• Latest news

Տերմինալ փուլում գտնվող քաղցկեղային ուռուցքը փոքրացել է ցողունային բջիջներով նոր բուժումից հետո (ֆոտո)

10 մարտի, 2016  01:49

Բժիշկները տղային ամենաշատը մեկ տարվա կյանք էին տալիս. ավանդական բժշկությունն այլեւս ոչնչով չէր կարող օգնել նրան: Սակայն երիտասարդին օգնության հասավ ցողունային բջիջների միջոցով նոր բուժումը, եւ այսօր նա աշխարհին հպարտությամբ ցույց է տալիս այն պատկերները, որոնց վրա երեւում է, որ իր կրծքավանդակի հսկայական ուռուցքը մի քանի անգամ փոքրացել է: 

2012-ին 24-ամյա Կայ Իսթվուդի մոտ հոջինյան լիմֆոմա ախտորոշեցին` քաղցկեղային հիվանդություն, որը վնասում է ավշային հանգույցները: Սկզբում Կային բուժում էին ավանդական մեթոդներով` քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի օգնությամբ, սակայն պարզվեց, որ բուժումն անարդյունավետ է: Այդ ժամանակ բժիշկները պարզեցին, որ նա շատ հազվագյուտ եւ ագրեսիվ քաղցկեղի մեկ այլ տարատեսակ էլ ուներ` առաջնային մեդիաստինալ ցրված B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմա (ԱՄԲԼ):

2014-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի բժիշկները հասկացան, որ բուժումը ոչ մի արդյունք չի տալիս: Նրանց խոսքով, տղային առավելագույնը մի տարի էր մնացել ապրելու:  

Սակայն Կայն ու իր հարսնացուն` 21-ամյա Շանել Ուրկարտը, չէին պատրաստվում հանձնվել: Նրանք տեղեկություն էին հայտնաբերել այն մասին, որ ամերիկյան կլինիկաներից մեկում բուժման նոր մեթոդի փորձարկումներ են կատարվում եւ ֆանդրեյզինգի միջոցով 30 000 ֆունտ հավաքեցին ԱՄՆ մեկնելու եւ այդ փորձարկումներին մասնակցելու համար: Առաջարկվող բուժումը ենթադրում էր դեղերի նոր համադրության օգտագործում եւ Կայի 28-ամյա քրոջից վերցված ցողունային բջիջների տրանսպլանտացիա: 

Բուժման 9 ամիսներից հետո Կայի ուռուցքն այնքան փոքրացավ, որ բժիշկներն ասում են, թե համարյա վերացել է: Սուրբ ծննդին նրան թույլ տվեցին տուն վերադառնալ` հարազատների մոտ: 

«Երբ առաջին անգամ տեսա ռենտգենային լուսանկարները, չէի կարողանում հավատալ, որ իմ կրծքում նման մեծ ուռուցք կա: Լուսանկարներում այն սեւ էր, շատ հեշտորեն հնարավոր էր տեսնել: Երբ Մեծ Բրիտանիայի բժիշկներն ասացին, որ էլ ոչինչ չեն կարող անել ինձ համար, ես չէի կարող հաշտվել դրա հետ, ցնցված էի, որ քաղցկեղ ունեմ: Չեմ կարող նրանց որեւէ բանի համար մեղադրել. ես գիտեմ, որ նրանք օգտագործել են մեզ մոտ մատչելի բուժման բոլոր մեթոդները, բայց հավանաբար նրանք այնքան վճռականորեն տրամադրված չէին, որքան ես», - պատմել է Կայը:

Իհարկե, ԱՄՆ մեկնելու որոշումը մեծ ռիսկ էր, չէ որ եթե նոր բուժումը արդյունք չտար, նա ստիպված կլիներ կյանքի վերջին օրերն անցկացնել հիվանդանոցում` օտարության մեջ: 

«Ես այնքան էի նյարդայնանում, երբ իմացա ԱՄՆ-ում նոր բուժման հնարավորության մասին: Վախենում էի, որ եթե դա օգուտ չտա, այդքան ժամանակ կկորցնեմ տնից հեռու լինելով: Բայց փառք Աստծու, այն բուժումը, որի ընթացքում ինձ փոխպատվաստեցին քրոջս` Ռեբեկայի բջիջները, շատ արդյունավետ էր: Ես հիացած եմ արդյունքից», - պատմել է Կայը:

Իրականում արդեն 6 ամիս անց կրծքավանդակում ագրեսիվ ուռուցքը 70 տոկոսով փոքրացավ: Կայը Սուրբ ծննդին տուն գնաց` հարազատների մոտ, իսկ նրա վերադարձից հետո բժիշկները հայտնեցին, որ նրան առաջարկված դեղերի համադրությունը կարող է նպաստել ուռուցքի տարածմանը, այդ պատճառով դեղային բուժումը դադարեցրին` հույսը դնելով փոխպատվաստված ցողունային բջիջների վրա: Այդ բջիջները, բարեբախտաբար, արեցին իրենց գործը եւ այնքան փոքրացրին ուռուցքը,  որ բժիշկների համար արդեն բարդ էր չափել այն: 

Այժմ Կային թույլ են տվել տուն վերադառնալ, ճիշտ է` առաջիկա 5 տարիների ընթացքում նա ստիպված կլինի ժամանակ առ ժամանակ ԱՄՆ մեկնել` հետազոտության: 

«Ես այնքան երախտապարտ եմ բոլորին, ովքեր ինձ օգնեցին փող հավաքել եւ ինձ բերեցին այստեղ: Ես հիմա կարող եմ նորից սկսել ապրել» - ասել է Կայը` հավելելով, թե հույս ունի քաղցկեղից ազատ կյանքով ապրել եւ վերջապես վերադառնալ աշխատանքին, որը ստիպված էր թողնել բուժման պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել