Պոտենցիայի բարելավման համար ԲԱՀ-ը կարող է վտանգավոր կողմնակի էֆեկտ ունենալ բաղադրության մեջ չնշված նյութերի պարունակության պատճառով

23:24   24 հունիսի, 2020

ԱՄՆ Վիրջինիա նահանգում 12 տղամարդ բախվել է անսպասելի բարդությունների բիոակտիվ հավելումներ ընդունելուց հետո, որ նախատեսված էին պոտենցիայի բարելավման համար. նրանց արյան մեջ շաքարի մակարդակն ընկել է կյանքի համար վտանգավոր նիշի: Այս դեպքերը նկարագրվել են Morbidity and Mortality Weekly Report ամսագրում:

Կողմնակի էֆեկտների զարգացման պատճառն էր ԲԱՀ-ի բաղադրության մեջ չնշված դեղատոմսային դեղամիջոցների առկայությունը:

Նկարագրված դեպքերը տեղի են ունեցել 2019 թվականի օգոստոսից նոյեմբեր: Բոլոր տուժած պացիենտները ԲԱՀ V8 են ընդունել, որից հետո բուժօգնության են դիմել հիպոգլիկեմիային հատուկ ախտանիշներով՝ գլխապտույտ, քրտնոտություն եւ ձեռքերի դող: Անալիզները ցույց են տվել, որ բոլորի մոտ առկա է արյան մեջ գլյուկոզայի վտանգավոր ցածր մակարդակ: Նրանցից ոմանց մոտ գլյուկոզայի մակարդակը նվազել էր մինչեւ 11 մգ/դլ, ինչը առանց ժամանակին ցուցաբերված օգնութան կարող է հանգեցնել ջղակծկումների զարգացման եւ մահվան: Տուժածները հիվանդանոցում են անցկացրել 1-ից մինչեւ 6 օր, սակայն ոմանք դուրս գրվելուց որոշ ժամանակ անց կրկնակի հոսպիտալացվել են:

Պացիենտների ընդունած V8-ով շշերի վրա բաղադրությունը նշված չէր: Քիմիական անալիզը ցույց է տվել, որ դրանք պարունակել են սիլդենաֆիլ (հայտնի է «Վիագրա» կոմերցիոն անվանմամբ) եւ գլիբենկլամիդ (2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման դեղամիջոց, որը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը): Ավելին՝ այդ հաբերի մեջ սիլդենաֆիլի քանակությունը փաստացի հասել է այն չափաքանակին, որը պարունակում է «Վիագրան»: Իսկ ահա գլիբենկլամիդի դեղաչափը 10 անգամ գերազանցել է թերապեւտիկ չափաքանակը:



© NEWS.am Medicine