• Latest news

Մանկական կուրության կանխարգելման վիրահատությունները Երեւանում հաջող են անցել. Բրիտանացի վիրաբույժ (ֆոտո)

11 նոյեմբերի, 2015  20:32

Անցած տարի երեւանյան Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում 8 վիրահատություն են արել, որոնց նպատակն էր կանխել անհասության ռետինոպաթիայով տառապող երեխաների կուրությունը: Վիրահատությունների արդյունքները ու փոքրիկ հիվանդների վիճակը գնահատելու համար երկօրյա այցով Երեւան է ժամանել Հայկական ակնաբուժության նախագծի միջազգային մենթոր, Մեծ Բրիտանիայի Moorfields Eye Hospital, Great Ormond Street Hospital եւ Royal Free London Hospital հիվանդանոցների ցանցաթաղանթի մանկական վիրաբույժ Չեն Սուի Վոնգը, ով էլ հենց իր անցած այցերի ժամանակ կատարել էր այդ վիրահատությունների մեծ մասը ու ով հայ մասնագետներին սովորեցնում է այդ բուժակարգերի անցկացման տեխնիկան:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Վոնգը պատմել է, որ տեսել ու զննել է իր վիրահատած երեխաներից մի քանիսին. Մեծամասնությունն իրեն լավ է զգում, ու նրանց արդյունքները հուսադրել ու ուրախացրել են մասնագետներին: Հույս կա, որ փոքր հիվանդների մեծ մասը կտեսնի՝ ոմանց տեսողությունը նորմային մոտ կլինի, մյուսները ընդամենը կտարբերեն լույսը՝ դա արդեն պայմանավորված է ցանցաթաղանթի ախտահարվածության աստիճանով ու այն հանգամանքով, թե որքան շուտ է ախտորոշվել խնդիրը: Ամեն դեպքում, այդ վիրահատությունները տեսնելու հնարավորություն է տվել այն երեխաներին, որոնց բուժման բացակայության դեպքում անխուսափելի կուրություն էր սպասում:

Երեւան կատարած այցի ժամանակ բժիշկն իր հայ գործընկերների հետ միասին հետազոտել է նաեւ նոր հիվանդների, որոնց շրջանում կային անհաս ծնված երեխաներ ոչ միայն Հայաստանից այլեւ հարեւան երկրներից: Մասնագետները ընդունել են մոտավորապես 30 երեխա ու կողմնորոշվել նրանց հետագա բուժման հարցում. մեկին ցանցաթաղանթի վիրահատություն է անհրաժեշտ, մյուսին բավական է ընդամենը լազերով կամ էլ հակաանգիոիգենային դեղամիջոցով բուժումը, իսկ ոմանց էլ, ավաղ, ոչ մի բուժում այլեւս չի օգնի փրկել տեսողությունը, եթե անհասների ռետինոպաթիան չափից ուշ է ախտորոշվել, եւ հիվանդությունն արդեն հասցրել է անդառնալիորեն վնասել աչքերը:

Բժիշկ Չեն Սուի Վոնգը նաեւ նշեց, որ Հայաստան կատարած իր այցի կարեւորագույն նպատակներից մեկն է գիտելիքների ու փորձի փոխանցումը տեղի բժիշկներին, որպեսզի նրանք ապագայում կարողանան վիրահատել անհաս երեխաների ցանցաթաղանթը ու փրկել նրանց կուրացումից: Նա նաեւ աչքի անոթների ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիայի սարքի օգտագործման դասընթացներ է տվել. այդ սարքը բոլորովին վերջերս է տեղադրվել Երեւանում ու այն կարող է անգնահատելի օգնություն ցուցաբերել ռետինոպաթիայի ու ցանցաթաղանթի այլ հիվանդությունների ախտորոշման հարցում:

Բոլոր բուժակարգերը անց են կացվել հայ մասնագետների ներկայությամբ ու մասնակցությամբ, ու բժիշկ Վոնգը հույս ունի, որ մոտ ապագայում նրանք կկարողանան ինքնուրույն ախտորոշել ու բուժել անհասների ռետինոպաթիան, հակառակ դեպքում Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում տեղադրված այդ բոլոր սարքավորումներից քիչ օգուտ կլինի: Բարդ դեպքերում հայ բժիշկները միշտ էլ կկարողանան իրական ժամանակի ռեժիմում խորհրդակցել բժիշկ Վոնգի կամ էլ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի հետ, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան ինտերնետի միջոցով հետեւել Երեւանում անցկացվող վիրահատությունների ու բուժակարգերի ընթացքին:

«Եթե 10 տարի հետո ես ստիպված լինեմ նույնքան հաճախ Հայաստան այցելել ու վիրահատություններ կատարել, ուրեմն ես պետք է ընդունեմ, որ որպես մենթոր չեմ կայացել», - նշեց բժիշկ Վոնգը:

Հիշեցնենք, որ անհասության ռետինոպաթիան աչքերի ծանր հիվանդություն է, որը սովորաբար զարգանում է անհաս ծնված երեխաների մոտ ու կարող է տեսողության ամբողջական կորուստի պատճառ դառնալ: Եթե խնդիրը հայտնաբերվում է կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում, կուրությունը հնարավոր է կանխել ժամանակին սկսված բուժման օգնությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել