18:29 18 ապրիլի, 2014Հայաստանի Առողջապահության նախարարությունը 2013թ. հայտնաբերել է երեք անուն կեղծ դեղ` «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից ներկրված «Դոստինեքս 0,5մգ N8», «Ռոցեֆին 1գ» եւ Սանդոստատին 0,1 մգ/մլ 1մլ ներարկման լուծույթի N5, որոնց ներկրումը ՀՀ կասեցվել է եւ իրականացվել է այդ դեղերի խմբաքանակների հետհավաք: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Կեղծ, ժամկետանց եւ ոչ պիտանի դեղերի շրջանառության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով օրենսդրական հիմքերի ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի լաբորատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով` կեղծ դեղերի հայտնաբերման նոր մեթոդներ կիրառելու համար:
Իրականացվում է Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ դեղերի գների մշտադիտարկման տվյալների պարբերական փոխանակում: 2013թ. ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ դեղերի գները տատանվել են 3-15%-ով` կախված արտարժույթի փոխարժեքի փոփոխությունից: Առաջիկայում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական արդյունավետ գործառույթներ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչությունը: