է՝  «Ինձ ժամանակ չտվեցին, ինֆորմացիա չունեի»։

Իրականում, սակայն, Արշակ Ջերջերյանի կարծիքով, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներից որեւէ մեկը նրան նման երկընտրանքի առջեւ չէր կարող դնել եւ չէր կարող ստիպել որոշում կայացնել մի քանի ժամվա ընթացքում:

«Ճանաչելով այդ կլինիկան, ես բացառում եմ, որ հարցը նման կերպ է դրվել, եւ որ նրա առջեւ ժամանակի սահմանափակում են դրել», - ասաց Ինստիտուտի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում, Դաունի համախտանիշով։ Մայրը հրաժարվել էր երեխայից, իսկ հայրը՝ նորզելանդացի Սեմ Ֆորեսթը, որոշել էր երեխային տանել Նոր Զելանդիա եւ դրամահավաք էր կազմակերպել: Մի քանի օր անց, սակայն, մայրը պատմել էր, որ շատ քիչ ժամանակ է ունեցել որոշելու՝ պահել երեխային, թե հրաժարվել նրանից, եւ այդ կարճ ժամանակահատվածում նա չի ստացել ոչ բուժաշխատողների, ոչ էլ հարազատների աջակցությունը։

Իսկ ի՞նչ պետք է անեին բուժաշխատողները Դաունի համախտանիշով կամ ցանկացած այլ խնդրով երեխայի լույս աշխարհ գալուց հետո:  Արշակ Ջերջերյանի խոսքով՝ նման դեպքերում բժիշկների պարտականությունն է բացատրել ծնողներին ախտորոշումը, ասել՝ արդյոք  հնարավոր է բուժել երեխային, եւ եթե՝ այո, ուրեմն ինչպե՞ս: Նա  համոզմունք հայտնեց, որ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները հենց այդպես  են վարվել, քանի որ դա նաեւ բուժհիմնարկի եւ դրա աշխատակիցների շահերից է բխում:

Բանախոսը նշեց նաեւ, որ ֆիլմերում եւ սերիալներում շատ են լինում տեսարաններ, երբ հերոսներից  մեկին կանգնեցնում են երկընտրանքի առջեւ, օրինակ՝ ու՞մ կյանքը փրկել՝ կնո՞ջ, թե՞ երեխայի, եւ նա պետք է հապշտապ որոշում կայացնի: Ջերջերյանի խոսքով՝ իրական կյանքում նման իրավիճակներ չեն լինում, եւ երբ բժիշկները կանգնում են նման խնդրի առջեւ, եւ մեկ մարդու կյանք փրկելու հնարավորություն են ունենում, ապա նրանք, առանց կնոջ ամուսնուն կամ ընկերոջը հարցնելու, փրկում են մոր կյանքը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել